Հայաստանում ոուսական բուհերում ուսանողների թիվը պետք է մեծացնել. ՌԴ կրթության եւ գիտության նախարար

25-09-2017 15:42

Հայաստանի տարածքում գործող ռուսական կրթական բուհերում եւ կենտրոններում ուսանողների թիվն անհրաժեշտ է մեծացնել: Սեպտեմբերի 25-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ կրթության եւ գիտության նախարար Օլգա Վասիլեւան:  Վասիլեւայի կարծիքով՝ ներկայումս Հայաստանի ռուսական բուհերում սովորող ուսանողների թիվը, թեկուզ տպավորիչ է, սակայն, այդուհանդերձ, գոհացնող չէ: «Հայաստանում գործում են մի քանի գիտակրթական կենտրոններ: Դրանցում ուսանողների ընդհանուր թիվը հասնում է մինչեւ 3,5 հազարի: Մենք պետք է ջանքեր ներդնենք, որպեսզի այնտեղ ուսանողների թիվն ավելանա»,- նշեց ռուսաստանցի նախարարը՝ հավելելով, որ հայ գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ ռուսական բուհերում, սակայն արդեն Ռուսաստանի Դաշնության տարածքում, հայ ուսանողների հետագա սովորելու հարցը: ՌԴ կրթության եւ գիտության նախարարը նաեւ հավելեց, որ Մոսկվան պատրաստ է Երեւանի հետ համագործակցել IT եւ ինժեներատեխնիկական մասնագիտությունների մասնագետների պատրաստման ոլորտում:

news.am
25-09-2017 15:42