Բացահայտվել է աշխատանքի ընդունելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք

25-09-2017 16:58

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է աշխատանքի ընդունելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ: ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսին Երեւան քաղաքի 45-ամյա բնակիչը, ով աշխատում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի Մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությունում (ՓԲԸ), այլ հիմնարկում աշխատանքի ընդունելու համար մի բնակչուհուց կաշառք տալու պատրվակով պահանջել է 500 ԱՄՆ դոլար։ Կինը 45-ամյա տղամարդուն փոխանցել է պահանջված գումարը, ինչը վերջինս հափշտակել է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ  Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում: Հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել խուզարկություններ, առերես հարցաքննություն: Երկու անձ ներգրավվել է որպես կասկածյալ. Երեւանի բնակչուհին կասկածվում է  աշխատանքի ընդունվելու նպատակով  կաշառք տալու փորձ կատարելու, իսկ 45-ամյա տղամարդը՝ կաշառք տալու փորձին օժանդակելու ու խարդախությամբ գումար հափշտակելու մեջ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

news.am
25-09-2017 16:58