Սպահանի թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանը հարձակման է ենթարկվել Հայաստանից վերադառնալիս

25-09-2017 17:36

Սեպտեմբերի 22-ին, երբ Հայաստանից Նոր Ջուղա էին ժամանում Հայաստան-Սփյուռք համահայկական խորհրդաժողովին մասնակցած  Սպահանի Հայոց Թեմի պատվիրակության անդամները, այդ թվում Թեմական Խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանը, վերջինս գիշերվա ժամը 10-ի սահմաններում իր  բնակարանի մուտքի առջեւ հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից: Ազգային Առաջնորդարանի Սպահանի Հայոց Թեմի դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք մահակով եւ սուր զենքով վիրավորել են նրան եւ դիմել փախուստի: Մինչ այդ հանցագործները փորձել են հարձակվել նաեւ Առաջնորդարանի ավտոմեքենայի վրա, որում եղել է Վարուժ Մինասյանը: «Նշենք որ նույն մեքենայում է եղել նաեւ թեմի թեմակալ Առաջնորդ Սիփան Ծ. Վրդ. Քեչեջյանը, այդուհանդերձ հակառակ տարածված լուրերի, Հայր Սուրբը եւ վարորդը հարձակման թիրախ չեն դարձել եւ նրանց ու մեքենային որեւէ վնաս չի պատճառվել: Վարուժ Մինասյանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց եւ կատարվել են առաջին օգնության եւ մյուս բուժումները: Նրա առողջական վիճակն այժմ գոհացուցիչ է եւ այսօր դուրս է գրվել հիվանդանոցից ու տեղափոխվել իր բնակարան: Կատարված հանցագործության կապակցությամբ հարուցվել է դատական գործ եւ դեպքի հանգամանքները պարզելու համար ընթանում է հետաքննություն պատկան մարմինների կողմից, որոնց միջոցով որոշ բացայայտումներ կատարվել են, սակայն քննության ընթացքը չխանգարելու նպատակով առայժմ հրապարակումներ չեն կատարվում: Թեմի թեմակալ առաջնորդը, ժողովականությունը եւ մարմինները դատապարտելով այս եւ նմանօրինակ հանցագործ արարքները, հայտնում են որ անհրաժեշտ է չտրվել որոշ լրատվամիջոցների տարածած սխալ եւ անստույգ տեղեկություններին եւ մեկնաբանություններին, եւ որ հարկավոր է սպասել մինչեւ քննության ընթացքի ավարտը, որպեսզի հնարավոր լինի ճշգրիտ տեղեկություններ փոխանցել հանրությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

news.am
25-09-2017 17:36