«Ոնց որ վատ աշակերտ լինեն». կուրսանտի սպանության գործով նիստը կրկին հետաձգվեց

25-09-2017 19:13

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանորեն սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կրկին հետաձգվեց: Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել գործով ամբաստանյալներից Գնել Թեւոսյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանը: Բացի այդ գործով ամբաստանյալներից Վաչե Սահակյանի համար նոր պաշտպան պետք է ներգրավեր, քանի որ նրա պաշտպան Արմեն Նադիրյանը դադարեցրել է փաստաբանական գործունեությունը եւ, ըստ լուրերի, պետական պաշտոնի է անցնելու: NEWS.am-ի հետ զրույցում  սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը կրկին դժգոհություն հայտնեց նիստերի անընդհատ հետաձգումից՝ նշելով, որ գործն արդեն երկու տարի դատարանում է եւ մինչեւ հիմա դեռ վկաների հարցաննության փուլն է. «Էս գործով պաշտպանները ոնց որ վատ աշակերտ լինեն, որոնք անընդհատ բացակայում են: Նիստերը ինչքան հետաձգում են, այնքան վկաները քիչ են հիշում տեղի ունեցածը» Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:  

news.am
25-09-2017 19:13