Քրդական անկախություն․ տարածաշրջանը՝ մեծ ցնցումների շեմին

26-09-2017 09:23

Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեն կայացավ` չնայած այն հանգամանքին, որ դրա անցկացմանն աշխարհում դեմ էին, ըստ էության, բոլորը: Ինքնին հասկանալի է, որ այս հանրաքվեն ինքնաբերաբար չի հանգեցնելու քրդական պետության ստեղծմանը, առավել ևս` դրա միջազգային ճանաչմանը: Մերձավոր Արևելքում սկսվում է աշխարհաքաղաքական բազմաշերտ մի գործընթաց, որտեղ շահերի բախումը կարող է հանգեցնել ամենատարբեր լուծումների: Գրեթե անկասկած է, որ 5 մլն 200 հազար պոտենցիալ ընտրողների մեծամասնությունը մասնակցել է հանրաքվեին և կողմ է քվեարկել անկախությանն, ինչի վկայությունն է այն տոնական տրամադրությունը, որ երեկ տիրում էր Էրբիլում, Սուլեյմանիայում, Քուրդիստանի մյուս խոշոր քաղաքներում: Սակայն ճիշտ չի լինի պնդել, թե տարածաշրջանի նույնիսկ բոլոր քրդերը ոգևորված են հանրաքվեի հեռանկարով: Օրինակ` հենց Իրաքյան Քուրդիստանում մի շարք գործիչներ, մտավորականներ, գործարարներ ստեղծել են «Ոչ հիմա» նախաձեռնությունը, որը չի խրախուսում Էրբիլի կողմից միակողմանի քայլերի իրականացումը և կոչ է անում խնդիրը լուծել Բաղդադի հետ երկխոսության դաշտում` խուսափելու համար տարածաշրջանային նոր լարվածությունից ու պատերազմից: Տարբեր է նաև տարածաշրջանի երկրների քրդական կազմակերպությունների արձագանքը, օրինակ` հիմնականում Թուրքիայի տարածքում գործող Քրդական բանվորական կուսակցությունում ի սկզբանե ոգևորվսծ չեն Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեով` կարծիք հայտնելով, որ դա անցկացվում է ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիի դիրքերի ամրապնդման նպատակով: Ի դեպ, շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Բարզանիի վարչակազմն անկախության հանրաքվեի արդյունքներն օգտագործելու է` Բաղդադից տարածքային հարցերում զիջումներ կորզելու, բնական պաշարների տնօրինման հարցում ավելի մեծ իրավունքներ ձեռք բերելու հարցում: Դարձյալ զարմացնում է այն էյֆորիան, որ քրդական հսնրաքվեի հետ կապված տիրում է Երևանում: Ոմանք կանխատեսում են Թուրքիայի մոտալուտ կործանումը` ակնարկելով հայերի ու քրդերի հնարավոր դաշինքի, «Մեծ Հայաստանի» երազանքի մասին: Ավելորդ է ասել, որ ռուսական փորձագիտական շրջանակների կողմից ասպարեզ նետված քարոզչական այս թեզն որևէ աչնչություն չունի իրական քաղաքականության հետ, եթե անգամ երեկվա հանրաքվեն համաքրդական կոնսոլիդացիայի և շարժման ազդակ դառնա: Առավել ևս տեղին չենք համարում Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի հետ կապված հայաստանյան ոգևորությունը ղարաբաղյան խնդրի համատեքստում: Քուրդիստանի և նաև Կատալոնիայի հանրաքվեներն աշխարհում սրել են բանավեճերը տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների կողմնակիցների միջև, սակայն հենց այս համատեքստում միջազգային հանրության համար շատ ավելի ընկալելի ու լեգիտիմ են Բաղդադից ու Մադրիդից հնչող դիրքորոշումները, համենայն դեպս` չկան միջազգային կառույցներ ու պետություններ, որոնք հակված են ճանաչել Քուրդիստանի կամ Կատալոնիայի անկախությունները: Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հսնրաքվեից կարող էր շահել միայն մի պարագայում, եթե այդ առիթն օգտագործեր` Թուրքիայի հետ երկխոսություն ծավալելու նպատակով: Սակայն, ըստ ամենայնի, հայկական քաղաքական միտքը նույնիսկ պետականության պարագայում մնացել է պատրանքների մակարդակին` ռացիոնալ և պրագմատիկ լուծումների փոխարեն: Հայաստսնում չկա ռացիռնալ քաղաքականության պահանջարկ անգամ քննարկումների, բանավեճերի մակարդակում:

1in.am
26-09-2017 09:23