Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ստում է ամբողջ աշխարհի առջև. Հարութ Սասունյան

27-09-2017 10:20

Բազմաթիվ ադրբեջանցի մեկնաբաններ և պաշտոնյաներ քննադատեցին Սերժ Սարգսյանի անցյալ շաբաթվա ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, սակայն ես չհանդիպեցի որևէ հայ մեկնաբանի կամ կառավարության ղեկավարների, որոնք դատապարտեին Իլհամ Ալիևի սեպտեմբերի 20-ի սպառնալից ելույթը ՄԱԿ-ում: Ադրբեջանի նախագահի երկար ճառը լի էր կեղծիքներով և խեղաթյուրումներով. եկեք փորձենք հստակություն մտցնել դրանցից մի քանիսում: Ալիևի ելույթի առաջին տողն սկսվում է սովորական չափազանցությամբ և կեղծիքով, հայտարարելով, որ «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ Լեռնային Ղարաբաղը և երկրի յոթ այլ շրջաններ»: Ճշմարտությունն այն է, որ Հայաստանը չի գրավել Ադրբեջանի որևէ տարածք: Լեռնային Ղարաբաղը (Արցախը) երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Այն եղել է հայերով բնակեցված ինքնավար շրջան, որը 1921 թվականին խորհրդային բռնապետ Ստալինի կողմից նվիրաբերվել է Ադրբեջանին: Արցախի հայ բնակչությունը կարողացավ վերջապես ազատագրվել տասնամյակներ տևած ադրբեջանական դաժան բռնազավթումից: Ավելին, ադրբեջանցիների պնդումը, թե Հայաստանը գրավել է Ադրբեջանի 20 տոկոսը, կեղծիք է, քանի որ հայերի ազատագրած շրջանը մոտ 15 տոկոս է, ոչ թե 20: Այնուհետև, Ալիևը հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հնագույն և պատմական մասն է»: Սա կատարյալ անհեթեթություն է, քանի որ Ադրբեջանը որպես պետություն պատմականորեն գոյություն չի ունեցել: Այն ստեղծվել է 1918 թվականին թուրքական բանակի օգնությամբ: Ալիևի հաջորդ մեծ սուտն այն է, որ հայկական ռազմական գործողությունների հետևանքով կան շուրջ մեկ միլիոն ադրբեջանցի «փախստականներ և ներքին տեղահանվածներ»: Նախևառաջ, ոչ թե մեկ միլիոն, այլ մի քանի հարյուր հազար, ինչպես եղել են հարյուր հազարավոր հայ փախստականներ ադրբեջանական կոտորածների և էթնիկ զտումների պատճառով: Իսկ եթե 25 տարի անց ադրբեջանցի փախստականների մեծ մասը դեռևս շարունակում է ապրել կեղտոտ ճամբարներում, ապա դա միայն Ադրբեջանի կառավարության մեղքն է, որը տարեկան միլիարդավոր նավթադոլարներ է վաստակում և այդ միջոցներից չի հատկացնում փախստականներին հարմարավետ բնակարաններում վերաբնակեցնելու համար… Բացի այդ, ինչպես տեսանք եվրոպական վերջին հրապարակումներում, ադրբեջանցի ղեկավարները, հատկապես Ալիևի ընտանիքը և նրա մերձավորները, միլիարդավոր դոլարներ են թալանել պետական նավթային եկամուտներից՝ իրենց շքեղ ապրելակերպի կամ ամբողջ աշխարհի պաշտոնյաներին կաշառելու համար՝ քողարկելու համար իրենց շարունակական մարդու իրավունքների խախտումները: Այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահն առանց ամաչելու բարձր ամբիոնից հայտարարում է, որ իր երկրում առկա է «բացարձակ թափանցիկություն և զրոյական հանուրժողականություն կոռուպցիայի կամ կաշառակերության նկատմամբ»: Այնուհետև, Ալիևը կրկնեց ամենամեծ սուտը՝ Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զորքերի կողմից 600 ադրբեջանցիների այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին: Տարբեր վարկածներ կան, թե ինչ է տեղի ունեցել Խոջալիում հակամարտության ընթացքում, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կողմից իրենց իսկ ազգաբնակչության փախուստի ճանապարհների արգելափակումը, որոնք հետագայում հայտնվեցին թակարդում և դարձան պատերազմի զոհ: Սակայն, նույնիսկ եթե ապացուցված լիներ, որ այդ հակամարտության ընթացքում զոհվել է 600 ադրբեջանցի, որը ցավալի կլիներ, Ադրբեջանն անամոթաբար ժխտում է 1.5 միլիոն հայերի Ցեղասպանությունը Թուրքիայի կողմից սկսած 1915 թվականից, սակայն առանց վարանելու հավերժացնում է այն սուտը, որ 600 ադրբեջանցիների մահը ցեղասպանություն էր… Ալիևը շարունակում է իր ստերի շարանը, պնդելով, որ 2016 թ. ապրիլին Հայաստանն է  հարձակվել Ադրբեջանի վրա: Աշխարհը գիտի, որ հենց Ադրբեջանն է եղել այդ հարձակման նախաձեռնողը: Բացահայտելով իր իսկ սուտը, նա նախազգուշացնում է, որ Ադրբեջանը նորից կհարձակվի… Այնուհետև Ալիևը հպարտանում է, որ 2011 թ. Ադրբեջանը ընտրվել է որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ՝ 155 երկրների կողմ քվեարկությամբ: Ալիևն անուշադրության է մատնում այն փաստը, որ ձայների մեծամասնությունն ապահովված էր ՄԱԿ-ի դեսպաններին շռայլ նվերներ մատուցելու շնորհիվ, որը բացահայտված է 2011 թ. իմ շաբաթական հոդվածում: Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից անամոթաբար հայտարարում է, որ «ժողովրդավարության զարգացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը մեր կառավարության գլխավոր առաջնահերթությունների թվում են: Բոլոր հիմնարար ազատությունները լիովին ապահովված են Ադրբեջանում, այդ թվում՝ խոսքի, մամուլի, հավաքների և կրոնական ազատությունները»: Բոլորը գիտեն, որ Ադրբեջանը բռնատիրական պետություն է կոռումպացված ղեկավարներով և որ նրա բանտերը լեցուն են մարդու իրավունքների ակտիվիստներով ու անկախ լրագրողներով… Այնուհետև Ալիևը հայտարարում է՝ «Ադրբեջանում բոլոր էթնիկ խմբերի և կրոնների ներկայացուցիչները ապրում են խաղաղության և ներդաշնակության մեջ»: Բացի հայերից, որոնք զոհ գնացին էթնիկ զտումներին և Արցախում նոր ադրբեջանական ցեղասպանության հնարավոր զոհերից, երկրում կան շատ այլ փոքրամասնություններ, որոնք պարբերաբար ենթարկվում են խտրականության և հայտնվում բանտերում: Ադրբեջանն անվանել ժողովրդավարական և «աշխարհի ամենահայտնի բազմամշակութային կենտրոններից մեկը»՝ խայտառակ հայտարարություն է… ՄԱԿ-ում Ալիևի ելույթում այնքան շատ են ստերը, խեղաթյուրումները և չափազանցությունները, որ այդ բոլոր կեղծիքները բացահայտելու համար պետք է մի ամբողջ գիրք գրել… Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

1in.am
27-09-2017 10:20