Ազատություն է պետք ոչ միայն Արտուշ Գաբրիելյանին, այլև բոլորիս

27-09-2017 15:39

«Սասնա ծռերի» 14 անդամների գործով պաշտպանները այսօր ակցիա են իրականացրել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Նրանք հատուկ վերնաշապիկներ են հագել, որոնց վրա պատկերված է գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկարը, ինչպես նաև գրված է՝ «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին», «Մի բռնաբարեք օրենքը»։ Սա փաստաբանների հարկադրված պատասխանն է դատարանում պրակտիկա դարձած ապօրինի խուզարկություններին: Փաստաբաններն իրենց իրավունքները ավելի վաղ փորձեցին պաշտպանել գործադուլի միջոցով, այսօր դիմել են ցուցադրական այս ակցիային, թեև բոլորս ենք հասկանում, որ «Սասնա ծռերի» գործով դատական ճգնաժամը հրահրել են հենց իշխանությունները, որոնց համակարգային տրանսֆորմացիայի այս փուլում «ծռության» գործոնն, ըստ ամենայնի, անհրաժեշտ է իշխանության կոնսոլիդացիան ապահովելու համար: Դատավոր Արտուշ Գաբրիելյանին անհրաժեշտ է ազատել ճնշումներից, սակայն խնդիրն ավելի գլոբալ է, որովհետև դատական գործընթացի վրա ազդեցություն են ունենում ոչ միայն իշխանությունների ապօրինի միջամտությունները, այլ նաև այն ագրեսիվ քարոզչական ֆոնը, որ ստեղծում են «ծռերն» ու նրանց փաստաբանները: Այս երկու հանգամանքներն էլ էապես խոչընդոտում են բնականոն դատավարության անցկացմանը: Ի վերջո, քաղաքական համակարգի և հասարակության համար էական են ոչ թե իշխանությունների կամ «ծռերի» «միակ ճշմարտության» երկուստեք անհանդուրժողական պնդումները, այլ միանգամայն օրինական դատավարությունը, որի շնորհիվ հնարավոր կլինի համապարփակ բացահայտել ՊՊԾ գնդում տեղի ունեցած հանցագործությունը՝ դրա մասնակիցներից յուրաքանչյուրի պատասխանատվության չափը բացահայտելու և տարբերակված պատիժներ նշանակելու համար: Երբ «ծռերը» հետևողականորեն պնդում են իրենց անմեղությունը, ակնկալում են, որ դատարանը պետք է օրինականացնի քաղաքական բռնությունը կամ ահաբեկչությունը: Նման բան չի կարող տեղի ունենալ որևէ իրավական երկրում: Միևնույն ժամանակ իշխանության ցանկացած ապօրինություն, որն ի վերջո հանգեցնում է խոտան դատավարության, դուռ է բացում «ծռության» նոր դրսևորման համար: Հայաստանի քաղաքական և արդարադատության համակարգերը դարձել են իշխանության քինախնդրության և «ծռության» ագրեսիվության պատանդը: Գլոբալ իմաստով պետք է ազատություն պահանջել ոչ թե Արտուշ Գաբրիելյանի, այլ Հայաստանի արդարադատության, նույնիսկ քաղաքական համակարգի համար:

1in.am
27-09-2017 15:39