Քանի մասի կբաժանվի «ծռերի» գործը, կամ ինչ է մտածել իշխանությունը

28-09-2017 18:14

«Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործը կիսվել է. Երևանի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակել է որոշում, ըստ որի՝ «Սասնա ծռերի» 18 անդամներից միայն մի մասի դատաքննությունն է ինքն իրականացնելու։ Արդեն լուրեր են պտտվում, որ «ծռերի» երրորդ գործով քննությունն իրականացնելու է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Մեսրոպ Մակյանը, որը 6 ամիս ժամանակով Կենտրոնի դատարանից ուղարկվել է էրեբունու դատարան: Կասկած չկա, որ դատավորի այսօրվա որոշման հիմքում իշխանությունների քաղաքական պատվերն է և կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակ են հետապնդում նրանք: Զուտ իրավական առումով` ի սկզբանե անհեթեթ էր «Սասնա ծռերի» գործը երկու դատավարությամբ վարելը, որովհետև գործ ունենք կատարված նույն հանցագործության հետ, և միասնական դատավարությունը պետք է գնահատեր խմբի յուրաքանչյուր անդամի պատասխանատվության չափը: Մյուս կողմից` «ծռերի» գործով երկու առանձին դատական գործերի անցկացումը գերծանրաբեռնել է ՔԿՀ և ոստիկանության համապատասխան ծառայությունների աշխատանքը, ինչի հետևանքով խաթարվում է մյուս դատավարությունների բնականոն ընթացքը: Նման անհեթեթ իրավիճակը շտկելու փոխարեն իշխանություններն այսօր գնացել են, ըստ էության, արտառոց քայլի` տալով «ծռերի» գործով երրորդ դատավարության ֆորմալ մեկնարկը: Ակնհայտ է, որ իրավական տեսանկյունից գործի քննության որակը տուժելու է, որովհետև ամբաստանյալներին տարբեր գործերի վարույթում տարանջատելն արդարադատության շահերից չի բխում և խոչընդոտ է հանդիսանալու գործի քննությանը: Սակայն իշխանություններին ամենաքիչն այս գործի իրավական որակն է հետաքրքրում. նրանք լուծում են քաղաքական խնդիրներ: Առաջին հերթին իշխանությունները ժամանակ շահելու միջոց են գտել: Ըստ ամենայնի` աղմկոտ այս դատավարություններն այս փուլում որոշակիորեն խառնում են իշխանությունների ծրագրերը, և նրանք իրավական մեխանիզմ են գտել «Սասնա ծռեր-18» դատավարությունն անորոշ ժամկետով հետաձգելու համար: Կասկած չկա, որ ինչ-որ բան կմոգոնվի, ըստ անհրաժեշտության, նաև «Սասնա ծռեր-14»-ի գործը հետաձգելու համար: Մյուս կողմից` նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ տեղի է ունենում «ծռերի» «սորտավորում» արդեն երեք խմբերում, ինչն իշխանություններին թույլ կտա շահերի բախում հրահրել նրանց միջև, մանավանդ որ կարող են պայմանական պատժատեսակի խոստումով «խրախուսվել» խմբի որոշ անդամներ, ովքեր ուղղակի կապ չունեն սպանությունների կամ պատանդառության դեպքերի հետ: Իշխանությունները նաև ակնհայտորեն փորձում են ջլատել «ծռերի» կազմակերպչական ռեսուրսները: «Ծռության» համակիրների փոքրաթիվ բանակն ի վիճակի չէ մի քանի ճակատով «տաք պահել» հեղափոխական մթնոլորտը:

1in.am
28-09-2017 18:14