Կարեն Կարապետյանն աշխատել է ընդդեմ Հայաստանի, հանուն` Սամվել Կարապետյանի

29-09-2017 14:22

Երեկ lragir.am-ին տված հարցազրույցում ուշագրավ միտք է արտահայտել գործարար Սիլվա Համբարձումյանը: «Ներդրումների համար լավ պայմաններ մի քանի հոգու համար են ստեղծում, օրինակ՝ Սամվել Կարապետյանի»,-ասել է նա: Գործարարն, ըստ էության, բարձրաձայնել է այն, ինչի մասին մտածում են շատերը: Ինչքան էլ Կարեն Կարապետյանի շրջապատը զբաղվի թվային մանիպուլյացիայով` ակնհայտ է, որ երկրում ներդրումներ չեն եղել, որովհետև այս տարվա առաջին վեց ամիսներին երկրի տնտեսության մեջ ներդրված ընդամենը  քառասուն միլիոն դոլարը Հայաստանի պատմության ընթացքում արձանագրված խայտառակ ցուցանիշներից մեկն է, ինչին ականատես չենք եղել անգամ Տիգրան Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման տարիներին` չնայած Կարապետյանի նախորդները ներդրումային բում չեն խոստացել: Եթե մի փոքր խմբագրենք Սիլվա Համբարձումյանի խոսքը, ապա գործող վարչապետն անցած մեկ տարում ոչ թե ներդրումային բարենպաստ միջավայր է ստեղծել Սամվել Կարապետյանի համար, այլ վերջինս եղել է այն եզակի մարդկանցից մեկը, ով օգտվել է Կարեն Կարապետյանի վարչապետությունից` իր ձեռքերում կենտրոնացնելով Հայաստանի էներգետիկան: Առանց վարանելու կարող ենք պնդել, որ Կարեն Կարապետյանը հետևողականորեն նպաստել է այս ոլորտի մոնոպոլացմանը` իր տնտեսա-քաղաքական հովանավորի դիրքերը Հայաստանի տնտեսության մեջ ամրապնդելու անթաքույ նպատակով: Գրեթե վստահաբար կարելի է պնդել, որ Կարապետյանները մեկ տարվա ընթացքում փորձել են ստեղծել իրենց ապագա իշխանության տնտեսա-քաղաքական հիմքերը: Ըստ պետբյուջեի նախագծի, գալիք տարի նախատեսվում է ապահովել 4,5 տոկոս տնտեսական աճ: Վարդան Արամյանի խոսքով, թեև այս տարվա պետբյուջեով նախատեսված է 3,2 տոկոս տարեկան տնտեսական աճ, սակայն 2017-ը կփակենք 4.3 տոկոս աճով: Կառավարությունը փորձում է լավ աշխատանքի իմիտացիա ստեղծել, սակայն եթե նույնիսկ տրվենք գայթակղությանը և մտնենք այս ոչինչ չասող թվերի քննարկման հարթություն, ապա կառավարությունը պետք է հրաժարական տա, որովհետև ոչ այս տարի, ոչ էլ առաջիկա տարում` արդեն կանխատեսումների մակարդակում, չի կարողանում ապահովել խորհրդարանի կողմից հաստատված իր ծրագրով նախատեսված 5% տնտեսական աճը: Տիգրան Սարգսյանի կառավարության համար սահմանված էր 7%-ի նշաձողը, որի փլատակների տակ էլ, ըստ էության, հայտնվեց նախկին կառավարությունը` դառնալով Հովիկ Աբրահամյանի կազմակերպած, ըստ էության, քրեա-օլիգարխիկ հեղաշրջման զոհը: 2014-ի կամպանիայի ակտիվ դերակատարներից մեկը` Գագիկ Ծառուկյանը, դարձյալ խաղի մեջ է, նույնիսկ ԱԺ-ում մի քանի մանդատով ավելացրել է իր խմբակցության մանդատների թիվը: Վերջին օրերին Ծառուկյանի կողմնակիցները, նույնիսկ` սպորտի նախարարի մակարդակով, քննադատության հիմնական թիրախ են դարձրել Կարեն Կարապետյանի կառավարությանը, սակայն դա հիմք չի տալիս պնդելու, որ անպայման կրկնվելու է 2014-ի սցենարը, որովհետև հիմա յուրաքանչյուր քայլ ենթակա է 2018-ի տրամաբանությանը, իսկ մենք, համենայն դեպս` հրապարակային քաղաքականության մակարդակում, անտեղյակ ենք Սերժ Սարգսյանի ծրագրերին: Բացի այդ` այսօրվա առանձնահատկությունն այն է, որ սկզբունքորեն բացակայում է փողոցի գործոնը: 2018-ին պետության ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ, իսկ եկամուտները՝ 1 տրիլիոն 307 միլիարդ: Կառավարության ծախսերը գրեթե 157 միլիարդ դրամով գերազանցելու են եկամուտները, և այդ տարբերությունը՝ դեֆիցիտը, ծածկելու համար իշխանությունները վերստին խոշոր պարտք են վերցնելու՝ ավելի քան 300 միլիոն դոլար: Հաջորդ տարվա վերջին արտաքին պարտքի չափը հատելու է 7 միլիարդի սահմանը: Տնտեսագետները կանխատեսում են, որ արդեն 2018-19թթ-ին Հայաստանը չի կարողանալու սպասարկել երկրի արտաքին պարտքը, այլ խոսքով` երկիրը կանգնելու է դեֆոլտի վտանգի առաջ: Նման իրավիճակում տնտեսության աճի 4,5 տոկոսանոց նշաձողը նույնիսկ ոչ թե ստատուս-քվոյի պահպանման, այլ տնտեսության գահավիժման ահազանգ է, մանավանդ, որ հաջորդ տարի նույնպես` անխուսափելի ինֆլյացիայի ֆոնին մարդիկ աղքատանալու են, որովհետև աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում: Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում մեծացել է երկու ցուցանիշ` Սամվել Կարապետյանի ազդեցությունը երկրի տնտեսության մեջ և Հայաստանի արտաքին պարտքը: Հայաստանում իշխանության է ձգտում ռուսաստանահայ օլիգարխիան` տնտեսության փլուզման և դեֆոլտի ուրվականի ֆոնին:

1in.am
29-09-2017 14:22