Happy birthday, Mr. Putin. կալանավորվել է Նավալնին

03-10-2017 18:13

Մոսկվայի Սիմոնովսկի դատարանի դատավոր Խիզիր Մուսաքաևը 20 օրով կալանավորել է Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին զանգվածային ակցիաների անցկացման կարգը կրկին խախտելու համար: Ուշագրավ է, որ այս անգամ Նավալնին կալանավորվել է ոչ թե չարտոնված հանրահավաք անցկացնելու, այլ ընդամենը դրա մասին սոցիալական ցանցերում իրազեկելու համար: Ակնհայտ է, որ դատարանի վճռի մոտիվացիան առնվազն ծիծաղելի է և տվյալ պարագայում իշխանություններին առիթ է պետք եղել Նավալնիին գոնե ժամանակավորապես մեկուսացնելու համար: Բանն այն է, որ չնայած իշխանությունների բազմաթիվ պնդումներին, թե Նավալնին չի կարող մասնակցել նախագահական առաջիկա ընտրություններին` չմարված դատվածության պատճառով, վերջինս սկսել էր իր ընտրական կամպանիան` Ռուսաստանի տարբեր քաղաքներում անցկացնելով հանրահավաքներ, որոնք ամենազանգվածայինն են վերջին մի քանի տարիներին: Հիմնականում հակակոռուպցիոն օրակարգով անցկացվող այդ հանրահավաքները էապես հարվածում են Պուտինի իշխանության հեղինակությանը և Նավալնիի շուրջ կոնսոլիդացնում երիտասարդ, ակտիվ էլեկտորատի, մի բան, որ մինչ այս պահը չէր հաջողվում Ռուսաստանի ոչ մի ընդդիմադիր կուսակցության: Երեկվա դատավճռով իշխանությունները փորձում են կասեցնել այս գործընթացի զարգացումը` թեև Նավալնիի շարժման թափը չկոտրվեց անգամ այս տարվա մարտ, հունիս ամիսներին, երբ ընդդիմության առաջնորդը երկու անգամ ենթարկվեց վարչական կալանքի: Սակայն երեկ Մոսկվայի Սիմոնովսկի դատարանն ունեցել է մեկ այլ, գուցե և գլխավոր շարժառիթ, որը նրան ստիպել է Նավալնիին ոչ թե տուգանել, այլ քսան օրով զրկել ազատությունից: Բանն այն է, որ իշխանությունների համար կենսական խնդիր էր, որպեսզի տապալվի հոկտեմբերի 7-ին Նավալնիի նախաձեռնած մեծ երթը Սանկտ Պետերբուրգում: Բացի այն հանգամանքը, որ Պիտերում ուժեղ են ընդդիմադիր տրամադրություններն և այդ երթը կարող էր բեկումնային լինել Ռուսաստանի քաղաքական կյանքում` Նավալնին Պետերբուրգի ակցիան, թերևս` հատուկ, նշանակել էր Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, ով, որպես կանոն, իր հոբելյանը գերադասում է նշել հայրենի քաղաքում` ընկերների և հարազատների նեղ միջավայրում: Երեկ դատարանն, ըստ էության, նվեր է մատուցել Պուտինին` ծննդյան օրն ապահովելով նրա ցարական կոմֆորտը: Կասկած չկա, որ դատարանի երեկվա վճիռը թելադրվել է հենց Կրեմլի կողմից և բացահայտում է` մի կողմից, Պուտինի քաղաքական նենգությունը, մյուս կողմից` ռուսական արդարադատության թշվառությունը: Աներկբա է նաև, որ երեկվա դատավճռի պատճառով Ռուսաստանը հերթական անգամ խնդիրներ է ունենալու Ստրասբուրգում` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում: Պուտինի այս տարվա ծնունդը շատ թանկ է նստելու ռուսաստանցիների վրա, որոնց վճարած հարկերից պետությունը հարկադրված է լինելու փոխհատուցել Նավալնուն` որպես վնասի փոխհատուցում: Ռուսաստանը բոլոր առումներով սկսել է շատ թանկ վճարել Պուտինը քաղաքական արկածախնդրությունները, անձնական քմահաճույքները հանդուրժելու համար: Միևնույն ժամանակ` Նավալնիի դեմ երեկվա դատավճիռը բացահայտում է, թե ինչքան է Պուտինին վախեցնում ժողովրդական ընդվզման հեռանկարը:Հետևեք eNews.am -ին Facebook-ում

1in.am
03-10-2017 18:13