ԵՏՄ Մաքսային օրենսգրքի պատճառով բենզինը և այլ ապրանքատեսակներ կթանկանան 40 տոկոսով

06-10-2017 13:40

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը:   – Պարոն Արիստակեսյան, Ձեր կարծիքով՝ Հայաստանում տարեկան կտրվածքով տնտեսությունն ու կառավարության վերցրած պարտքերը համարժեք չափո՞վ են աճում: – Տնտեսական աճը բավարար չէ պարտքերի օրեցօր ահագնացող, պետք է ասեմ՝ արդեն երկրաչափական պրոգրեսիայով աճող բեռը բավարարելու համար: Նախ՝ ես չեմ հավատում տնտեսական այդ աճի տոկոսներին, ԱԱԾ-ի ներկայացրած աճը բոլորովին էլ համարժեք չէ ֆիզիկական աճի տեմպերին: Մենք դա գնահատում ենք արժեքային արտահայտությամբ, բայց պետք է գնահատենք նաև ֆիզիկական, բնեղեն արտահայտությամբ: Մինչդեռ նման տեղեկատվություն այսօր հանրությանը հասանելի չէ: Պաշտոնական տեղեկատվությունն այդ մասին լռում է, հետևաբար՝ դժվար է կարծիք հայտնել, թե որքան են համարժեք բնեղեն աճի տեմպերը արժեքային աճի տեմպերին: Իսկ այդ աճի տեմպերը մոտ 15 տարի է, ինչ քաղաքական պատվերով նկարչության արդյունք են, հարմարեցվում են իշխանությունը պահելու նպատակին: – Բայց չէ՞ որ այս տարի յուրաքանչյուր ամիս 5-6 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: – Իսկ եթե իսկապես տնտեսական աճ կա, ինչո՞ւ է արտագաղթը շարունակվում, գործազրկության մակարդակն աճում: Որտե՞ղ է այդ աճը: Եթե տրանսֆերտների աճի հաշվին մեր ժողովուրդը օլիգարխ մենաշնորհատերերի բերած ապրանքն է գնում, ապա դա բոլորովին էլ տնտեսական աճ չէ: Դա ընդամենը առևտրի աճ է: Նոր արժեք չի ստեղծվում, հետևաբար՝ մեր պարտքն աճում է: Միլիարդավոր դոլարների վերցրած վարկերը ծանրացել են մեր և մեր սերունդների ուսերին, յուրաքանչյուրս այսօր մոտ 4000 դոլար պարտք ունենք: Իսկ մեր վերցրած այդ վարկերը, որոնցով պետք է տնտեսություն զարգացնենք, երկրից դուրս են գնացել: Որոշ գնահատականներով՝ 2004-2013թթ. մոտ 9 մլրդ դոլար է դուրս եկել, դա դուրս է եկել վարկերից ու բյուջետային միջոցներից: Նման պարագայում տնտեսական ակտիվության մասին խոսելուց ես կխուսափեմ: – Բայց արդյունաբերության, առևտրի ու ծառայությունների բարձր աճ է գրանցվել: – Դե թող ասեն, թե էլեկտրաէներգիայի սպառումը քանի կվտ/ժամ է ավելացել 2010թ. համեմատ: Ակնհայտորեն պակասել է, բայց արժեքային առումով ցույց են տալիս, որ բարձրացել է: Այդ մանիպուլյացիային ԱՎԾ-ն շատ լավ է տիրապետում: Կարագն ու միսը կտրուկ թանկացել են, բենզինն ու այլ ապրանքներ նույնպես թանկացել են, բայց հաջորդ ամիս ԱՎԾ-ն չնչին գնաճ է ցույց տալու: Հիմա մեր հասարակությունը գնաճային մեծ ճնշում է ապրում: Առաջիկայում առավել ևս՝ ԵՏՄ-ում գործարկվող միասնական Մաքսային օրենսգրքով պայմանավորված, որն ուժի մեջ է մտնելու 2018թ. հունվարի 1-ից, և նոր Հարկային օրենսգրքով: 2018թ. հունվարից 13 տեսակի ապրանքների գները բարձրանալու են: Դրանցից են հատկապես բենզինը, գազը, դիզվառելիքը, որոնք շատ կարևոր են մեր տնտեսության աճի համար, թանկանալու են 40 տոկոսով: Հիշեցնեմ, որ Կարեն Կարապետյանը երբ վարչապետ նշանակվեց, ասաց, որ բենզինը դառնալու է 280 դրամ, բայց այսօր 400 դրամ է: «Գազպրոմի» նախագահ Միլլերը հայտարարեց, թե Հայաստանում թող գազը չգողանան, ես էլ կէժանացնեմ: Նա ասաց, որ ՀՀ սահմանին գազը 150 դոլարով են վաճառում, 150 էլ ներսում է ավելանում: – Բայց չէ՞ որ ներսում գազ վաճառողը կրկին ռուսական «Գազպրոմ» ընկերությունն է: – Այո՛, իրենք իրենցից էժան առնում են, մեզ վրա թանկ ծախում և մեր հաշվին բիզնես են անում: Ինչպես կզարգանա Հայաստանը, եթե ՌԴ-ն պատժամիջոցների տակ է ողջ միջազգային հանրության կողմից: Մեր վիճակը օրհասական է դառնալու, ՌԴ-ն գնալու է ստագնացիայի, ինչի բացասական ազդեցությունը միանգամից ենք զգալու: Եվ նման պարագայում խոսել տնտեսական աճի մասին, պարզապես ծիծաղելի է: Եվս մի կարևոր հարց՝ մինչև հիմա որևէ մեկը պատժվե՞լ է խոստացած ցուցանիշները չկատարելու համար: Միայն Հովիկ Աբրահամյանին պատժեցին, բայց դա ոչ թե բյուջեով նախատեսված աճը չապահովելու, այլ քաղաքական խնդիրների պատճառով: – 2018թ. բյուջեի եկամուտները 100 մլրդ դրամով ավելի են նախատեսված: Մի՞թե դա լավ ցուցանիշ չէ: – Բա 4+/-1,5 տոկոս գնաճ են նախատեսել, գնաճի հաշվին է ապահովվում: Իսկ ես առաջարկում եմ ետ գնալ մինչև 1988թ. և վերհիշել տնտեսական ցուցանիշները: ՀՀ-ն ուներ 3,8 մլն բնակչություն, հսկա տնտեսություն, որը կառավարվում էր պետության կողմից: Այդ պարագայում բյուջեից պետական կառավարման ծախսերը կազմում էին 3,5 տոկոս, այսօր դրանք բյուջեի 15 տոկոսն են: Հասկացեք, թե ինչ է կատարվում: Այս փոքր պետությունն ունի 17 նախարարություն, կառավարությանն առընթեր 8 մարմիններ և մի քանի հատ էլ իբր թե անկախ մարմիններ: Բայց ամբողջ ազգային արդյունքի մեջ պետության մասնաբաժինն ընդամենը 20 տոկոս է, մնացածը մասնավորն է ստեղծում: Բա էլ ինչն եք կառավարում: ՀՀ-ն ողջ աշխարհում գրավում է առաջին տեղը 100 հազար բնակչին հասնող ոստիկանների թվով՝ 2000 ոստիկան: Այդ ցուցանիշով մենք հավասար ենք այնպիսի երկրներին, ինչպիսին են Ռուսաստանն  ու Բելառուսը: – Այդ բոլոր թվարկած խնդիրները նկատի ունենալով՝ կարո՞ղ եք ասել, թե եկող տարի Հայաստանին ինչ է սպասվում: – Պետք է ասեմ, որ վարչապետը հրապարակայնորեն բավականին լավ թեզեր է ասում, բայց արդյունքներն են ցավալիորեն վատ: Շատ լավ է, որ նա կառավարության յուրաքանչյուր նիստին հանձնարարություններ է տալիս, բայց վատ է, որ որևէ հետևողականություն չի ցուցաբերվում, թե այդ հանձնարարությունները կատարվե՞լ են: Եվ չկատարելու համար ոչ ոք չի պատժվում: Չեն ասում՝ եկեք կարգապահությունը բարձրացնենք, գուցե մի բանի հասնենք: Տեսեք, կառավարությունը զարկ տվեց ներդրումային ուղղության զարգացմանը և ի՞նչ արեց: Ստեղծեց մրցունակության ծրագրերի կենտրոն, որտեղ աշխատում են 22 հոգի և գիտե՞ք՝ ինչ աստղաբաշխական աշխատավարձերով: Ես էլ հարց եմ տալիս՝ այդ դեպքում ինչո՞վ է զբաղված Տնտեսական զարգացումների և ներդրումների նախարարությունը: Ի՞նչ են անում մյուս նախարարությունները, որոնք նույնպես պետք է ներդրումային ծրագրեր ներկայացնեն: Միայն Արագածի պեռլիտը, որը մեր ոսկին է, եթե շահագործվի, տեխնոլոգիապես իրար հաջորդող, քիչ էներգատար և քիչ բնապահպանական խնդիրներ հարուցող 14 արտադրություն կարելի էր ստեղծել 60 տեսակի արտադրանք արտադրելու համար: Պետությունը պետք է փոխի իր քաղաքականությունը և պատշաճ կարգապահություն պահանջի՝ բյուջեի մասին օրենքի, զարգացման ծրագրերի վերաբերյալ կատարողականները նախարարներից պահանջելով: Ով չի ապահովի, պետք է պատժվի, և ոչ թե սեփական դիմումի համաձայն ազատվի: Եթե վարչապետը սկսի այդտեղից, ապա գուցե որոշակի զարգացում ունենանք:  Հետևեք eNews.am -ին Facebook-ում

1in.am
06-10-2017 13:40