Նոբելյան Խաղաղության մրցանակն ունի նոր տեր. 2017թ․ հակամիջուկային ուղերձը

06-10-2017 17:15

2017 թվականի Նոբելյան Խաղաղության մրցանակը Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն շնորհել է Միջուկային զենքի արգելման միջազգային արշավին: ICAN հապավումով հայտնի Միջուկային զենքի արգելման միջազգային արշավը (International Campaign to Abolish Nuclear Weapons) միջազգային հանրային դաշինք է: Այն ստեղծվել է 2007 թվականին և գործում է ավելի քան 100 երկրներում: Արշավի թիրախը միջուկային զենքն է: «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ միջուկային զենքի օգտագործման վտանգը հրատապ է առավել, քան երբևէ»,- ասել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի ղեկավար Բերիտ Ռեյս-Անդերսենը: Նոբելյան Խաղաղության մրցանակը միակ անվանակարգն է, որի հաղթողին չի ընտրում Շվեդիայի գիտությունների արքայական ակադեմիան: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն՝ այդ անվանակարգում դափնեկիր ընտրելու իրավունքը վերապահվել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին: Նոբելյան Խաղաղության մրցանակը շնորհելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ամեն տարվա դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: Հատկանշական է, որ տարեցտարի Նոբելյան Խաղաղության մրցանակն ավելի է «քաղաքականացվում»՝ ներդաշնակ դառնալով համաշխարհային քաղաքականության ընթացիկ օրակարգին: Օրինակ՝ այս տարի մրցանակին հավակնում էին 215 գործիչ և 103 հասարակական ու միջազգային կազմակերպություն, սակայն կորեական միջուկային ճգնաժամն, ըստ էության, հիմնական գործոնը դարձավ հաղթողին որոշելու հարցում: Անցած տարի Նոբելյան Խաղաղության մրցանակը բաժին է հասել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսին՝ երկրում հիսուն տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին վերջ տալու նպատակով գործադրած ջանքերի համար: Այս դեպքում էլ ընտրության քաղաքական ենթատեքստն ակնհայտ էր: Կոլումբիայում հասարակությունը միարժեք չէր վերաբերվում Սանթոսի նախաձեռնությանը, և այն միջազգայնորեն լեգիտիմացվելու անհրաժեշտություն ուներ: Նաև հույսեր կային, որ կոլումբական հաշտության մոդելը կարող է նախադեպային դառնալ մյուս ճգնաժամերի հաղթահարման համար:Հետևեք eNews.am -ին Facebook-ում

1in.am
06-10-2017 17:15