«Չիբուխի» հեղափոխությունն ու կառավարության անգործությունը

08-10-2017 11:15

Հայաստանի պետական պարտքն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Հոկտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 6 մլրդ 308 միլիոն դոլար՝ մեկ ամսվա ընթացքում ավելանալով 48.1 մլն, իսկ տարեսկզբի համեմատ՝ 365.9 մլն դոլարով: Կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ պետական պարտքն ավելանալու է` մոտենալով օրենքով ՀՆԱ 60 տոկոսի շեմի արգելքին: Հաջորդ տարվա բյուջեի նախագծով դարձյալ խոսվում է տնտեսական աճի մասին, սակայն դա որևէ աղերս չունի զարգացման հետ: Մյուս տարի ժողովուրդն ավելի աղքատ է դառնալու, որովհետև անշեղորեն բարձրանալու են հատկապես սննդամթերքի գները, իսկ աշխատավարձերի և թոշակների բարձրացում չի նախատեսվում, ավելին` բյուջեում կրճատվել են սոցիալական ծախսերը: Երկրի զարգացման հեռանկարը նույնպես` կասկածի տակ է. կառավարությունը փող չունի և դարձյալ կրճատել է կրթությանը հատկացվող գումարները: Սա ավելին խորքային հետևանքի է հանգեցնելու, քան առաջին հայացքից թվում է: Դպրոցների փակումը, ուսուցիչների կրճատումը, Երևանի «քթի տակ»` Աշտարակում, վթարային դպրոց հանդուրժելը` արդեն ողբերգություն է: Բայց ամենասարսափելին այն է, որ կառավարությունը հանրային գիտակցության մեջ ամրապնդում է այն համոզումը, որ կրթությունը, տաղանդը, ձգտումը պարտադիր չեն հաջողությունների հասնելու համար: Եթե կրթության վրա փող են տնտեսում, ապա աղքատ հասարակությանը պարտադրում են զարգացման այն նվաստացուցիչ մոդելը, որը Հայաստանում սաղմնային վիճակում արդեն գոյություն ունի: Եթե շուստրի ես, պետությանը և հասարակությանը թալանիր` քրեաօլիգարխիայի սերնդափոխությունը երաշխավորված կլինի` չնայած համակարգի այսօրվա տերերի՝ «էլիտար» երեխաները մտադիր են ամուր կողպել իրենց ամրոցի դռները, որպեսզի լյումպենի մտքով չանցնի անգամ ելումուտ ունենալ «ընտրյալ» վայրերում: Դե, խեղճ լյումպենին մնում է հանցագործ դառնալու ճանապարհը, որովհետև տասնամյակներով հաստատված աքսիոմ է` եթե պետությունը խնայում է կրթության վրա, «առատաձեռն» է դառնում բանտերը պահելու հարցում: Կրթության ոլորտում բյուջետային հատկացումների կրճատումը բերելու է հասարակության լյումպենացմանը ու քրեականացմանը: Մեր երեխաների երազանքի «անհաս բարձունքը» դառնալու են Մալաթիայի կամ «Տաշիրի» Սամոները, հասարակության «ստորին» խավերի ներկայացուցիչների երազանքները փշրվելու են հայտնի վայրերում` քրեական միջավայրերում: Նախօրեին առողջապահության նախարարն էր երկար-բարակ խոսում: Ամեն նախադասությունից հետո հասկացվում էր, որ կրճատումներ են լինելու` կադրերի և ֆինանսների: Առհասարակ` մեր ճյուղային նախարարներն իրենց պահում են լրիվ որպես ֆինանսների նախարարներ. փոխանակ խոսեն իրենց ոլորտներում ծառայությունների որակը լավացնելու, համակարգը բարեփոխելու մասին, միայն մտածում են՝ որտեղից, ինչ կրճատեն: Հայտնի տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը մի քանի օր առաջ «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ցավով արձանագրել էր, որ Կարեն Կարապետյանը, այլ անձինք լծվել են այս համակարգի վերարտադրմանը: Ասատրյանը նույնիսկ դասական և մեղմ է արտահայտվել, որովհետև Կարապետյանի արածը «օպտիմալացման հեղափոխություն» է, որի հետևանքով նա 2018-ին գալու է իշխանության` Հայաստանի ինքնիշխանությունն «օպտիմալացնելու» նպատակով: Բյուջեում փող չկա: Կառավարությունը չի կարողանում կենսական ծախսեր անել և որոշել է խնդիրը լուծել գնաճին զարկ տալով` հասարակությանը թալանելով: Ներսում թալանում է, արտաքին աշխարհում` «բոմժի» կարգավիճակով փող մուրում: Կառավարության «բոմժության» ֆոնին երկրում կարող է հասունանալ «Չիբուխի» հեղափոխությունը, որովհետև թշվառացող հասարակության ծխող հատվածի համար էժանագին և անորակ այս սիգարետն էր մնացել մատչելի, սակայն վերջին օրերին այն թանկացել է 80 դրամով` 160 դրամից դառնալով 240: Կարեն Կարապետյանը Հայաստան վերադարձավ լյումպենի հիացմունքի ֆոնին, նույն լյումպենը, որն ամրապնդվել է նրա մեկամյա քաղաքականության հետևանքով, կարող է տապալել նրա դեռ չհաստատված իշխանությունը` թեկուզ այն պատճառով, որ այլևս նույնիսկ «Չիբուխ» ծխել չի կարողանում: Երբ գաղափարներ ու արժեքներ չկան, «Չիբուխը» կարող է հեղափոխության սիմվոլ դառնալ, մանավանդ, որ լյումպենը գործ ունի արտաքին աշխարհում «բոմժի» կարգավիճակով փող մուրող կառավարության հետ:Հետևեք eNews.am -ին Facebook-ում

1in.am
08-10-2017 11:15