Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստին՝ նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին: Հարգելի՛ գործընկերներ, Իհարկե, իրավապահ ոլորտում անելիքները շատ են: Վերջին ամիսներին տարբեր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերը վկայում են դրա մասին: Կասկածից վեր է, որ այս գործերով պետք է իրականացվի մանրակրկիտ, համակողմանի և անաչառ քննություն՝ կատարվածի բոլոր մանրամասները պարզելու, բոլոր հանգամանքները պարզելու, բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար: Ի վերջո, երկրում օրինականության վիճակը որոշվում է ոչ միայն հանցագործությունների քանակով, այլև դրանք իրավասու մարմինների կողմից բացահայտելու կարողությամբ: Հանրությունը պետք է վստահ լինի, որ Հայաստանում անօրինականության և անկարգության ցանկացած դրսևորում արագ բացահայտվելու և օրենքի ողջ ուժով անխուսափելիորեն պատժվելու է: Խոսքս ամփոփելով` նշեմ, որ ընդամենը երեք տարի է անցել այն օրից, երբ ստեղծվեց Քննչական կոմիտեն: Արդեն կարող ենք փաստել, որ ունենք կայացած և հաջողված միասնական քննչական մարմին: Այս մարմինն ի վիճակի է լավագույնս լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները: Ուզում եմ վստահ լինել, որ կառույցի հաջողությունները տեսանելի են լինելու նաև վաղը՝ պետական կառավարման նոր ձևի պայմաններում: Դրա համար անհրաժեշտ է, որ կոմիտեն մշտապես համալրվի որակյալ կադրերով: Ավագ սերնդի քննիչները պետք է աջակցեն երիտասարդների առաջխաղացմանը, իսկ նորեկները պետք է կոփվեն տարիներ շարունակ ձևավորված լավագույն ավանդույթների բովում: Լավ աշխատանքը մշտապես պետք է գնահատվի, բարձր որակավորում ունեցող մասնագետները պետք է խրախուսվեն: Պետությունը պատրաստ է աջակցելու, որպեսզի քննիչների աշխատանքը լինի ավելի որակյալ և արդյունավետ: Կարծում եմ՝ կոմիտեի կարգավիճակին հարիր շենքային պայմաններն ու տեխնիկական հնարավորությունները, որոնք տարեցտարի բարելավվում են, նպաստում են դրան և պարտավորեցնում չբավարարվել եղած ձեռքբերումներով՝ հատկապես, որ 2018 թվականը քննիչների համար նշանավորվելու է սոցիալական կարևորագույն խնդրի լուծմամբ: Մանրամասները Քննչական կոմիտեի նախագահը կասի: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ: Բոլորիդ մաղթում եմ բարի ծառայություն, իսկ ձեր ընտանիքներին` խաղաղություն,սեր և համերաշխություն»,- ասել է Հանրապետության Նախագահը: