Վրաստանի խորհրդարանը շրջանցել է նախագահի վետոն և հաստատել նոր սահմանադրությունը

13-10-2017 18:17

Վրաստանի խորհրդարանն արտահերթ նիստում, չնայած նախագահի վետոյին, որը դրվել էր ընդունված նոր սահմանադրության վրա, կողմ է քվեարկել փաստաթղթին: Interfax-ի փոխանցմամբ՝ քվեարկությանը չեն մասնակցել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: Այս շաբաթ ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վետո էր դրել երկրի ընդունված սահմանադրության վրա և ուղարկել խորհրդարանականներին պատճառաբանված ուղղումներ: Ուղղումները վերաբերվել են ընտրություններում հաղթած կուսակցությունների բոնուս ստանալուն, նախընտրական բլոկների ստեղծմանը, Սահմանադրական դատարանին, դավանանքի ազատությանը, 2020 թվականին խորհրդարանական ընտրությունների անցկացմանը և նախագահի ընտրության ընթացակարգին: Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր սահմանադրությունը, որը վերափոխում է երկիրը խորհրդարանական հանրապետության: Ընդդիմադիր պատգամավորներն անվանում են նոր հիմնական օրենքը «բռնապետական և կլանային», քանի որ այն չեղարկում է նախագահի ուղիղ ընտրությունները, ինչպես նաև քսենոֆոբիական. դա այն պատճառով, որ այն բացառում է միասեռական ամուսնությունների օրինականացման հնարավորությունը:

1in.am
13-10-2017 18:17