Ե՞րբ կնորմալանան հայ-թուրքական հարաբերությունները. Hürriyet, Թուրքիա

15-10-2017 13:00

26 տարի է անցել այն բանից, երբ Խորհրդային միությունը փլուզվեց: Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել բոլոր անկախ հետխորհրդային պետությունների հետ և զարգացրել այդ կապերը: Սակայն Հայաստանի հետ նախկինի պես բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, ցամաքային սահմանը երկու երկրերի միջև շարունակում է փակ մնալ: Հոկտեմբերի 10-ին լրացել է 2009 թվականին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրման 8-րդ տարին: Երկկողմ արձանագրությունները նախատեսում են դիվանագիտական հարաբերությունների հաստատում և բարիդրացիական հարաբերությունների զարգացում: Այդ նպատակներին հասնելու համար երկու երկրների խորհրդարանները պետք է վավերացնեին և օրենքի ուժ տային ցյուրիխյան արձանագրություններին, սակայն նման բան տեղի չունեցավ: Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն ու ԼՂ խնդրի կարգավորումը՝ Հարավային Կովկասի անվտանգության ու կայունության տեսանկյունից երկու կարևորագույն հարցերը, Թուրքիան դիտարկել է որպես գործընթացներ, որոնք պետք է ընթանան միմյանց զուգահեռ՝ երկու կողմերի աջակցությամբ: Եթե ամեն բան այդպես էլ շարունակվեր, ապա այդ հարցերից յուրաքանչյուրով կարելի կլիներ առաջընթացի հասնել: Սակայն երբ Թուրքիան սկսեց պնդել, որ ԼՂ խնդրի կարգավորումը կամ այդ ուղղությամբ առաջընթացը հանդիսանում են նախադրյալ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման համար, դա փոխեց ստեղծված պայմանները: Հայաստանը, որը մինչ այդ պահը կարծել է, որ Թուրքիան իսկապես ցանկանում է հարաբերությունների նորալացում, այդ պայմանների առաջադրումից հետո կորցրել է հավատը Թուրքիայի անկեղծության նկատմամբ: Թուրքիան առաջին անգամ չէ բախվում արտաքին քաղաքականությունում վստահության կորստի: Թուրքիան նախկինում էլ կորցրել է վստահությունն իր դաշնակիցների և տարածաշրջանի հարևանների աչքերում, սակայն նրան չի անհանգստացրել այն փաստը, որ Հայաստանը նույնպես այդ հարևանների շարքն է անցել, իսկ Հարավային Կովկասում իսկապես կարևոր տարածաշրջանային խաղացող դառնալու շանսն ակնթարթորեն անհետացել է: Հայաստանը, հասկացնել տալով, որ չի վավերացնի երկկողմ արձանագրություններն այնքան ժամանակ, քանի դեռ դա չի անի Թուրքիան, կարողացել է մեղադրել Թուրքիային նորմալացման գործընթացի խոչընդոտման մեջ: Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի բացման առիթով Սարգսյանի ելույթը, ըստ ամենայնի, կտանի հայ-թուրքական հարաբերությունները, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում առաջ շարժվել, նոր և էլ ավելի անհույս փուլ: Իր ելույթում Սարգսյանն ասել է. «Թուրքիան սխալվում է, եթե կարծում է, որ կարող է անվերջ պատանդ պահել այդ արձանագրությունները և վավարեցել դրանք, երբ իրեն հարմար լինի»: Նա նաև ընդգծել է, որ այդ փաստաթղթերը կյանքի կոչելու որևէ առաջընթաց չի դիտվում: Այդ պայմաններում 2018 թվականի գարնանից Հայաստանը կճանաչի հայ-թուրքական արձանագրություններն անվավեր, նշել է Սարգսյանը: Քաղաքական իրավիճակը, որում գտնվում է Թուրքիան, հազիվ թե թույլ տա մինչ 2018 թվականի գարուն որևէ առաջընթացի հասնել Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններում: Այդ դեպքում 5 ամիս անց այդ փաստաթղթերը հայկական կողմից «անվավեր» կճանաչվեն: Այդ արձանագրությունները երկու երկրների միջև ստորագրված միակ համատեղ փաստաթուղթն են 1921 թվականին Կարսի պայմանագրի ստորագրման ժամանակներից ի վեր, և կարևոր հիմք՝ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար: Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը սահմանվել էր որպես Թուրքիայի հասարակական ժողովրդավարացման գործընթացի անհրաժեշտություն: Ժողովրդավարացման գործոններից մեկը եղել է այդ իրավիճակի կարգավորումը, որը հանդիսանում է սառը պատերազմի հետք, այլ գործոն է Թուրքիայի տարածքում բնակվող, ծագումով քուրդ քաղաքացների հետ պատմական հանրային համաձայնության հասնելը: Այդ կետերից ոչ մեկն այլևս չկա օրակարգում: Այդ պայմաններում ավելի ու ավելի է ամրապնդվում տեսակետն այն մասին, որ Թուրքիայում ժողովրդավարացումն ինքնին դուրս է մղվել օրակարգից: Միաժամանակ ամրապնդվում է հավատն առ այն, որ այսուհետ նորմալացման համար անհրաժեշտ է սպասել Թուրքիայում ժողովրդավարացման: Հայաստանը սխալ կանի՝ ճանաչելով արձագանագրություններն անվավեր: Դա կտա Թուրքիային հնարավորություն՝ հաստատելու համար, որ Հայաստանը հենց այն կողմն է, որը չեղարկել է արձանագրությունները և նորմալացման գործընթացը: Իսկ Թուրքիան, նույնիսկ եթե կարճաժակետ հեռանկարում նրան հաջողվի այդ կերպ Հայաստանը դարձնել քավության նոխազ, հետագայում, երբ նորմալացման գործընթացը կրկին հայտնվի օրակարգում, կկորցնի այդ փաստաթղթերին վերադառնալու հնարավորությունը: Այդուհանդերձ, նոր բանակցությունների ընթացքում, որոնք այդ դեպքում կսկսվեն «զրոյից», չափազանց դժվար կլինի կրկին հասնել առավելությունների, որոնց ստացվել են շնորհիվ առկա արձանագրությունների: Արտաքին քաղաքական որոշումների ընդունումը կարճաժամկետ, անհեռատես, էմոցիոնալ և ռեակցիոն շարժառիթների ազդեցության ներքո, որպես կանոն, բացասական ազդեցություն է ունենում շահերի վրա միջին և երկարաժամկետ հեռանկարում: Եթե նման դիրքորոշումը պահպանվի, ապա, ինչպես հասկանալի է դառնում, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի մասին արձանագրությունները, որոնք ուր որ է՝ կուղարկվեն աղբարկղ, կլինեն Թուրքիայի ոչ վերջին կորուստը:

1in.am
15-10-2017 13:00