Կարծում եմ՝ Ադրբեջանը, ուշ, թե շուտ, փոխելու է իր դիրքորոշումը. Դավիթ Բաբայան

16-10-2017 17:24

Պաշտոնական Ստեփանակերտը կարևորում է ՀՀ և Ադրբեջանի մակարդակով կազմակերպված հանդիպումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հոկտեմբերի 16-ին  Ժնևում  կայացած հանդիպմանը: «Սա, փաստորեն,  ամենաբարձր մակարդակն է, որը թույլ է տալիս քննարկել ամենաբարդ հարցերը, որոշումներ կայացնել, պահպանել այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում: Ընդհանրապես, ավանդույթի համաձայն՝ երկու խոշոր խումբ հարցեր են քննարկվում այս հանդիպումների ժամանակ. առաջինը՝ ընդհանուր կարգավորմանը  վերաբերող խնդիրներն են՝ խաղաղ կարգավորում, կայունություն և խաղաղության պահպանում, ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի պահպանում, երկրորդն ավելի կոնկրետ խնդիրներն են: Դրանք Վիեննայում և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն են և այստեղ համապատասխան քայլերի իրականացումը: Իհարկե, Բաքուն, ըստ ամենայնի, խոչընդոտում է  այդ գործընթացը, բայց սրանք այն հարցերն են, որոնք պետք  է լինեն օրակարգում»,-ասաց Դավիթ Բաբայանը՝ կարևորելով նաև այն, որ նման հանդիպումներին ներգրավված են գերտերությունները՝ տվյալ դեպքում եռանախագահող երկրները, որոնք  ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից են: «Իհարկե, շատ կցանկանայի, որ ինչ-որ քայլեր  ձեռնարկվեին կոնկրետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ»,-ընդգծեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշման փոփոխմանը, Դավիթ Բաբայանը նշեց, որ  դրա համար շատ ժամանակ է հարկավոր: «Մՙիջազգային հանրության հստակ դիրքորոշում ու քայլեր են անհրաժեշտ, սակայն կարծում եմ՝ ուշ թե շուտ, դա տեղի է ունենալու»,-ընդգծեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը և հավելեց, որ այժմ առաջնահերթ կարևորություն է տրվում տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանը:

1in.am
16-10-2017 17:24