Ղարաբաղյան խնդիրը Երուսաղեմի նման լուծում չունի. Ժիրինովսկի

20-10-2017 08:57

ԼՂ խնդիրն Ադրբեջանը կունենա երկար տարիներ: Այս մասին, ինչպես հայտնում է «Sputnik Ադրբեջանը», հայտարարել է Պետդումայում Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Վլադիմիր ժիրինովսկին՝ ելույթ ունենալով «Ինտեգրացիոն գործընթացները փոփոխվող աշխարհում» թեմայով քննարկմանը: Ժիրինովսկին նշել է, որ վերոնշյալ խնդիրն «անլուծելի» է: «Երբ մենք ասում ենք Ադրբեջան և Հայաստանը, մենք պետք է հասկանանք, որ նրանք ունեն տարածքներ, որտեղ հնարավոր չէ ոչինչ լուծել: Չկա նման լուծում»,-ասել է նա: Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ կարծում են, որ Ղարաբաղն իրենց տարածքն է: «Մենք լավ ենք վերաբերվում Ադրբեջանին, սակայն տեսեք, թե ինչումն է ամենագլխավորը, դա ԽՍՀՄ-ի անօրինական տարրալուծումն է: Դա միասնական երկիր էր՝ Ռուսական կայսրություն: Ապօրինաբար այն փակեցին, ստեղծեցին ԽՍՀՄ: Այնուհետև ապօրինաբար ԽՍՀՄ-ը լուծարեցին: Պետությունը չի կարելի լուծարել, դա անհնար է: Իսկ դա ահա արեցին: Հետևաբար, ամենուր պետք է լինի իրավական միջավայր»,-ասել է պատգամավորը: «Երուսաղեմի խնդիրը կարելի՞ է լուծել: Ոչ: Հրեաները կարծում են, որ դա իրենց քաղաքն է, մայրաքաղաքը, իսկ արաբները կարծում են, որ դա իրենցն է»,-ասել է Ժիրինովսկին: Նշենք, որ Ժիրինովսկու ելույթը համահունչ էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որը նա արել էր Ժնևում Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո: Մասնավորապես Սարգսյանը հայտարարել էր, որ երկու երկրների նախագահների մոտ պայմանավորվածություն չկա ԼՂ հակամարտության կարգավորման հարցով: «Ղարաբաղյան հակամարտությունը երբեք պարզ լուծում չի ունենա»,-հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

1in.am
20-10-2017 08:57