Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան դաշինքը խորանում է. ինչպե՞ս ճեղքել շրջափակումը

20-10-2017 11:49

Հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Վրաստանի և Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբների պետերը: Եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի և անվտանգության հետ կապված հարցեր, այնպես էլ երեք երկրների ռազմական համագործակցության խորացման ու առաջիկայում եռակողմ զորավարժությունների անցկացման հարցերը: Թեև նման ձևաչափով խորհրդակցություններ պարբերաբար են տեղի ունենում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարների միջև, և սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանի երեք հարևանները հանդիպումներ են կազմակերպում՝ քննարկելու եռակողմ համագործակցությունը ռազմական ու անվտանգության ոլորտներում խորացնելու հարցը, և այս իմաստով սա նորություն չէ մեզ համար, այնուամենայնիվ, տարածաշրջանային իրադարձությունների ներկայիս դինամիկայի համատեքստում թուրք-վրաց-ադրբեջանական դաշինքի գնահատման հարցն էլ ավելի մեծ կարևորություն է ստանում Հայաստանի անվտանգության տեսանկյունից: Հետևաբար ի՞նչ նպատակներ է հետապնդում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմավարական գործակցությունն ընդհանրապես, և կարո՞ղ է այն ինչ-որ կերպ ուղղված լինել Հայաստանի դեմ՝ հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի, մեղմ ասած, ոչ այնքան բարիդրացիական վերաբերմունքը Հայաստանին:     Կախվածություն և ոչ թե դաշինք   Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ Վրաստանի անդամակցումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ դաշինքին բավական տարօրինակ ու անբնական է, որովհետև սա այլ քաղաքակրթություն կրող երկիր է, որի հանդեպ նույն Թուրքիան, մասնավորապես Աջարիայում, ունի տարածքային հավակնություններ Վրաստանի նկատմամբ: Ռազմական փորձագետն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ երեք երկրների դաշինքը չունի ամուր հիմքեր, որովհետև Վրաստանը չունի ռազմավարական հարաբերություններ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. դա ավելի շատ կախվածություն է, իսկ կախվածությունը չի կարող ամուր նախադրյալ լինել գործընկերության համար: «Պաշտոնապես հայտարարում են, թե այս ձևաչափն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ նպատակ ունի ապահովելու տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: Իրականում սա այն գաղափարի իրականացումն է, որն առաջարկվել էր 2008 թ. օգոստոսին՝ այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: Էրդողանը (ռուս-վրացական հնգօրյա պատերազմից անմիջապես հետո,- խմբ.) հանդես եկավ «Կայունության և գործակցության կովկասյան պլատֆորմ» ստեղծելու նախաձեռնությամբ: Այդ անվտանգության պլատֆորմը փաստացի նշանակում էր երկու բլոկների ձևավորում: Դրանցից մեկի մեջ Թուրքիայի հետ միասին պիտի մտնեին Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ երկրորդի մեջ՝ Ռուսաստանն ու Հայաստանը: Ահա այսպիսի պլատֆորմ էր առաջարկվել: Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստասնի այս դաշինքի մեջ անբնական է Վրաստանի անդամակցումը, որովհետև սա քրիստոնեական պետություն է, որի հանդեպ տարածքային հավակնություններ ունի Թուրքիան՝ մասնավորապես Աջարիայի նկատմամբ, որտեղ ապրում են մուսուլմաններ, որոնք ևս կարող են անկախություն պահանջել: Ըստ իս՝ սա հակաբնական և տարօրինակ դաշինք է և այն ըստ երևույթին ժամանակավոր բնույթ է կրում: Թուրքիան պաշտպանվում է նրանով, որ ինքը ՆԱՏՕ-ի անդամ է, և ՆԱՏՕ-ն աջակցում է իրեն, բայց իրականում ՆԱՏՕ-ի աջակցությունը շատ խաբուսիկ է, որովհետև Թուրքիային ՆԱՏՕ-ում ոչ ոք չի համարում լիարժեք խաղացող: Հետևաբար նմանատիպ դաշինքը ամուր չէ, որովհետև Վրաստանում ակնհայտորեն վախենում են այն հեռանկարից, որ Թուրքիան կսկսի իր կամքը թելադրել: Այս դաշինքն առաջացել է տարածաշրջանում ստեղծված իրադրության հետևանքով»: Եվսեևի խոսքերով՝ թուրք-վրաց-ադրբեջանական դաշինքի անկայուն լինելու մասին վկայում է այն փաստը, որ երեք երկրները որոշում են կայացրել համատեղ բրիգադա կազմավորելու մասին, բայց փաստացի այն գոյություն չունի. «Համատեղ զորավարժությունները, խոսակցությունները համատեղ բրիգադա կազմավորելու մասին դեռ բավարար չեն դաշինք ստեղծելու համար: Եթե խոսում ենք Վրաստանի մասին, ապա նա ստիպված է գործընկերություն անում Թուրքիայի և Ադրբեջանի հետ»: Հարցին, թե ի՞նչ կարող է Հայաստանը հակադրել այս առանցքին, եթե այն իսկապես կարող է վնասել Հայաստանի անվտանգությանը, փորձագետը պատասխանեց, որ Հայաստանը պետք է շատ հանգիստ արձագանքի այս ամենին և միաժամանակ հետաքրքիր տնտեսական նախագծեր առաջարկի Վրաստանին, շարունակի աշխատանքը Վրաստանի հետ և սպասի, մինչև որ Վրաստանը կհեռանա այս միությունից: Իսկ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունն այս իմաստով հանդիսանում է զսպող գործոն. «Հայ-ռուսական հարաբերությունները պարզ հասկացնում են Թուրքիային, որ ռազմական կոնֆլիկտ Հայաստանի հետ չի կարող լինել, թեկուզ այն պատճառով, որ ստեղծվել է զորքերի միացյալ խմբավորում: Հետևաբար սա Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխիքն է»:     Միակ ելքը Վրաստանի հետ ավելի ակտիվ հարաբերությունների զարգացումն է   Վրացագետ Ալիկ Էրոյանցի մեկնաբանությամբ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայությունը նշված եռակողմ ձևաչափում ուղղակիորեն մղում է այն ենթադրությանը, որ այս երկու երկրների նպատակը նմանատիպ եռակողմ համագործակցության միջոցով Հայաստանին մեկուսացնելն ու տարածաշրջանային գործընթացներից դուրս մղելն է: Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը դեռևս Սաակաշվիլու նախագահության շրջանում ձևավորված այս ձևաչափով ակտիվորեն զարգացնում են եռակողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում, և ամենայն հավանականությամբ, այս միտումը հետագայում էլ կշարունակվի, հետևաբար տվյալ միությունը մշտապես պիտի լինի Հայաստանի ուշադրության կենտրոնում, որպեսզի կարողանանք վերահսկել հնարավոր ռիսկերը, որովհետև եթե Թուրքիան ու Ադրբեջանը չափից ավելի մեծ ազդեցության հասնեն Վրաստանի նկատմամբ եռակողմ համագործակցության համատեքստում, դա կարող է հետագայում խնդիրներ ստեղծել հայ-վրացական հարաբերությունների համար: «Վրաստանի մասով ամեն ինչ ակնհայտ է, քանի որ Վրաստանը լուրջ մակարդակի համագործակցություն է հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ և շատ լուրջ կախվածության մեջ է այս երկու երկրներից: Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, Ադրբեջանը բավական խոշոր ներդրող է Վրաստանում, այնպես որ բոլոր այս գործոնները, չասենք՝ ստիպում են Վրաստանին, այնուամենայնիվ իրավիճակն այնպիսին է, որ Վրաստանը բաց ձևաչափով համագործակցում է այս երկրների հետ, և արդեն տեսնում ենք, որ, կարծես, կայացել է համագործակցությունը նաև ռազմական ոլորտում, ինչը, իհարկե, ընդհանուր առմամբ մեծ ուշադրության արժանի հանգամանք է մեզ համար: Եթե խոսենք ռիսկերի մասին, ապա չեմ կարծում, որ սա կարող է լուրջ վտանգներ ստեղծել մեզ համար, այդուհանդերձ ցանկացած համագործակցություն, որին մասնակցում են Թուրքիան և Ադրբեջանը, առավել ևս եռակողմ ձևաչափով՝ արդեն Վրաստանի մասնակցությամբ, մեզ համար մտահոգիչ պետք է լինի որոշակի հարթության մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Ալիկ Էրոյանցը: Մյուս կողմից, սակայն, փորձագետը շեշտում է, որ պաշտոնական Թբիլիսին Հայաստանի հետ ևս բավական բարձր մակարդակի հարաբերություններ ունի, և բավական ակտիվորեն զարգանում են հայ-վրացական հարաբերությունները, թեև, իհարկե, երբեմն առաջանում են նաև խնդիրներ. «Այս հարաբերությունների մակարդակը հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ Թբիլիսին դժվար թե գնա այնպիսի քայլերի, որոնք կարող են թեկուզ որոշ չափով առաջացնել Հայաստանի վրդովմունքը»: Հարցին, թե ամեն դեպքում ի՞նչ կարող է հակադրել Հայաստանը թուրք-վրաց-ադրբեջանական առանցքին կամ Վրաստանում թուրքական ու ադրբեջանական ազդեցությանը, վրացագետ Ա. Էրոյանցը պատասխանեց. «Միայն մեկ բան՝ շատ ավելի ակտիվ, առողջ և աշխույժ հարաբերությունների զարգացում Վրաստանի հետ, քանի որ Վրաստանն այսօր վարում է բավական բաց և հավասարակշռմանն ուղղված քաղաքականություն՝ հատկապես հարևանների հետ, և չեմ կարծում, որ իրենք խոչընդոտներ ստեղծեն այդ ուղղությամբ: Ընդհակառակը, վրացական կողմը ևս պատրաստակամ է, այնպես որ երկկողմ հարաբերությունների զարգացումը կարող է բերել նրան, որ նույն Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցությունը Վրաստանի նկատմամբ ինչ-որ չափով թուլանա»:   Ի վերջո կբերի Հայաստանի լիակատար շրջափակմանը   Վրաստանի հարցերի փորձագետ, պատմաբան Վահե Սարգսյանը թեմայի ընդհանուր համատեքստում կարևորեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի գործարկումը, որը խիստ խորհրդանշականորեն նախատեսվում է իրականացնել Մուդրոսի զինադադարի կնքման օրը՝ հոկտեմբերի 30-ին: Մասնագետն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ այդ ամսաթիվն ամենևին էլ պատահական չի ընտրվել: Մեր զրուցակցի խոսքերով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին «մինչև ուղնուծուծը» հակահայկական ծրագիր է, և սին են այն հույսերը, թե Հայաստանը կարող է միանալ մի ծրագրի, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է Հայաստանի հանդեպ թշնամական քաղաքականություն իրականացնող Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից: «Վրաստանի նախկին նախագահ Մ. Սաակաշվիլու կողմից երկաթուղու շինարարության մեկնարկի օրը` 2007 թ., երկաթուղային Մարաբդա կայարանում Ա. Գյուլի և Ի. Ալիևի ներկայությամբ «դարի նախագիծ» անվանված Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի հանդիսավոր բացումը նշանակելով Մուդրոսի զինադադարի օրը` հոկտեմբերի 30-ը, թուրքական կողմն աշխարհին ցանկանում է ցույց տալ, որ, չնայած ինքը շուրջ մեկ դար առաջ` 1918 թ. այդ նույն օրն ինքը կապիտուլացվեց Առաջին աշխարհամարտում և պարտավորվեց իր զորքերը հետ քաշել Այսրկովկասից, այդուհանդերձ, օրակարգում մշտապես պահել է Հայաստանի և Վրաստանի նվաճման հարցը: Ճիշտ է, մեկ դար անց հնարավոր է՝ փոփոխված լինեն նվաճման ձևերը, այդուհանդերձ, նպատակը նույնն է: Թուրքիան դրանով ցույց է տալիս, որ ինքը ոչ միայն չի համակերպվել մեկ դար առաջ կրած իր պարտության հետ, այլ ընդհակառակը` կրկին հանդիսանում է Այսրկովկասի խոշոր խաղացողը: Կարծում եմ՝ կասկած չկա, որ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղին, տնտեսական խոշոր նշանակությունից զատ, ունի նաև ռազմավարական և քաղաքական խոշոր նշանակություն: Թուրքիան և Ադրբեջանը, փաստորեն, օգտագործելով Վրաստանի տարածքը, առայժմ միայն տնտեսապես, ինչպես նաև ամուր ցամաքային կապով կապվեցին միմյանց հետ: Ինչո՞ւ առայժմ միայն տնտեսական. հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկաթուղու` հայաբնակ Ջավախքով անցնող հատվածում, Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղու հարևանությամբ կառուցվել է խոշոր ավան` կայարանի, սպասարկման, առևտրի և այլ գործառույթների համար նախատեսված բազմաֆունկցիոնալ համալիրների տեսքով, ապա պարզորոշ կդառնա, որ երկաթուղին իր հետ Ջավախք է բերելու նաև թուրք-ադրբեջանական մարդուժի խոշոր խմբաքանակ: Այս իրողությունն առավել կարագացնի արդեն օրավուր թուրքացվող Ջավախքի ժողովրդագրական պատկերի փոփոխումը: Բոլորին է հայտնի թուրք-ադրբեջանցիների բազմացման տեմպերը: Պատահական չի ասված` «որտեղ թուրք կամ ադրբեջանցի, այնտեղ Թուրքիա և Ադրբեջան»: Այդպե՛ս նրանք ժամանակին յուրացրին Արցախն ու Նախիջևանը, հյուսիսային Կիպրոսն ու այլ տարածքներ: Երկաթուղու բացումը մի նոտա է՝ ուղղված նաև Հայաստանին, որ տեսեք, մեզ չհաջողվեց ցամաքային կապով իրար միանալ Մեղրու միջանցքով, մենք դա իրագործեցինք Վրաստանի հարավի միջոցով՝ հայաբնակ Ջավախքով: Նրանք դրան հասան բավականին դյուրին կերպով, քանի որ Ստամբուլից մինչ Բաքու ընկած թուրանական-մուսուլմանական գիծն ընդհատվում էր հայաբնակ Ջավախքի Նինոծմինդայի` ընդամենը 30 կմ-ոց փոքրիկ սեպով, որն էլ նրանք արդեն գրավել են վերոնշյալ ձևով: Ինչու 30 կմ, քանի որ Նինոծմինդային հարևան և դեպի Ադրբեջան ձգվող Դմանիսի, Բոլնիսի, Մառնեուլի և Գարդաբանի շրջանները գերազանցապես ադրբեջանաբնակ են: Չմոռանանք նաև, որ այս շրջանները թյուրքացան ընդամենը 70 տարում` 20-րդ դարասկզբին 2-3 տասնյակ հազարից դարավերջին հասնելով շուրջ 400.000-ի: Այսպիսով, Վրաստանի հարավային հայաբնակ Ջավախքի արագ տեմպերով մուսուլմանականացման շնորհիվ ՀՀ-ն կանգնած է իր միակ քրիստոնյա սահմանակցի կորստյան փաստի առջև: Այսինքն` բոլոր գործընթացները գլոբալ առումով տանում են դեպի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Վրաստանի ողջ հարավի տնտեսական, ժողովրդագրական և, ի վերջո, ռազմաքաղաքական իմաստներով կլանմանը, որն էլ ի վերջո բերելու է ՀՀ-ի լիակատար շրջափակմանը»,- նշեց Վահե Սարգսյանը:

1in.am
20-10-2017 11:49