Արայիկ Հարությունյանը Մարտակերտում և Մարտունիում աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել

20-10-2017 20:15

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 19-ին և 20-ին, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում,նշված շրջանների համայնքների ղեկավարների, գյուղատնտեսության պատասխանատուների և խոշոր հողագործների մասնակցությամբ,անցկացրել է աշխատանքային խորհրդակցություններ՝ գյուղատնտեսականաշխատանքների և տեղական ինքնակառավարման բնագավառի բարեփոխումների շուրջ: Խորհրդակցությունների ընթացքում պետնախարարին զեկուցվել են գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքների, առկա խնդիրների ու անցնող տարում գրանցված ցուցանիշների մասին: Ա. Հարությունյանը բավարար է գնահատել ներկայացված արդյունքները և մանրամասն անդրադարձել ոլորտում իրականացվելիք ծրագրերին, որոնք ամրագրված կլինեն գյուղատնտեսության զարգացման հայեցակարգում: «Գալիք տարվա ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձնելու ոռոգովի տարածքների ծավալների մեծացմանը: Այդ նպատակով զգալի ֆինանսական միջոցներ են նախատեսվում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր և բարեգործական աղբյուրներից: Զուգահեռ դրան, այս ուղղությամբ առաջնահերթությունը տալու ենք կաթիլային եղանակով ոռոգմանը, որի համար պետական աջակցություն ենք տրամադրելու այգեգործներին՝ և՛ դրամաշնորհի, և՛ փոխառության տեսքով»,- ասել է պետնախարարը: Ա. Հարությունյանը անդրադարձել է նաև անասնապահության փակ պահվածքի, ցանքաշրջանառության և գյուղամերձ տարածքների մշակման հետ կապված մի շարք խնդիրների: Նա կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ դերակատարությունը դրանց լուծման հարցում: Խոսելով ներշրջանային ճանապարհների բարեկարգման և վերահսկողության մասին՝ պետնախարարը նշել է, որ շուտով շրջանների վարչակազմերին համապատասխան տեխնիկական հնարավորություններ են տրվելու, որպեսզի տեղական իշխանությունների միջոցով առկա խնդիրները ժամանակին և արդյունավետ լուծում ստանան: Խորհրդակցություններից հետո, Ա. Հարությունյանը այցելել է Մարտակերտի չրերի գործարան, իսկ Մարտունիում՝ ծխախոտի չորանոց՝ դրանց ընթացիկ աշխատանքներին և արտադրական պայմաններին ծանոթանալու նպատակով: Պետնախարարն ընդգծել է պետական աջակցությամբ ստեղծված ձեռնարկությունների կարևորությունը՝ տեղերում, ընդհանուր առմամբ, շուրջ 100 մշտական ու սեզոնային աշխատատեղ ապահովելու գործում:

1in.am
20-10-2017 20:15