Այդ համագումարները շատ մեծ նշանակություն ունեն ԵՄ-ում հայկական տեսակետները ներկայացնելու առումով

22-10-2017 10:00

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պրահայում լույս տեսնող հայալեզու «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը: –Պարոն Ասատրյան, Եվրոպայի հայկական չորրորդ համագումարն է կայացել է Բրյուսելում: Արդյո՞ք մասնակցել եք: Տեսակետ կա, որ այն ավելի շատ դաշնակցական ժողով է հիշեցնում: Որքանո՞վ են եվրոպահայերն այնտեղ ներկայացված: -Իհարկե, կային Հայ դատի կառույցների ներկայացուցիչներ, բայց նաև կային տարբեր համայնքներից մարդիկ, որոնք անկուսակցական էին, Բելգիայի ՀԲԸՄ-ից կային, տարբեր միությունների ներկայացուցիչներ, Փարիզի «Նոր Հառաջ» թերթի խմբագիրը, որը ևս կուսակցական չէ: Չեմ կարող ասել, որ բոլոր համայնքներից նույն ձևով կային, որովհետև ես ցանկը չեմ տեսել, բայց մոտ 100-150 մարդ կար և կային մարդիկ, ովքեր տարբեր համայնքներից եկել էին, որոնք ավանդույթի համաձայն՝ մասնակցում են: Այնպես չէ, որ ՀՅԴ Հայ դատի ներկայացուցիչներն էին: Իհարկե, գերակշռող մասն իրենք էին, բայց կային նաև անկախ ներկայացուցիչներ: Հայտարարությունը մի քանի ամիս բաց հրապարակված էր, և ով ցանկություն ուներ, կարող էր գրանցվել և գալ մասնակցել, որևէ սահմանափակում չի եղել: Այդ իմաստով, թուրքերն ու ադրբեջանցիները կարող էին գալ և Եվրախորհրդարանի այդ նիստին մասնակցել: Այսինքն՝ բաց է եղել, զուտ կուսակցական ժողով չէր: Հայ դատի Եվրոպայի հանձնախումբն էր, այդ իմաստով կարող է, իհարկե, տպավորություն թողնի, որ միայն դաշնակցականներն էին եկել, բայց այդպես չէր: Բացի այդ, բանախոսների մեծ մասը ևս դաշնակցականներ չէին, մասնագետներ էին, որոնք ՀՅԴ-ի հետ կապ չունեին: Իհարկե, կային նաև ՀՅԴ ներկայացուցիչներ, որ զեկուցումներ կարդացին, բայց իրենք կանչել էին այս կամ այն ոլորտի մասնագետների: -Իսկ Դուք ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում նման համագումարների անցկացումը: Փաստորեն, սա թվով 4-րդն էր: Արդյո՞ք այն կարող է կապող օղակ լինել: -Ես մասնակցել եմ որպես անկախ լրագրող, խմբագիր բոլոր 4 համագումարներին և պետք է ասեմ, որ այդ համագումարները շատ մեծ նշանակություն ունեն ԵՄ-ում հայկական տեսակետները ներկայացնելու առումով, Արցախի խնդիրը շոշափելու առումով: Ե՛վ Արցախից է բարձր մակարդակի մասնակցություն եղել, և՛ Հայաստանի ԱԳ նախարարներն են մասնակցել, և՛ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, և՛ Ամենայն Հայոց կաթողիկոսությունից հոգևորականներ միշտ մասնակցել են: Ուզում եմ ասել, որ սա Եվրոպայի մակարդակով մի ժողով է, որտեղ քննության են առնվում այդ պահին եվրոպահայությանը հուզող կարևոր հարցեր: Ե՛վ հայապահպանությունը, և՛ լեզվի վիճակը, համայնքի կառույցների վիճակը, և՛ Հայ դատին, և՛ Արցախին օգնելու խնդիրները: Այս տարիների ընթացքում բավականին տարբերությունը զգացվում է, որ, օրինակ, Արցախի հարցում բավականին ավելացել են շփումները, եվրոպացիների մոտ Արցախը ներկայացնելու միջոցները և շատ լավ է, որ, ասենք, այդ կառույցները՝ թե՛ Հայ դատի հանձնախումբը, թե՛ ՀԲԸՄ-ի Եվրոպայի գրասենյակը, թե՛ Եվրոպայի հայ ընկերների խումբը, որտեղ հիմնականում արտասահմանցիներ են և շատ լավ համագործակցում են ՀՀ դեսպանության հետ, և այդ ամենը, համատեղ ջանքերը արդյունք տալիս են: Մենք այս վերջին զեկուցումներում տեսանք, թե ինչքան պատգամավորներ, լրագրողներ են գնում Արցախ: Այդ իմաստով կատարված արդյունքը երևում է: Իսկ եվրոպահայության առումով կարևոր է, որ շփումները շարունակվում են, տարբեր երկրների համայնքների միջև կապ է հաստատվում, փորձառության փոխանակում, ճանաչողություն, ու երբ մարդիկ իրար ճանաչում են, շատ ավելի հեշտ է կապվել, մտքեր փոխանակել, տարբեր հարցերում օգնել իրար: Այդ իմաստով այս ժողովներն ավելի գործնական են, քննարկումներն են ավելի հետաքրքիր, ավելի բոռն և սուր հարցադրումներ են դնում և շատ կարևոր է, որ սահմանված շրջանակների մեջ չես սահմանափակվում: Սա պետական միջոցառում չի, որ իշխանավորների կողմից ճնշումներ լինեն: Բավականին ազատ, մարդիկ իրենց մտքերն արտահայտում են, պատասխանները ստանում են: Կարևոր է այն, որ միջազգային փորձագետներ են մասնակցում այս քննարկումներին: Նաև հետաքրքիր է կողքից լսել նրանց տեսակետը, որոնք դրսից են, բայց Արցախի հետ համագործակցություն են ծավալում: Ամենակարևոր բաներից մեկն այն էր, որ ֆլամանդացիների և արցախցիների միջև Բակո Սահակյանի ներկայությամբ բարեկամության խումբ ստեղծվեց, ինչը շատ կարևոր է: Ճիշտ է, դա խորհրդարանական խումբ չէ, ոչ պաշտոնական, պատգամավորների կողմից ստեղծված խումբ է, քանի որ Արցախը չճանաչված պետություն է, բայց ամեն դեպքում, դա առաջին քայլերից մեկն է, որ տանում է դեպի Արցախի ճանաչում:

1in.am
22-10-2017 10:00