Ղրղզըստանը նախագահի հրամանագրով կնշի Ռուսական կայսրության դեմ ապստամբության օրը

26-10-2017 22:39

Ղրղզըստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հրամանագիր է ստորագրել «Պատմության և նախնիների հիշատակի օրեր սահմանելու մասին», որի համաձայն՝ նոյեմբերի 7-ին և 8-ին երկրում կնշեն 1916 թ. Ռուսական կայսրության դեմ ապստամբության օրը: Հրամանագրում, որը հրապարակված է երկրի ղեկավարի կայքում, նշված է, որ «1916 թ. ազգային ազատագրական ապստամբությունից հետո Հոկտեմբերյան հեղափոխությունը ղրղըզ ժողովրդի համար նախադրյալներ է ստեղծել սեփական պետականության վերականգնման համար»: «Ժողովրդի ազատության ձգտումը 1916 թ. իրադարձությունների հիմնական շարժիչ ուժն է եղել: Ցարական դահիճների կողմից ապստամբության դաժան ճնշումը, խաղաղ բնակիչների հանդեպ արյունոտ հաշվեհարդարի և օտարության մեջ նրանց հարկադիր փախուստի մեծաթիվ դեպքերը Ղրղզըստանի ժողովրդին դրել է գոյատևման եզրին»,- ասվում է փաստաթղթում: 1916 թ. ապստամբությունը Միջին Ասիայում սկսվել է Սամարղանդի մարզում: Պատճառ է հանդիսացել 19-43 տարեկան տղամարդկանց ճակատամերձ շրջաններում թիկունքային աշխատանքների ներգրավելու մասին հրամանագիրը: Դժգոհությունը պայմանավորված է եղել նաև չքավորությամբ և կազակների զինված ջոկատների և նոր ներգաղթյալների միջև վեճով: Ապստամբության ճնշումը հանգեցրել է մեծաթիվ զոհերի բնակչության շրջանում:

1in.am
26-10-2017 22:39