Օրական 3 ժամ նստակյաց աշխատանքը 2 տարով կրճատում է կյանքը

27-10-2017 10:35

Օրական ավելի քան 3 ժամ նստակյաց աշխատանքը 2 տարով կրճատում է մարդու կյանքի տեւողությունը, հավաստիացնում են Փենինգթոնի կենսաբժշկական կենտրոնի գիտնականները: Ընդ որում, մարզվելը կամ վնասակար սովորություններից խուսափելն այդ դեպքում արդեն նշանակություն չունի: Իսկ երեկոյան «նստակյաց հանգիստը», օրինակ, ավելի քան երկու ժամ հեռուստացույց դիտելը կարող է կյանքը կրճատել եւս 1․4 տարով: Հետազոտությունը ցույց է տվել, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության ամենօրյա նորմայի կատարումը բավական չէ երկար ապրելու համար: Շաբաթական առնվազն 150 րոպե սպորտով զբաղվելը չի բացառում այն փաստը, որ նստակյաց աշխատանքը կամ հեռուստացույցի ու համակարգչի առաջ երկար նստելու սովորությունը զգալիորեն կրճատում է կյանքի տեւողությունը: Գիտնականները միավորել են MEDLINE տվյալների բազայից մի քանի զանգվածային հետազոտությունների տվյալներ, որոնք վերաբերում էին 167 հազար մարդու: Հաշվի են առնվել միայն այն մարդկանց տվյալները, որոնք որեւէ քրոնիկ հիվանդությամբ չէին տառապում: Պարզվել է, որ նստակյաց կենսակերպը կյանքի տեւողությունը կրճատում է գրեթե նույնքան, որքան ծխելը: Հատկապես ուժեղ է դա արտահայտվում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա: Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ մարդը, որն օրվա մեծ մասն անցկացնում է նստած կամ պառկած դիրքում, կրճատում է իր կյանքը ու այդ դեպքում բոլորովին նշանակություն չունի, նա սպորտով զբաղվում է կամ մարզվում է, թե ոչ: Հետազոտության ղեկավար Փիթեր Կաթցմարժիկը խորհուրդ է տալիս ամեն ժամ վեր կենալ ու շարժվել, օգտվելով ցանկացած հնարավորությունից: Օրինակ հեռախոսով խոսելիս քայլել, աշխատավայրում մեկ այլ սենյակում նստող գործընկերոջը հաղորդագրություն ուղարկելու փոխարեն մոտենալ նրան ու անձամբ զրուցել, աշխատանքի յուրաքանչյուր փուլն ավարտելուց հետո ընդմիջել՝ գոնե միջանցքում քայլելու համար: Ընդ որում վերոնշյալ միջոցառումները չեն փոխարինում ամենօրյա ֆիզիկական վարժությունները:

med.news.am
27-10-2017 10:35