Ուզբեկստանում մեկ գիշերում ձերբակալել են ավել քան 100 մարդու՝ ուշ ժամի սրճարաններում հանգստի համար

27-10-2017 11:35

Ուզբեկստանի արևելյան Ֆերգանա քաղաքի ինտերնետ-սրճարաններում, կարաոկե ակումբներում և այլ հաստատություններում լույս հոկտեմբերի 24-ի գիշերը ձերբակալվել է ավելի քան 100 մարդ: Այս մասին հայտնում է «Օզոդլիկը» («Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայությունը): Ձերբակալվածներին ավտոբուսներով տեղափոխել են Ներքին գործերի Ֆերգանայի մարզային վարչություն: Այնտեղ նրանց լուսանկարել են, մատնահետքեր վերցրել, անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել, և խորհուրդ տալով ուշ ժամի տանից դուրս չգալ՝ ազատ են արձակել: 21-ամյա երիտասարդը պատմել է, որ իրեն ձերբակալել են ժամը 23.00-ի կողմերը, PlayStation սրճարանում: Նա ասել է, որ ո՛չ խմում է, ո՛չ ծխում, պարզապես նստած ֆուտբոլ է խաղում: Նրան անվանել են կենդանի և պահանջել փակել բերանը: Ուզբեկստանի բնակիչների համար նման ռեյդերը սովորական երևույթ են: Իսլամ Քարիմովի կառավարման տարիներին չի եղել ՆԳ մարմինների գործունեությունը կանոնակարգող օրենք: Շավկատ Միրզյոևը ստորագրել է նման նորմատիվ ակտ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին, կես տարի անց օրենքն ուժի մեջ է մտել: Այն արգելում է ոստիկաններին դիմել կտտանքների, բռնության և մարդու արժանապատվությունը նվաստացնող այլ վերաբերմունքի:

1in.am
27-10-2017 11:35