Անսպասելի պատճառներ, թե ինչու եք Դուք անընդհատ մրսում

27-10-2017 14:09

Ոմանք մշտապես մրսում են, բայց ոչ այն պատճառով, որ իրոք ցուրտ է: Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը հավաստիացնում է, որ առողջական որոշ խնդիրներից նույնպես մարդ կարող է մրսկան դառնալ: Օրգանիզմում երկաթի պակասը Թթվածինն օրգաններին ու հյուսվածքներին հասցնելու համար հեմոգլոբինն է պատասխանատու: Երբ թթվածինը չի բավականացնում, մարդուն սկսում են անհանգստացնել գլխացավեր, գլխապտույտներ, ու նա նաեւ մրսկան է դառնում: Սակավարյունության զարգացման պատճառներից մեկը սննդակարգում երկաթի անբավարար քանակությունն է: Դիետոլոգը նշել է, որ սակավարյունության խնդիրն այսօր բավականին արդիական է Հայաստանում, հատկապես վերարտադրողական տարիքի կանանց շրջանում, որոնք դաշտանի ժամանակ արյուն են կորցնում: Երկաթով հարուստ են այնպիսի մթերքներ, ինչպիսիք են խնձորը, ծիրանաչիրը, նուռը, չամիչը, տավարի ու հնդուհավի միսը: Ձմռանն ու աշնանը դրանք պետք է ներառել սննդակարգում՝ երկաթի պակասի կանխարգելման համար: Վահանաձեւ գեղձի ցածր ֆունկցիան Վահանաձեւ գեղձը լուրջ դեր է կատարում օրգանիզմի էներգետիկ պրոցեսների կարգավորման հարցում: Եթե վահանաձեւ գեղձը ինչպես հարկն է չի աշխատում ու չի արտադրում հորմոնների անհրաժեշտ քանակություն, դրա հետեւանքով մարդը կարող է մրսկան ու դյուրագրգիռ դառնալ: Եվ այսպես, եթե Դուք անընդհատ մրսում եք, Վարդանուշ Պետրոսյանը խորհուրդ է տալիս դիմել բժշկի ու ստուգել երկաթի ու հեմոգլոբինի մակարդակը, նաեւ վահանաձեւ գեղձի աշխատանքը: Խանգարումներ հայտնաբերելու դեպքում բժիշկը կարող է նշանակել բուժում, որը կկարգավորի ձեր վիճակը, ու ամենայն հավանականությամբ դրանից հետո դուք այլեւս այդքան շատ չեք մրսի:

med.news.am
27-10-2017 14:09