Սերժ Սարգսյանը գնում է վճռորոշ խոսակցության

01-11-2017 00:51

Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի»-ին, որի առյուծի բաժինը տնտեսական հարցերն են և մեկ հարց՝ սպառազինության մատակարարման վերաբերյալ: Հարցազրույցը փաստորեն հաջորդում է Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցի ազդարարմանը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 15-ին՝ Ռուսաստանում Հայաստանի օրերի բացման առիթով: Այդպիսով, Սարգսյանի տնտեսական հարցազրույցը փաստորեն նախորդում է այցին՝ թերևս ընդգծելով, որ մոսկովյան այցը կրելու է տնտեսական բնույթ, դրա ընթացքում կքննարկվեն տնտեսական հարցեր: Մյուս կողմից՝ հատկանշական է, որ տնտեսական հարցազրույցը տեղի է ունենում Հայաստանում ԵՏՄ վարչապետերի հավաքից հետո, որի ընթացքում Հայաստան էր ժամանել ՌԴ վարչապետ Մեդվեդևը՝ պաշտոնական այցով: Մեդվեդևի այցը դիտարկվում էր նաև, այսպես ասած, ներիշխանական-քաղաքական հանգուցալուծումների համատեքստում, որ սպասվում են 2018-ի ապրիլի հետ կապված՝ որպես հնարավոր աջակցություն վարչապետ Կարեն Կարապետյանին: Այդ տեսանկյունից ուշագրավ է, որ դրանից հետո Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս ռուսական պաշտոնական քարոզչամիջոցին՝ Մոսկվա այցից առաջ, որտեղ անում է ուշագրավ շեշտադրումներ նաև ներդրումային հեռանկարների իմաստով՝ խոսելով թե՛ հայ-ռուսական ներդրումային համատեղ հիմնադրամի, թե՛ Համահայկական ներդրումային հիմնադրամի, թե՛ Հայաստանի ներդրողների ակումբի մասին: Ի դեպ, վերջինը համարվում է Կարեն Կարապետյանի ներիշխանա-քաղաքական հենարանը, որ կազմված է ռուսաստանահայ մեծահարուստներից: Սերժ Սարգսյանը գործնականում փորձում է ցույց տալ, որ այդ ամենն իր վերահսկողության տակ է, և ինքն է տիրապետում իրավիճակին: Բացառված չէ, որ մոսկովյան այցի ընթացքում Սարգսյանը պետք է քննարկի այդ հարցերը կամ, այսպես ասած, շարունակի Մեդվեդևի այցով սկսված որոշակի քննարկում Պուտինի հետ: Դեռևս ընթացիկ տարվա մարտին, նախընտրական շրջանում այց կատարելով Մոսկվա, Սերժ Սարգսյանը նկատելիորեն ստացավ Պուտինի «քարտ-բլանշը» անցումային շրջանի համար: Դրանից հետո Կարեն Կարապետյանը հայտարարեց Հայաստանի ներդրողների ակումբի և ամեն օր գոլ խփելու մտադրության մասին: Դրան զուգահեռ՝ Սերժ Սարգսյանն Արցախում հայտարարում էր, որ ամենից գերական անվտանգությունն է, և ինքն այնտեղ է, որտեղ, եթե պատկերավոր ասենք, ամենահարմար դիրքն է այդ ոլորտում գոլ խփելու համար: Այդպիսով, որոշակիորեն ուրվագծվում էր ներիշխանական մրցակցության զուգահեռը՝ անվտանգություն և տնտեսություն. Սերժ Սարգսյանն իր պլանների համար շեշտը դնելու էր անվտանգության վրա, Կարեն Կարապետյանը՝ տնտեսական հարցերի: Նոյեմբերին Մոսկվա մեկնելուց առաջ Սարգսյանը փաստորեն «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում միավորում է տնտեսությունն ու անվտանգությունը: Ինչի՞ց է առաջացել այդ անհրաժեշտությունը՝ դժվար է ասել, սակայն չի բացառվում, որ Մեդվեդևը երևանյան այցի ընթացքում «բացել» է թեմա, որը Սարգսյանը Մոսկվա այցի ընթացքում կշարունակի քննարկել Պուտինի հետ: Ընդ որում, հետաքրքիր է, որ Սարգսյանը շեշտը դնում է տնտեսության վրա, և չի բացառվում, որ Ռուսաստանը այդ իմաստով գերակա է համարում Հայաստանի տնտեսական վիճակը և անվստահություն է հայտնում դրան տիրապետելու Սերժ Սարգսյանի կարողության մասով՝ նկատի ունենալով այն, որ Սարգսյանն այդպես էլ չի կարողանում Հայաստանը դուրս բերել տնտեսական փոսից: Ըստ ամենայնի, դատելով հարցազրույցի շեշտադրումներից, Սարգսյանը նոյեմբերի կեսին Պուտինին կփորձի հավաստիացնել կամ համոզել, որ ինքն էլ կարող է տնտեսական գոլեր խփել և, այսպես ասած, թեթևացնել Հայաստանի տնտեսական վիճակի համար ՌԴ պատասխանատվությունը, քանի որ Պուտինը այդ իմաստով Հայաստանին, այսպես ասած, «հովանավորելուց» հրաժարվել է վաղուց: Ի դեպ, Սարգսյանի հարցազրույցում ուշադրություն է գրավում և այն, որ գրեթե չկա անդրադարձ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրին, որի ստորագրությունը սպասվում է նոյեմբերի վերջին Բրյուսելում: Այդ կապակցությամբ կա ընդամենը մեկ հարց ատոմակայանի հետ կապված, որտեղ Սարգսյանը պաշտպանում է ԵՄ-ի հետ համաձայնագիրը և կեղծ որակում խոսակցությունը, թե այն ենթադրում է հայկական ատոմակայանի փակում:

1in.am
01-11-2017 00:51