Իրանը նախատեսում է ավելացնել գազի արդյունահանումը՝ հասցնելով օրական 1 մլրդ խորանարդ մետրի

01-11-2017 22:47

Իրանը նախատեսում է ավելացնել բնական գազի արդյունահանումը՝ հասցնելով օրական մինչև 1 միլիարդ խորանարդի մետրի: Այս մասին հայտարարել է Իրանի նավթաարդյունահանման հարցերով նախարար Բիժան Զանգանեն՝ նշելով, որ Իրանն այդ ծավալին կհասնի արդեն 2019-ի մարտին: «Ներկայում մենք արդյունահանում ենք օրական 850 միլիոն խորանարդ մետր բնական գազ, սակայն 1.5 տարուց մեր արդյունահանած գազի ծավալը կհասնի օրական 1 միլիարդ խորանարդ մետրի»,-հայտարարել է Զանգանեն, փոխանցում է Financial Tribune-ը: Իրանի գազի արդյունահանման ծավալի 2/3-ը բաժին է ընկնում «Հարավային Փարս» մեգա նախագծին: «Հարավային Փարսը» մշակվում է 24 փուլով: «Հարավային Փարսը» աշխարհի խոշորագույն գազային հանքավայրն է, որը գտնվում է Պարսից ծոցում և շահագործվում է Իրանի և Կատարի կողմից: Ներկայում Իրանն արդյունահանում է օրական 550-600 խորանարդ մետր գազ այդ համատեղ հանքավայրից, ինչը համապատասխանում է Կատարի արդյունահանած ծավալին: Ըստ BP-ի տվյալների՝ Իրանի բնական գազի պաշարները կազմում են 34 տրիլիոն խորանարդ մետր: Իրանցի նախարարը հայտարարել է, որ տնտեսական զարգացման 6-րդ հնգամյա պլանի (2017-2022թթ) համաձայն՝ նախատեսվում է գազի արտահանումն ավելացնել՝ հասցնելով 40 միլիոն խորանարդ մետրի, որը սակայն չի ներառում հեղուկ գազի արտահանման ծավալը: Զանգանեն նաև նշել է, որ Իրանի քաղաքային բնակչության 98%-ը և ոչ մեծ քաղաքների ու գյուղերի բնակչության 70%-ը միացված են Իրանի գազամատակարարման ազգային ցանցին:

1in.am
01-11-2017 22:47