Պնդում եմ՝ մերոնք հիմա աշխատանք են տանում ԱլԳ հռչակագրի ոչ հայանպաստ կետի հետ կապված․ եթե չստացվի՝ միանանք, բայց «հատուկ կարծիքով»

02-11-2017 22:00

«Եթե իշխանությունը ռեալ չցանկանա ստորագրել այդ համաձայնագիրը, իր այսպես կոչված «անկախ» փորձագետների միջոցով լուրեր կտարածի ու չի ստորագրի: Բայց այսօր ես դրական տենդենց եմ տեսնում․ և՛ ԵՄ-ն է ուզում ստորագրել, և՛ մեր իշխանությունները: Հուսով եմ, որ այդպիսի հնարքների չեն գնա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, միջազգայնագետ Ստեփան Գրիգորյանը՝ ի պատասխան մեր այն հարցին, որ ըստ որոշ տեղեկությունների՝ մտավախություններ են առաջացել ԱլԳ շրջանակներում ընդունվող հռչակագրի տեքստի հետ կապված: Ստեփան Գրիգորյանը նշում է՝ Եվրամիության կողմից որևէ խոչընդոտ չկա, եթե ստորագրությունը խափանվի՝ միայն մեր իշխանությունների պատճառով է լինելու: Միջազգայնագետը նշում է, որ այսօր արտաքին գործերի նախարարությունն իր տեղեկություններով՝ քայլեր է անում հռչակագրի ոչ հայանպաստ ձևակերպումները շտկելու ուղղությամբ: «Ճիշտն ասած՝ չեմ հասկանում, ինչու պետք է հռչակագրում և համաձայնագրում տարբերություններ լինեն: Համաձայնագրի մեջ կոնֆլիկտների հետ կապված ձևակերպումները իդեալական են, եթե հռչակագրում կան խնդիրներ՝ մերոնք կարող են լուծել: Մերոնք պետք է մինչև վերջ պայքարեն ու աշխատեն: Ադրբեջանը նույնատիպ պայմանագիր է պատրաստվում ստորագրել ԵՄ-ի հետ, իմ տեղեկություններով՝ այն պատրաստ է, մի կես տարվա աշխատանք կա դեռ ստորագրման համար: Այն, ինչ որ տեղ գտավ Ղարաբաղի հետ կապված այս պայմանագրում, ավտոմատ տեղ է գտնելու նաև Ադրբեջանի հետ ստորագրվելիք պայմանագրում: Տնտեսականը՝ այո՛, կտարբերվի, բայց Ղարաբաղի հարցը նույնը կլինի: Սա է նաև այն պատճառներից մեկը, որ անպայման համաձայնագիրը ստորագրվի»,- ասաց Գրիգորյանը: Նրա խոսքերով՝ աշխատանքներ պետք է տարվեն մինչև գագաթնաժողովը. «Հռչակագրից վերջին պահին չենք կարող հանել, այնտեղ 28 պետության ղեկավար է լինելու, 6 ԱլԳ անդամ պետության ղեկավար, այնտեղ քվեարկություն չի լինելու: Ես պնդում եմ՝ աշխատանք հիմա տարվում է: Պետք է հասնել կոմպրոմիսի մինչև գագաթնաժողով: Եթե չհասնենք նման կոմպրոմիսի, ապա կստորագրենք հռչակագիրը՝ վերապահումով: Ասենք՝ հռչակագիրը բոլոր կետերով է աշխատում, բացառությամբ այս կետի»:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

1in.am
02-11-2017 22:00