Լիբանանի նախագահը բացատրություն է սպասում հրաժարական տված վարչապետից

04-11-2017 20:16

Լիբանանի նախագահ Միշել Աունը բացատրություն է սպասում երկրի հրաժարական տված վարչապետ Սաադ Հարիրիից՝ Սաուդյան Արաբիայից նրա հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո: Այս մասին հայտնում է այդ երկրի նախագահի մամլո ծառայությունը: Հարիրին իր հրաժարականի մասին հայտարարել է շաբաթ օրը: «Մենք ապրում ենք մի մթնոլորտում, որ նման է Ռաֆիկ Հարիրիի սպանությանը նախորդածին: Ես նկատել եմ, որ գաղտնի նախապատրաստվում է նաև իմ դեմ մահափորձը»,- հայտարարել է նա: Հարիրին մեղադրել է նաև «Հըզբոլլահ» շիա շարժմանը և Իրանին «արաբական աշխարհը քանդելու» փորձի մեջ: Նա խոստացել է, որ «արաբական աշխարհը, ինչպես նախկինում, ոտքի կկանգնի և կկտրի Իրանի ձեռքերը»: «Լիբանանից դուրս գտնվող վարչապետ Սաադ Հարիրին զանգահարել է նախագահ Միշել Աունին և նրան տեղեկացրել է իր հրաժարականի մասին: Նախագահ Աունը սպասում է վարչապետ Հարիրիի Բեյրութ վերադարձին՝ նրա հրաժարականի վերաբերյալ ինչպես հարկն է՝ բացատրություններ ստանալու համար»,- ասվում է մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

1in.am
04-11-2017 20:16