Պոլսահայ համայնքի երկընտրանքը՝ նոր պատրիարք ընտրելիս. այս առճակատումը պատմական խոր արմատներ ունի. Սասունյան

08-11-2017 00:35

Մի քանի տարի շարունակ Ստամբուլում խոշոր վեճ էր հասունանում պոլսահայ համայնքի անդամների միջև՝ Հայոց նոր պատրիարքի ընտրության ծրագրերի շուրջ: Առճակատումը պատմական խոր արմատներ ունի և վերջերս ավելի է սրվել Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անբուժելի հիվանդության կապակցությամբ, որն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները Ալցհեյմերի հիվանդության պատճառով: Երբ պոլսահայ համայնքի որոշ անդամներ փորձեցին նոր պատրիարք ընտրել անգործունակ Մեսրոպ պատրիարքին փոխարինելու համար, Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ քանի դեռ գործող պատրիարքը ողջ է, նոր պատրիարք չի կարող ընտրվել: Նույնիսկ աթոռակից պատրիարք ընտրելու խնդրանքը մերժվեց Ստամբուլի նահանգապետի կողմից: Թուրքիայի իշխանությունները օգտվեցին այն պատրվակից, որ հայ համայնքի 1863 թ. ազգային սահմանադրությամբ նախատեսված չէ աթոռակից պատրիարքի պաշտոն: Սակայն խնդիրն այն է, որ տասնամյակներ առաջ թուրքական կառավարությունն անվավեր էր ճանաչել այդ սահմանադրությունը: Եթե կառավարությունն իր որոշումը կայացնում է չգործող սահմանադրության հիման վրա, ուրեմն նա ճանաչում է դրա վավերականությունը: Եթե սահմանադրությունը վավերական է, ուրեմն հայ համայնքն իրավունք ունի ընտրելու պատվիրակներ, որոնք էլ իրենց հերթին կարող են ընտրել նոր պատրիարք: Ցավոք, հայ համայնքը չմտածեց այս հակասությունը թուրքական կառավարության ուշադրությանը ներկայացնելու մասին: Մենք հիշում ենք, որ Մեսրոպ պատրիարքը մինչ 1998 թ. իր ընտրությունը նույնպես արժանացավ թուրքական իշխանությունների դիմադրությանը: Ի վերջո, նա գնաց Անկարա և «գործարք կնքեց» փակ դռների հետևում թուրք պաշտոնյաների հետ, ինչը նրան հնարավորություն տվեց պատրիարք ընտրվել: Շուտով նա սկսեց աջակցել տարբեր թուրքական հարցերի, ներառյալ այցելություններ Արևմտյան Եվրոպայի երկրներ՝ հանդես գալով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության օգտին և մի շարք այցելություններ Միացյալ Նահանգներ՝ թուրքական իշխանությունների խնդրանքով հրապարակային ելույթներ ունենալու համար: Այս տարվա սկզբին պոլսահայ համայնքի մի քանի անդամներ որոշեցին նոր պատրիարք ընտրելու մեկ այլ փորձ կատարել, որի շարժառիթը պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հանդեպ ունեցած իրենց դժգոհությունն էր և լիարժեք պատրիարք ունենալու ցանկությունը: Խնդիրն այն էր, որ Արք. Աթեշյանը չհրաժարվելն իր պաշտոնից, փակում էր նոր ընտրությունների դուռը, տեղական և համաշխարհային հայության, մասնավորապես Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից ճնշումներից հետո, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Արք.Աթեշյանը հրաժարական կտա և տեղապահ կընտրվի Գերմանիայի հայկական եկեղեցու թեմի առաջնորդ, Արք. Գարեգին Բեկջյանը՝ նոր պատրիարքի ընտրությունները կազմակերպելու համար: Այս համաձայնությունից շատ չանցած, մի խումբ հայտնի պոլսահայեր հանձնաժողով ստեղծեցին պատրիարքի ընտրությունները նախաձեռնելու համար, թեև համայնքում բոլորն էլ գիտեին, որ թուրքական իշխանությունները դեմ էին նման ընտրություններին: Փաստորեն, մինչ Արք. Բեկջյանը ընտրվում էր տեղապահ, Արք Աթեշյանը նամակ ստացավ Ստամբուլի նահանգապետից՝ տեղեկանալով, որ թուրքական իշխանությունը չի ճանաչում Արք. Բեկջյանի ընտրությունը և շարունակում է Արք. Աթեշյանին համարել օրինական փոխանորդ: Ցավոք, Արք. Աթեշյանն այդ նամակը ներկայացրեց նախաձեռնակ մարմնին միայն այն բանից հետո, երբ նրանք Արք. Բեկջյանին արդեն ընտրել էին իր պաշտոնում: Այս դրվագն ավելի խորացրեց թշնամությունը Արք. Աթեշյանի դեմ հանդես եկողների մոտ, և նրանք շարունակեցին աջակցել Արք.Բեկջյանին: Այս երկընտրանքի լուծման համար Արք. Բեկջյանը նամակ գրեց Ստամբուլի նահանգապետին՝ հանդիպում խնդրելով: Պատասխանին 60 օր սպասելուց հետո, Արք. Բեկջյանը մեկնեց Գերմանիա՝ հանդիպելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, նրա այցելության ժամանակ: Մինչ Արք. Բեկջյանը գտնվում էր Թուրքիայից դուրս, Ստամբուլի նահանգանպետը հանդիպման հրավիրեց Արք. Աթեշյանին, Սահակ եպիսկոպոս Մաշալյանին և նախաձեռնող նախաձեռնակ մարմնի ղեկավարին: Պարզ էր, որ նահանգնապետը չէր ցանկանում հանդիպել Արք. Բեկջյանի հետ, ում ընտրությունը նա չէր ճանաչում: Բանավեճն ավելի սաստկացավ տեղի հայ համայնքի այն անդամների միջև, որոնք իրենց ավելի իրատես էին համարում, ընդունելով Թուրքիայի իշխանությունների դերը պատրարքի ընտրություններում, և նրանց՝ որոնք մերժում էին թուրքական իշխանությունների ցանկացած միջամտություն: Արք. Աթեշյանի կողմնակիցները ընդգծում էին՝ անիմաստ է դեմ լինել թուրքական հզոր իշխանությունների ցանկություններին, որոնք ձերբակալել էին ընդդիմության հազարավոր անդամների և նույնիսկ ձեռնոց նետել այնպիսի հզոր երկրների, ինչպիսիք են Գերմանիան և Միացյալ Նահանգները: Ավելին, Արք.Աթեշյանի կողմնակիցները նշում էին, որ եթե Գարեգին Բ կաթողիկոսը կարող է միջամտել Պոլսո պատրիարքարանի՝ ինքնավար հաստատության ընտրություններին, ապա անկախ նրանից, թե որքան անցանկալի է, հասականալի կլինի, որ Թուրքիայի նախագահը իրավունք կունենա միջամտել իր երկրում տեղի ունեցող ընտրություններին: Դրությունը ավելի վատթարացավ, երբ մինչ Գերմանիայից Արք. Բեկջյանի վերադարձը, նախաձեռնակ մարմնի հինգ անդամները հրաժարական տվեցին Ստամբուլի նահանգապետի հետ ունեցած հանդիպումից հետո: Հանձնաժողովի մյուս անդամները, մինչ որոշում կայացնելը, ցանկացան սպասել Արք. Բեկջյանի վերադարձին: Արք. Բեկջյանը, Ստամբուլ վերադառնալուց և նախաձեռնող հանձնաժողովի հետ խորհրդակցելուց հետո, հայտարարեց, որ նա նամակ կգրի Թուրքիայի ներքին գործերի նախարարին՝ առերես հանդիպման խնդրանքով: Հաշվի չառնելով Ստամբուլի նահանգնապետի հստակ հրահանգները՝ Արք. Բեկջյանը շարունակեց մնալ իր պաշտոնում: Արք. Բեկջյանի մտադրությունը, մասնավոր հանդիպում ունենալու ներքին գործերի նախարարի հետ, հղի է որոգայթներով: Ինչպես Արք. Մութաֆյանի դեպքում, Արք. Բեկջյանը ևս կարող է մասնավոր գործարք կնքել նախարարի հետ՝ խոստանալով այսուհետ կատարել թուրքական իշխանությունների հանձնարարությունները: Արք. Բեկջյանը, որպես Գերմանիայի թեմի առաջնորդ, իր պաշտոնավարման ընթացքում պարբերաբար խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Մյուս տարբերակն այն է, որ Արք. Բեկջյանը կարող է հրաժարվել իր պաշտոնից՝ դուռ բացելով Արք.Աթեշյանի պատրիարք ընտրվելու համար, որը դեմ կլինի պոլսահայ համայնքի մեծամասնության ցանկություններին, սակայն կհամապատասխանի թուրքական իշխանության նախապատվությանը: «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյան Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

1in.am
08-11-2017 00:35