Այո՛, Սերժ Սարգսյանն անփոխարինելի է. Լոռու մարզպետ

08-11-2017 10:00

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: -Պարոն Նալբանդյան, գո՞հ եք Լոռու մարզում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից: -Եթե նախորդ տարիների ՏԻՄ ընտրությունների հետ համեմատենք՝ այո՛, գոհ եմ, նույնիսկ շատ գոհ եմ: –Ինչո՞ւ, որովհետև չկար մրցակցություն, չկար պայքար թեկնածուների միջև: -Չէ: Իհարկե մենք ունեցել ենք համայնքներ, որտեղ համայնքի ղեկավարի համար մեկ թեկնածու է եղել, և համայնքի ղեկավարի ընտրություններին մրցակցություն չի եղել, բայց ավագանու ընտրություններին մրցակցություն բոլոր տեղերում ենք ունեցել: Նաև ունեցել ենք համայնքներ, որտեղ համայնքի ղեկավարի թեկնածուների մրցակցություն է եղել: Ես համամիտ չեմ, որ մրցակցություն չի եղել: Այստեղ խնդիրն այլ քաղաքական ուժերի մեջ է, որովհետև շատ լավ կլիներ, որ մեր երկրում, հատկապես մեր մարզում, բոլոր քաղաքական ուժերը մասնակցեին ՏԻՄ ընտրություններին և ընտրությունները շատ ավելի մրցակցային կլինեին: Համենայնդեպս, մրցակցային չլինելու դեպքում մեր ներսում մրցակցություն կար, և սա էլ շատ կարևոր է: -Տեսակետ կա, որ Ալավերդիում քաղաքապետի թեկնածուի բոլոր այլընտրանքները ոչնչացված էին, ուստի այս ընտրությունը կայացավ առանց մրցակցության: Համամի՞տ չեք: -Չէ, ես նորից համակարծիք չեմ: Ալավերդին մեր արդյունաբերական քաղաքներից մեկն է: Ալավերդի քաղաքը մտավորական քաղաք է, և Ալավերդիում ես յուրաքանչյուր մարդու կարող եմ տեսնել որպես քաղաքապետի թեկնածու, քանի որ բոլորը խելացի քաղաքացիներ են: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ մեր պարագայում ՀՀԿ թեկնածուներին, պետք է ասեմ, որ մենք բոլոր կարող ուժերով եկել ենք ընդհանուր հայտարարի և առաջադրել ենք կուսակցության թեկնածուին՝ Սասուն Խեչումյանին: -Մասնակցության 42․1 տոկոսն ինչի՞ մասին է խոսում: Սա չի խոսում այն մասին, որ այս ընտրություններին անտարբեր էին: -Նախորդ ընտրություններին էլ երբեք ցուցակային թվի 100 տոկոսը չի մասնակցել: Մենք շատ լավ գիտենք, որ ցուցակային թիվը շատ ավելի մեծ է և մեծ մասը բացակայում է համայնքից, և այս առումով պարզ է, որ մեր մաքսիմում մասնակցությունը 60-65 կամ 70 տոկոս է: Ալավերդին էլ անմասն չէ, և որպես խոշորացված համայնք՝ 40 և ավելի տոկոսը ես համարում եմ ընտրություններին նորմալ մասնակցություն: –Ճոճկանի գյուղապետը հաղթեց Վազգեն Խաչիկյանի եղբորը ու դարձավ Ախթալայի քաղաքապետ: Ինչպե՞ս եք գնահատում գյուղապետի հաղթանակը քաղաապետի նկատմամբ: -Շատ նորմալ: Սա խոսում է այն մասին, որ խոշորացված համայնքներում հնարավոր է, որ գյուղական համայնքի ղեկավարը հաղթի քաղաքի համայնքի ղեկավարին: -Բոլոր մարզերում բնակիչները դժգոհություն են հայտնում համայնքների խոշորացումից: Մեզ հետ զրույցում նրանք ասում էին, որ խոշորացման արդյունքում գյուղերը կդատարկվեն, արտագաղթն էլ ավելի կմեծանա, և մեկ թղթի համար ստիպված կլինեն համայնքից համայնք տեղափոխվեն: -Նման բան հնարավոր չէ, որովհետև ես ինքս տարիներ առաջ, երբ համայնքի ղեկավար էի, եղել եմ կողմնակիցներից մեկը, ով կողմ է եղել համայնքների խոշորացմանը: Եվ ամբողջ աշխարհի զարգացած երկրներն այսօր գնում են համայնքների խոշորացման: Եվ խոշորացման նպատակը բոլորս էլ լավ գիտակցում ենք, որ համայնքային կառավարումը ավելի արդյունավետ դարձնելու մեջ է: Իսկ 21-րդ դարում մեկ տեղեկանքի կամ մեկ փաստաթղթի ստորագրման համար պետք չէ համայնքից համայնք գնալ, որովհետև այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները տալիս են այդ հնարավորությունը, որ ընդամենը մեկ րոպեի ընթացքում էլեկտրոնային տարբերակով կարող են ուղարկել համայնքի կենտրոն և ստորագրված հետ ստանալ: -Կառավարության մեկ տարվա աշխատանքը ինչպե՞ս եք գնահատում: Գյուղացիները նշում էին, որ վարչապետը հուպ տվեց, դրայվ արեց միայն համայնքների խոշորացման, աշխատատեղերի կրճատման ուղղությամբ: -Ամենակարևորը, որ աշխատատեղերը կրճատելուց հետո աշխատանքի արդյունավետությունը չի կորչում: Եվ եթե մենք զգում ենք, որ փոքր ռեսուրսներով, փոքր թիմով շատ ավելի արդյունավետ ենք աշխատում, բնականաբար պետք է գնանք քայլին: Եվ, բնականաբար, մնացած տնտեսված միջոցները պետք է ուղղենք համայնքների կամ տարածքների զարգացմանը: Սա շատ կարևոր բան է, և պետք չէ նոր հեծանիվ հորինել: Եթե մենք ի վիճակի ենք ավելի քիչ ռեսուրսներով ավելի նորմալ կառավարել, ինչո՞ւ չանել: -Այսինքն՝ գո՞հ եք կառավարության աշխատանքից: -Անկասկած: Եվ ես վստահ եմ, որ մենք այսօր շատ լավ հիմք ենք դնում վաղվա օրվա համար: -Այսինքն՝ Ձեզ համար տարբերություն չկա՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Կարեն Կարապետյանը վարչապետ կդառնան: -Կառավարության ծրագիրը, ուղղությունը, կապ չունի՝ ով է կառավարության ղեկավարը, եթե մենք վերցրել են զարգացման այս ուղին և գնում ենք մինչև վերջ, էլ պետք չէ անձնավորել: -Դուք էլ հանրապետական եք, իսկ հանրապետականներն այս օրերին հայտարարում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: -Բնականաբար, ես որպես կուսակցության տարածքային մարմնի ղեկավար, իհարկե, ինքս շատ վստահ եմ, որ որպես քաղաքական գործիչ և անցած ճանապարհ ունեցող, այո՛, Սերժ Սարգսյանն անփոխարինելի է:

1in.am
08-11-2017 10:00