Ով է Հայաստան-Բելառուս հանդիպումը բոյկոտելու իրական նախաձեռնողը

08-11-2017 00:31

Վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ազգային թիմի հետ: Մրցավեճ, որի նկատմամբ հետաքրքրությունը, մեղմ ասած, փոքր է: Ավելին, իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպումները տհաճ զգացողություններ են առաջացնում երկրպագուների շարքերում: Պատճառը միայն ազգային թիմի խայտառակ մրցելույթները չեն, այլև Ֆուտբոլի ֆեդերացիայի նվաստացուցիչ վերաբերմունքը: Սպորտային կայքերում, սոցիալական ցանցերում մեր երկրպագուները շարունակ գրառումներ են կատարում՝ կոչ անելով բոյկոտել Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումները: Ու չնայած բոյկոտը չունի գլխավոր կազմակերպիչ՝ այն, այնուամենայնիվ, կկայանա: Վաղվա հանդիպմանը «Հանրապետականում» դժվար թե 3 հազարից ավելի հանդիսականներ ներկա գտնվեն: Սա այն դեպքում, երբ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հարյուր հազարավոր երկրպագուներ ունի մեր երկրում: Մխիթարյանի խաղը դիտելու համար մեծ թվով հայաստանցիներ վերջերս մեկնեցին Մոսկվա՝ դիտելու Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի «Մանչեսթեր Յունայթեդ»-ԲԿՄԱ հանդիպումը: Մեր երկրում ֆուտբոլային աստղի խաղով հիանալու բազմաթիվ հնարավորություններ են լինում, բայց… Տարիներ շարունակ երկրպագուները պահանջում են իջեցնել ազգային թիմի մասնակցությամբ հանդիպումների տոմսերի գները: Ֆուտբոլասերները տարբեր տոմսերի գները վերանայելու պահանջով դիմեցին բազմաթիվ գործիչների, նույնիսկ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Մասնավորապես, աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումից առաջ ֆուտբոլասերներն «Առաջին լրատվական»-ի միջոցով բաց նամակ էին հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: «Պարոն նախագահ, ցավոք սրտի, մենք և հազարավոր այլ երկրպագուներ մեր տղաներին աջակցելու և Հենրիխ Մխիթարյանի խաղով հիանալու հնարավորություն չունենք: Չունենք, քանզի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աննորմալ գներ է սահմանել տոմսերի համար: Հայաստանի հավաքականն այսօր աջակցության մեծ կարիք ունի, սակայն ֆուտբոլի չինովնիկների թեթև ձեռքով մեր թիմի երևանյան հանդիպումներն անցնում են կիսադատարկ տրիբունաների պայմաններում: Այնպիսի տպավորություն է, կարծես Հայաստանի հավաքականը Ֆուտբոլի ֆեդերացիայի սեփականությունն է: Հայաստանի հավաքականը Ձերն է, մերն է և բոլոր հայերինը»,- մասնավորապես գրված էր նամակում: Ժամանակը ցույց տվեց, որ հայկական ֆուտբոլի ճակատագիրը այսօր չի հուզում իշխանություններին, և ՀՖՖ-ն՝ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, անում է այն, ինչ ուզում է: Հիշեցնենք, որ ազգային հավաքականի մասնակցությամբ պաշտոնական հանդիպումների տոմսերը Ֆուտբոլի ֆեդերացիան վաճառում է 4-10 հազար դրամով: Ընկերական հանդիպումների տոմսերի գինն էլ երկու անգամ ավելի ցածր է: Կարծում ենք՝ կարիք չկա կրկին հիշատակելու հարևան և եվրոպական մի շարք երկրներում ազգային հավաքականների մասնակցությամբ հանդիպումների տոմսերի սակագները: Ինչևէ, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում հաստատեցին, որ վաղը կայանալիք հանդիպման տոմսերն ըստ էության չեն սպառվում: Ուշադրություն դարձնենք ևս մեկ հանգամանքի, որը վաղվա հանդիպման կիսադատարկ կամ դատարկ տրիբունաների գլխավոր պատճառներից է լինելու: Հայաստան-Բելառուս հանդիպումը կայանալու է ժամը 18-ին: Այս ժամին բամաթիվ երկրպագուներ, որոնք, այնուամենայնիվ, ցանկություն ունեին ներկա գտնվելու ազգային թիմի մասնակցությամբ հանդիպմանը, գտնվելու են աշխատավայրերում, և «Հանրապետական» հասնելը այնքան էլ հեշտ չի լինի: Բրիտանիայում և նորմալ երկրներում հանգստյան օրերին ֆուտբոլային հանդիպումները նշանակվում են ցերեկը, որպեսզի մարդիկ երեկոյան հանգստանան և լիցքաթափվեն: Աշխատանքային օրերին ֆուտբոլային հանդիպումները նշանակվում են ժամը 19-ից հետո, որպեսզի երկրպագուները աշխատանքից հետո հասցնեն հասնել մարզադաշտ: Ոմանք այն կարծիքին են, որ ընտրելով ժամը 18-ը՝ Ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստան-Բելառուս հանդիպումը բոյկոտելու իրական նախաձեռնողն է: Առկա իրավիճակում Ռուբեն Հայրապետյանին ամենևին ձեռնտու չէ, որպեսզի «Հանրապետական» մարզադաշտը մարդաշատ լինի, և երկրպագուներն արտահայտեն իրենց բողոքը տեղի ունեցող արատավոր երևույթների վերաբերյալ:

1in.am
08-11-2017 00:31