Մակրոնն առաջիկա ամիսներին Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի նկատմամբ հաղթանակ է ակնկալում

09-11-2017 09:09

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս ունի, որ առաջիկա ամիսներին ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակ կտարվի: Այս մասին նա հայտարարել է France 2 հեռուստաալիքի հետ հարցազրույցում ԱՄԷ կատարած պաշտոնական այցի ընթացքում: «Ես կարծում եմ և հույս ունեմ, որ մենք առաջիկա ամիսներին իրաք-սիրիական գոտում կընթանանք ռազմական հաղթանակի ուղղությամբ»,-ասել է Մակրոնը: «Մենք դրա համար անում ենք ամենը միջազգային կոալիցիայի շրջանակում»,-վստահեցրել է Ֆրանսիայի նախագահը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է զգոն մնալ նաև դրանից հետո, քանի որ տարածաշրջանում կարող են ապակայունության օջախներ լինել: Ֆրանսիայի նախագահը հայտարարել է համացանցում ահաբեկչական քարոզչությանը հակազդելը շարունակելու անհրաժեշտության մասին: Ֆրանսիայի նախագահն իր կնոջ՝ Բրիժիտ Մակրոնի հետ երկօրյա այցով ժամանել է ԱՄԷ: Նա մասնակցել է Լուվր թանգարանի մասնաճյուղի բացմանը, որը ստեղծվել է Աբու Դաբիից ոչ հեռու՝ Պարսից ծոցի Սաադիյաթ կղզում:

1in.am
09-11-2017 09:09