Գերխայտառակության դիրիժորին պարգևատրելու առաջին պտուղները…

09-11-2017 14:00

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երեկ Լյուքսեմբուրգում սկսեց ելույթը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Սկսեց ավանդական դարձած խայտառակ պարտությամբ: Մեր ֆուտբոլիստները 5:0 հաշվով զիջեցին Չեխիային: Մրցավայր մեկնելուց առաջ մեր հավաքականը ուսումնամարզական հավաք էր անցկացրել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Կազմակերպվել էին նաև ընկերական հանդիպումներ Ղազախստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի հետ: Առաջին խաղում մերոնք պարտվել էին 1:0 հաշվով, իսկ երկրորդն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը Ղազախստանի հետ երկրորդ հանդիպումից հետո դրական էր գնահատել նախապատրաստական փուլը՝ նշելով, որ պատրաստ են հաղթահարելու խմբային փուլի արգելքը: «Ղազախստանի հետ ընկերական հանդիպումները ծառայեցին իրենց նպատակին: Նախապատրաստական վերջին փուլն էր: Ինչ խոսք, գրանցված արդյունքները չեն գոհացնում, բայց առաջին և երկրորդ խաղերի միջև տարբերություն կար: Ամեն ինչ անցավ ըստ պլանավորածի, բացի արդյունքից: Գոլային պահերը չիրացնելը խնդիր է, որի վրա մենք անընդհատ աշխատում ենք: Հուսով եմ՝ այդ գոլերը կլինեն Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Կարող եմ ասել, որ ուսումնամարզական հավաքը լավ անցավ, պայմաններն իդեալական են: Միակ խնդիրը, որն ինձ անհանգստացնում է, ֆուտբոլիստների վնասվածքներն են: Արթուր Խաչատրյանն ու Վիգեն Կարապետյանը չեն կարող մեզ օգնել: Մենք գնում ենք մրցավայր խմբից դուրս գալու նպատակով: Միակ ու առաջնային խնդիրը դա է: Այն իրատեսական է, և կարծում եմ՝ մեր ֆուտբոլիստները կարող են այդ խնդիրը լուծել»,- ասել էր Օսեյանը «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթին տված հարցազրույցում: Իդեալական պայմաններում աշխատելու և հաջողված ուսումնամարզական հավաքի արդյունքը փաստորեն չեխերից 5 գնդակ բաց թողնելն էր: Ու փաստորեն վերջին երեք հանդիպումներում Հայաստանի հավաքականին չի հաջողվել գոնե մեկ գոլ խփել: Այս տարվա մարտին Արտակ Օսեյանը նշանակվել էր Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի գլխավոր մարզիչ, որը նախապատրաստվում էր Անթալիայում կայանալիք Եվրոպայի առաջնության Էլիտ ռաունդին: Այն ժամանակ Հայաստանը Թուրքիային զիջել էր 6:0, Ֆինլանդիային՝ 5:0 և Գերմանիային՝ 10:1 հաշվով: Անթալիայում Հայաստանի ազգային հավաքականը խաղադաշտում անցկացրել էր 4 ժամ: Այդ չորս ժամվա ընթացքում մեր հավաքականն ընդունել էր 21 գնդակ: Օսեյանի կատարած աշխատանքը, կարծում ենք, մեկնաբանության կարիք չունի: Անթալիայում Հայաստանի հավաքականի մրցելույթը նույնիսկ խայտառակ չես անվանի: Խայտառակ կլիներ, եթե բոլոր երեք հանդիպումները Հայաստանի հավաքականը պարտվեր 3:0 կամ 4:0 հաշվով: Բայց արի ու տես, որ գերխայտառակ ցուցանիշները մեր երկրում բարձր են գնահատվում: Անթալիայի ցուցանիշի համար Օսեյանի «պաշտոնը» բարձրացվեց, և նա նշանակվեց արդեն 19 տարեկանների հավաքականի մարզիչ: Այս տրամաբանության համաձայն՝ եթե Հայաստանի 19 տարեկանների հավաքականը վերջնականապես ձախողվի նաև ընթացիկ շրջափուլում, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Օսեյանին կնշանակի արդեն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Օսեյանն արդեն աշխատել է: Նրա գլխավորությամբ մեր ընտրանին 2015 թվականին 6 հանդիպում է անցկացրել և կրել է 5 պարտություն: Օսեյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականը միակ դրական արդյունքը ցույց է տվել Լյուքսեմբուրգի գաճաճ հավաքականի հետ մրցավեճում: Մասնավորապես, մեր ֆուտբոլիստներին հաջողվել է ոչ-ոքի՝ 1:1 խաղալ: Այս մասնագետի ցույց տված արդյունքները տպավորիչ են, և իսկապես հասունացել է պահը, որ փառապանծ Ֆուտբոլի ֆեդերացիան նրան վստահի նաև Հայաստանի ազգային հավաքականը: Ինչևէ, Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ևս երկու հանդիպում է անցկացնելու: Նոյեմբերի 11-ին մերոնք կմրցեն Շոտլանդիայի հավաքականի հետ, իսկ նոյեմբերի 14-ին վերջին հանդիպումը կանցկացնեն Լյուքսեմբուրգի հետ: Երեկ կայացած առաջին տուրում Շոտլանդիայի հավաքականը Լյուքսեմբուրգին հաղթել է 3:1 հաշվով և Չեխիայի հավաքականի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մինչև 19 տարեկանների Էլիտ ռաունդ են դուրս գալիս ընտրական փուլում ենթախմբում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած հավաքականները:

1in.am
09-11-2017 14:00