Գերմանիայում բուժեղբայրը կասկածվում է 106 հիվանդի սպանության մեջ

09-11-2017 22:58

Ստորին Սաքսոնիայի իրավապահները ճշգրտել են ցմահ ազատազրկված նախկին բուժեղբայր Նիլս Հոգելի զոհերի ենթադրյալ թիվը: Նա դատապարտված է կլինիկայի, որտեղ աշխատել է, երկու հիվանդների սպացուցված սպանության համար: Դատարանում Հոգելը խոստովանել է, որ իր զոհերի իրական թիվը կարող է 90-ի հասնել: Այս մասին հաղորդվում է Օլդենբուրգի ոստիկանության բաժնի և դատախազության համատեղ մամլո ասուլիսում: Հոգելի մեղքով մահացածներին պարզում են հետմահու՝ մարմինն արտաշիրիմելով և տոքսիկոլոգիական թեստեր անելով: Հերթական փորձաքննության արդյունքները «հայտնաբերել են ևս 16 կասկածելի դեպք»: Հաղորդվում է, որ մինչ այս իրավապահները բուժեղբորը մասնակից են համարել 84 հիվանդի մահվան: Պարզվել է, որ նա իր հիվանդներին ներարկել է սրտի կանգ առաջացնող դեղամիջոցներ, նաև փորձել է վերակենդանացնող միջոցառումներ անել: Այդ մանիպուլյացիաների նպատակը եղել է գործընկերների և ղեկավարության շրջանում հեղինակություն վաստակելը: Առաջին անգամ Հոգելի հանցավոր գործողությունները նկատել է նրա գործընկերներից մեկը 2005 թ.: Այդ ժամանակ հիվանդը փրկվել է ներարկումից հետո, իսկ բուժեղբայրը 7.5 տարով ազատազրկվել է մահափորձի համար: Այս դեպքից հետո իշխանություններն արտաշիրիմել են մի քանի դի և հայտնաբերել դեղամիջոցի հետքեր:

1in.am
09-11-2017 22:58