Համանախագահների առաջիկա հանդիպումները հավելյալ խթան կհաղորդեն ԼՂ հարցի կարգավորմանը. Լուկաշևիչ

10-11-2017 08:51

Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների հետ համակարգմամբ, պատրաստ է շարունակել միջնորդական ջանքերը՝ ուղղված ԼՂ խնդրի կարգավորման համար փոխադարձ ընդունելի, կոնսենսուսային հիմքի մշակման հարցում կողմերին աջակցելուն: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ԵԱՀԿ Մշտական խորհդրդի նիստում՝ ի պատասխան Մինսկի խմբի համանախագահների ելույթի: «Ակնկալում ենք, որ համանախագահների առաջիկա շփումները հավելյալ խթան կհաղորդեն այդ երկարատև հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասել է Լուկաշևիչը: Նրա խոսքով՝ տևական դադարից հետո Ժնևում հոկտեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումը դարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերի նշանակալի արդյունք: «Կարևոր էր, որ գագաթնաժողովի արդյունքներով կողմերը պայմանավորվեցին ակտիվացնել բանակցային գործընթացը: Վստահ ենք, որ դա կնպաստի կողմերի միջև վստահության հետագա ամրապնդմանը և առաջընթացին՝ դեպի կարգավորման էական ասպեկտներով փոխզիջում: Հուսով ենք, որ Ժնևում նախագահների հանդիպման արդյունքներով արձանագրված կառուցողական մթոնոլորտը բանակցությունների ժամանակ կպահպանվի: Ակնկալում ենք արդյունավետություն մինչ տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ համանագահների հանդիպումներից»,-ասել է Լուկաշևիչը: ԵԱՀԿ-ում ՌԴ-ի ներկայացուցիչը կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության անհրաժեշտ պայման է հանդիսանում տարածաշրջանում խաղաղության ու կայունության աջակցումը:

1in.am
10-11-2017 08:51