Արթուր Պետրոսյանը ցույց տվեց մեր տեղը…

10-11-2017 00:30

«Ասեմ, որ իմ ապագան այս խաղի հետ ոչ մի կապ չուներ, այս խաղից առաջ ամեն ինչ որոշված էր: Երկարացնելու ենք պայմանագիրս երկու տարի ժամկետով, և հետո կտեսնենք, թե ինչ է լինում»,- Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումից հետո հայտարարեց մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: Իսկ ի՞նչ պետք է լինի: Հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը ընկերական խաղում Երևանում 5:0 հաշվով հաղթեց Սենտ Քիթս և Նևիսի հավաքականին, սակայն հուլիսի 10-ին Պոդգորիցայում արդեն պաշտոնական մրցավեճում 4:1 հաշվով զիջեց Մոնտենեգրոյին: Աշխարհի առաջնության ընտրական փուլում տապալվելուց հետո Պետրոսյանը շարունակ քննադատության է արժանանում, և շատերը կարծում են, որ նա ուղղակի մարզիչ չէ: Երեկ Արթուր Պետրոսյանը կրկին անգամ փաստեց և ընդունեց, որ իր գլխավորած հավաքականը ոչ այլ ինչ է, քան փալաս: Մասնավորապես, լրագրողներից մեկը մեր մարզչին հետևյալ հարցն ուղղեց. պարոն Պետրոսյան, մեր հաջորդ մրցակիցը Կիպրոսն է, և հաջորդ մրցակիցներն «Ազգերի լիգայում» նույնպես լինելու են Բելառուսի, Կիպրոսի մակարդակի թիմեր: Արդյոք դա չի՞ նշանակում, որ դա մեր ֆուտբոլի համար նահանջ կլինի, և այն չի զարգանա: «Քիչ առաջ նշեցի, որ մեր նպատակը հաջորդ տարի «Ազգերի լիգայում» հաջող հանդես գալն է: Սա մեր մակարդակն է, մեր մակարդակի մրցակիցներ են, և կարծում եմ՝ ավելի օգտակար է նման թիմերի դեմ խաղալը: Իհարկե, մենք ցանկություն ունենք ավելի բարձր մակարդակի թիմերի դեմ խաղալ, և դրա համար ունենք չորս խաղի հնարավորություն՝ երկուսը՝ մարտին, երկուսը՝ հունիսին: Ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ժամանակահատվածում չորս խաղ անցկացնենք: Չնշեմ որ թիմի հետ, բայց բանակցություններ են ընթանում, և հնարավորության դեպքում ավելի բարձր մակարդակի թիմ կհրավիրենք»: Ազգերի լիգայի D դիվիզիոնում ընդգրկված թիմերը Եվրոպայում փալասի համբավ ունեն և, ինչպես Հայաստանի հավաքականը, ընտրական մրցաշարերում սովորաբար պարտվում են տպավորիչ հաշիվներով: Նույն Բելառուսը աշխարհի առաջնության ընտրական փուլում երկու անգամ 4:0 հաշվով զիջել էր Շվեդիային, 4:1 հաշվով՝ Հոլանդիային, 1:0 հաշվով՝ Լյուքսեմբուրգին: Խոսելով մեր առաջիկա նպատակների մասին՝ Պետրոսյանը ոչ մի խոսք չասաց 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մասին, որը ազգային հավաքականների համար գլխավոր մրցաշարն է: Ազգերի լիգայի գլխավոր նպատակներից մեկը ընկերական հանդիպումների վերացումն է, և այս մրցաշարը իր վարկանիշով նույնիսկ չես համեմատի ընտրական փուլի հետ: Փաստորեն, Պետրոսյանը երեկ հասկացնել տվեց, որ ընտրական փուլերի մասին այս պահին պետք է մոռանալ, քանզի մեր մակարդակը Ազգերի լիգայի D դիվիզիոնն է, և որ Բելառուսին 4:1 հաշվով հաղթելով՝ պետք է հայ երկրպագուն ցնծություն ապրի: Երեկ Պետրոսյանը ցույց տվեց մեր տեղը՝ հասկացնելով, որ մեր հավաքականից ավելին ակնկալել պետք չէ: Ավելի վաղ Պետրոսյանը հայտարարել էր, որ այսպիսի հավաքականով մեր հավաքականն անելիք չի կարող ունենալ նույնիսկ Ազգերի լիգայում. «Մեզ նոր արյուն է պետք: Դրսում հանդես եկող ֆուտբոլիստները՝ Բայրամյանը, մյուսը-մյուսը, կարող են թարմ ուժ հաղորդել: Ֆուտբոլիստը նախ իր վրա պետք է աշխատի: Այս կազմով բարդ կլինի պայքարել անգամ Ազգերի լիգայում: Ունենք շատ տաղանդավոր և երիտասարդ ֆուտբոլիստներ, բայց աճ չի նկատվում նրանց մոտ: Միգուցե բավարարվում են, որ խաղում են Բարձրագույն խմբում կամ մինչև 21 տարեկանների հավաքականում: Կարծում եմ, որ ֆուտբոլիստն է իր աճի համար պատասխանատու: Նրանք պետք է լավ խաղան, աճ գրանցեն, նոր մենք նրանց հրավիրենք հավաքական»,- նշել էր նա: Այսինքն՝ Արթուր Պետրոսյանի համար Բելառուսի նմատմամբ տարած հաղթանակը հիմք դարձավ, որպեսզի նա հայտարարի, որ Հայաստանի հավաքականի գլխավոր նպատակն Ազգերի լիգայում հաջող հանդես գալն է: Կարծում ենք՝ բոլորի համար է պարզ, թե ինչ նպատակով էր կազմակերպվել Բելառուսի հետ ընկերական հանդիպումը: Արթուր Պետրոսյանի հայտարարությունը մեր մակարդակի մասին, ինչ խոսք, համապատասխանում է իրականությանը: Նրա «ջանքերով» մենք վերջնականապես գտանք մեր տեղը Ազգերի լիգայի փալասների դիվիզիոնում: Բայց ասել, որ մեր գլխավոր նպատակը փալասների լիգայում հաջող հանդես գալն է և չխոսել ընտրական փուլի մասին՝ նշանակում է վերջնականապես թաղել ազգային թիմը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում է անցկացնելու՝ մրցելով Ազգերի լիգայի D դիվիզիոնի մեկ այլ ներկայացուցչի՝ Կիպրոսի ազգային հավաքականի հետ:

1in.am
10-11-2017 00:30