«Սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ և նմանատիպ առևտուրը միշտ իր սև կողմն ունի». Էդվարդ Նալբանդյան

10-11-2017 18:05

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը իսրայելական ITV24 հեռուստաընկերությանը: -Ձեր այցի առնչությամբ, կարող եմ ասել՝ շատ հազվադեպ երևույթ է, որ Հայաստանի ԱԳ նախարարն այցելում է Իսրայել: -Ավելի շուտ կասեի՝ շատ հազվադեպ է, երբ Իսրայելի ԱԳ նախարարն է հյուրընկալվում Հայաստանում: Հայաստանի բոլոր ԱԳ նախարարներն այցելել են Իսրայել: Ես գրեթե տասը տարի եղել եմ Իսրայելում ՀՀ դեսպան, ուստի սա իմ առաջին այցելությունը չէ Իսրայել: Մշտապես ուրախ եմ վերադառնալ Երուսաղեմ: Այս այցելությունն իրականացնում եմ վարչապետ, ԱԳ նախարար Բենիամին Նեթանյահուի հրավերով: Կարճ, բայց բավականին հագեցած այց էր: Հանդիպումներ ունեցա վարչապետ Բենիամին Նեթանյահուի, տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի, Երուսաղեմի հարցերով նախարար Զեև Էլկինի, խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնի, ինչպես նաև խորհրդարանի փոխխոսնակ Թալի Պլոսկովի հետ, ով նաև Հայաստան – Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն է: Հնարավորություն ունեցա հանդիպելու Հայոց պատրիարքի հետ: Մենք ունենք բազմադարյա կարևոր հայկական ներկայություն Երուսաղեմում: Ինչպես միշտ, օգտվելով առիթից, այցելեցի Յադ Վաշեմ և հարգանքի տուրք մատուցեցի Հոլոքոսթի զոհերի հիշատակին: Ինչպես նշեցի, սա իմ առաջին այցելությունը չէր Յադ Վաշեմ: Յադ Վաշեմը Երուսաղեմում և Ծիծեռնակաբերդը Երևանում կոչ են անում են մեզ բոլորիս՝ հատկապես հայ ու հրեա ժողովրդին, որոնք վերապրել են ցեղասպանության սարսափները, որ մենք բարոյական պարտավորություն ունենք համախմբելու մեր ջանքերը` պայքարելու նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների դեմ: – Այս համատեքստում ցանկանում եմ հարցնել, թե ինչպիսին են Ձեր ակնկալիքներն Իսրայելից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ: Արդյոք առկա իրավիճակը բավարար եք գնահատում: Արդյոք այդ հարցը ներառված է եղել Իսրայելում կայացած Ձեր հանդիպումների օրակարգում: -Դա եղել և մնում է մեր երկխոսության օրակարգի մաս: Ինչպես ասացի, երկու ժողովուրդները վերապրել են ցեղասպանության սարսափը: Բազմաթիվ գիտնականների, քաղաքական գործիչների կարծիքով ժամանակին Հայոց ցեղասպանության լիարժեք դատապարտման պարագայում գուցե հնարավոր լիներ կանխել Շոան և այլ ցեղասպանություններ: Ահա թե ինչու ակնկալում ենք, որ Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք տեսնում ենք, որ Իսրայելի հանրային կարծիքն արտահայտող ավելի ու ավելի շատ մարդիկ են կողմ հանդես գալիս ճանաչմանը, այդ թվում Խորհրդարանում: Երեկ ես հանդիպում ունեցա Կնեսետի խոսնակի հետ, ով նույնպես բավականին հստակ դիրքորոշում արտահայտեց Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության առնչությամբ: – Ենթադրում եմ, որ Իսրայելի և Հայաստանի միջև բարձրաձայնվող խնդիրներից մեկը Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն են: Ինչպե՞ս եք գնահատում Իրանի դերը Մերձավոր Արևելքում և տարածաշրջանում: Ձեր կարծիքով, արդյոք վերջինս դրական դերակատարություն ունի: – Մենք ունենք լավ հարաբերություններ հարևան Իրանի հետ, համագործակցում ենք տարբեր ոլորտներում: Հաշվի առեք, որ մյուս երկու հարևան երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունենք փակ սահմաններ:, Իրանը, Վրաստանը այն երկու հարևաններն են, որոնց հետ մենք ունենք ոչ միայն բնականոն հարաբերություններ, այլ նաև լավ համագործակցություն: Եվ մենք ջանքեր ենք գործադրում մեր երկկողմ փոխգործակցությունն ու գործընկերությունը զարգացնելու ուղղությամբ: – Արդյոք դա խոչընդո՞տ է Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերություններում: – Ես չեմ կարծում, որ դա խոչընդոտ է Իսրայելի հետ մեր երկկողմ հարաբերություններում, ինչպես որ խոչընդոտ չեն Իսրայելի հարաբերությունները Հայաստանի հարևան որևէ երկրի հետ: -Մենք չենք տեսնում Հայաստանի դեսպան Իսրայելում և Իսրայելի դեսպան Երևանում: Ո՞րն է ուղղակիորեն դեսպաններ չփոխանակելու պատճառը: – Մեր կարծիքը շատ հստակ է. Իսրայելի կողմից Հայաստանում դեսպանություն բացելուն պես, մենք փոխադարձության սկզբունքով դեսպանություն կբացենք Իսրայելում: – Ենթադրում եմ, որ Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերություններում առկա խնդիրներից մեկը կապված է ձեր հարևան Ադրբեջանի հետ: Ադրբեջանցիները պնդում են, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում խնդիրներ են առաջացել կապված հրադադարի խախտումների հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք, արդյոք Հայաստանն է խախտում հրադադարը: -Մենք երբեք չենք խնդրում մեր բարեկամ, գործընկեր երկրներին աջակցել Հայաստանին որևէ մեկի, ներառյալ Ադրբեջանի դեմ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ մեր ակնկալիքն է՝ աջակցել միջազգային հանրության դիրքորոշմանը և համահունչ լինել դրա հետ: Միջազգային հանրությունը մանդատ է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային, միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Սա բացառիկ դեպք է, երբ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, իրենց երկրների նախագահների մակարդակով, հինգ հայտարարություններ են ընդունել՝ որպես մեկ ամբողջություն մշակված հստակ սկզբունքների և տարրերի միջոցով` մանրամասն ներկայացնելով, թե ինչպես կարող է հանգուցալուծվել հակամարտությունը: Եվ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է համանախագահ երկրների դիրքորոշման հետ, այսինքն` միջազգային հանրության դիրքորոշման հետ: – Միջազգային հանրության դիրքորոշումը այն է, որ այդ տարածքները ադրբեջանական են, այդպես չէ՞: -Դա միջազգային հանրության դիրքորոշումը չէ: Ինչպես ես ասացի, միջազգային հանրության դիրքորոշումն արտահայտված է երեք համանախագահ երկրների նախագահների հինգ հայտարարություններում, և այնտեղ շատ հստակորեն ասված է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, որը միջազգային իրավական պարտադիր ուժ կունենա, ներառյալ Ադրբեջանի համար: Սա է միջազգային հանրության դիրքորոշումը, և մենք աջակցություն ենք հայտնում այս դիրքորոշմանը, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ինչ վերաբերում է հրադադարի խախտումներին, և, ի դեպ, սա նաև երեք համանախագահ երկրների դիրքորոշումն է, այսինքն` նաև միջազգային հանրության ու Հայաստանի դիրքորոշումը, որ պետք է հարգվեն 1994-1995թթ. Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված եռակողմ անժամկետ համաձայնագրերը` հրադադարի հաստատման և հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին: Ադրբեջանը մշտապես փորձում է չհարգել հրադադարի համաձայնագրերը և նույնիսկ հարցականի տակ դնել այդ համաձայնագրերի ուժի մեջ լինելը: Սա է տարբերությունը մեր և Ադրբեջանի դիրքորոշումների միջև: Ավելին, միջազգային հանրությունը երեք համանախագահների միջոցով հանդես է եկել հրադադարի համաձայնագրերի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծելու մասին առաջարկով: Հայաստանն աջակցում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկին, որը կարող է նաև ծառայել որպես կանխարգելման մեխանիզմ: Ադրբեջանը մերժում է այս մեխանիզմի ստեղծումը: Իհարկե, եռանախագահ երկրները միջնորդներ են և միշտ չէ, որ կարող են իրենց կարծիքը արտահայտել բաց և հրապարակային ձևով: Չնայած դրան նրանք մշտապես ասում են, որ այն կողմը, որը հրաժարվում է կանխարգելման մեխանիզմի ստեղծումից, կրում է հրադադարի խախումների ողջ պատասխանատվությունը: -Որո՞նք են Ձեր սպասելիքները Իսրայելից ռազմական օգնության կամ ռազմական արտահանումների առումով, քանի որ գիտեմ, որ դա խնդիր է հանդիսացել երկու երկրների միջև: -Սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ և նմանատիպ առևտուրը միշտ իր սև կողմն ունի, որը կարող է հանգեցնել որոշ բացասական հետևանքների: Հայաստանի և Իսրայելի հարաբերություններում կարևորն այն է, որ մենք որևէ հարց քննարկելու համար արգելք չունենք, նույնիսկ զգայուն հարցերը մենք անկաշկանդ քննարկում ենք և փորձում լուծումներ գտնել: -Այդ հարցի շուրջ ինչպիսի՞ն են Ձեր սպասումներն Իսրայելից: – Ասացի այն, ինչ կարող էի ասել Ձեզ: Մենք բաց և շատ դրական քննարկումներ ենք անցկացնում:

1in.am
10-11-2017 18:05