Արցախում Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ

10-11-2017 18:34

Նոյեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված կառավարության նիստ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Համապատասխան զեկույցներով և ելույթներով հանդես են եկել պետական մի շարք կառույցների ղեկավարներ: Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ տեղի է ունեցել պետական բյուջեի նախագծի շահագրգիռ և բազմակողմանի քննարկում՝ նշելով, որ բյուջեի նախագիծը կարող է հավանության արժանանալ: «Մեր երկրի գալիք տարվա գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը արտացոլում է պետական քաղաքականության հիմնական ուղղությունները և իր էությամբ իրատեսական է»,- ընդգծել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ այս ամենին հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է լինելու բոլոր նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացում, բյուջետային միջոցների նպատակային օգտագործում, միջոցների օգտագործման վերահսկողության բարձր մակարդակի ապահովում, իրատեսական ծրագրերի մշակում և իրականացում: «2018 թվականի պետական բյուջեի կազմման առաջին փուլը կարելի է համարել ավարտված: Դրանից հետո նախագիծը օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով, որտեղ կլինեն ակտիվ ու գործնական քննարկումներ»,- իր ելույթում նշել է Նախագահ Սահակյանը: Նիստում նաև հավանության է արժանացել ««ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Գործադիր մարմինը հավանություն է տվել հարկային օրենսդրության փոփոխությունների նախագծի փաթեթին: Կառավարության անդամները հավանություն են տվել Արցախի Հանրապետության առողջապահության պետական նպատակային ծրագրերին, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, հաշմանդամների սոցիալական պաշտպանության, զբաղվածության կարգավորման, փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2018 թվականի տարեկան ծրագրերին և հաստատել ծրագրերով նախատեսված միջոցառումների ցանկերը: Գործադիր մարմնի հավանությանն արժանացած օրինագծերն ու պետական ծրագրերը սահմանված կարգով Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում կներկայացվեն Ազգային ժողով:

1in.am
10-11-2017 18:34