Վերջին խաղի էֆեկտը. Որ հարցի պատասխանը կտա Հայաստան-Կիպրոս հանդիպումը

11-11-2017 17:00

Նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այս տարվա վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Կիպրոսի հետ: Օրեր առաջ տեղի ունեցած Բելառուսի ազգային հավաքականի հետ ընկերական հանդիպումը, կարծում ենք, դեռ երկար կհիշվի: Ազգային թիմին երկրպագելու էին եկել ընդամենը մի քանի հարյուր երկրպագուներ: Նրանց կեսը «Հանրապետական» էին եկել, քանզի խաղի տոմսերը նվեր էին ստացել: Մարզադաշտում ներկաների մեծ մասը նույնիսկ չէր ոգևորվում Հայաստանի հավաքականի խփած գոլերից: Բոլորը հասկանում էին, որ հասել ենք վերջին կանգառին: Երևան ժամանելուց առաջ ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի հավաքականը՝ Գորիում մրցելով Վրաստանի հետ: Ու թեև վրացիները ևս ձախողվել էին աշխարհի առաջնության ընտրական փուլում, այդուհանդերձ Թենգիզ Բուրջանաձեի անվան մարզադաշտում ներկա էին մոտ 5 հազար երկրպագուներ: Սա նշանակում է, որ ի տարբերություն հայերի՝ վրացիները վերջնականապես չեն հուսահատվել և հավատում են իրենց հավաքականին: Վրացիները գիտակցում են, որ ազգային հավաքականը երկրի դեմքն է: Եվ որ ամենակարևորն է՝ վրացիները չունեն Ռուբեն Հայրապետյան, որը հասարակությունից խլել է ֆուտբոլի ազգային հավաքականը: Արդեն հասել ենք այն մակարդակին, որ մեր հավաքականի՝ նույնիսկ Բելառուսին հաղթելն անհավանական ենք համարում: Ու թեև ՀՖՖ-ն հերքում է Հայաստան-Բելառուս հանդիպման պայմանավորված լինելը, այնուամենայնիվ ֆուտբոլասերների 90 տոկոսը վստահ է՝ այն «ծախված է» եղել: Եթե նույնիսկ հրապարակվեն հիմնավոր փաստեր մրցավեճի արդար ընթացքի վերաբերյալ, միևնույն է՝ մարդիկ կպնդեն, որ Հայաստանը չէր կարող 4:1 հաշվով հաղթել Բելառուսին: Եթե նույնիսկ արդար պայքարում հաղթենք Կիպրոսին, միևնույն է՝ ֆուտբոլասերների շարքերում ոմանք կմտածեն, որ հայկական կողմը գնել է խաղը: Իսկ ինչ նշանակություն կարող է ունենալ Կիպրոսի հետ հանդիպումը Հայաստանի հավաքականի և ընդհանրապես հայկական ֆուտբոլի համար: Բելառուսի հետ աղմկահարույց հանդիպումից հետո թե՛ բուքմեյքերների և թե՛ ֆուտբոլային փորձագետների ուշադրությունը լինելու է Հայաստան-Կիպրոս հանդիպման վրա: Ուշադրության կենտրոնում է լինելու նաև խաղի վրացի գլխավոր մրցավար Գեորգի Վադաչկորիան: Վերջինս կփորձի հնարավորինս օբյեկտիվ վարել խաղը՝ ցույց չտալով իր համակրանքը հարևան երկրի ազգային թիմի նկատմամբ: Թե՛ Բելառուսը և թե՛ Կիպրոսը կարգով հավասար թիմեր են, և առաջիկա հանդիպումը կտա կարևոր մի հարցի պատասխան: Կիպրոսի հաղթանակի դեպքում նոր թափ կստանան Բելառուսի հետ խաղի անարդար լինելու մասին խոսակցությունները, և բոլորը հերթական անգամ կհամոզվեն, որ Արթուր Պետրոսյանի գլխավորած Հայաստանի ազգային թիմն այսօր ի զորու չէ հաղթել նույնիսկ եվրոպական ցածր մակարդակի հավաքականների: Բնական է, որ Արթուր Պետրոսյանն ու մեր հավաքականի ֆուտբոլիստները, այսպես ասած, «վիզ» են դնելու Կիպրոսին հաղթելու համար: Նրանք ցանկանում են ցուցադրել տպավորիչ խաղ և վերջ դնել Բելառուսի հետ հանդիպումը ծախված լինելու մասին խոսակցություններին: Կհաջողվի՞ արդյոք մերոնց հաղթել Կիպրոսին՝ դժվար է ասել: Բայց այն, որ 2017 թվականի վերջին խաղը ավելի է լինելու, քան ընկերական մրցավեճը՝ միանշանակ է: Երեկ տեղի ունեցած Վրաստան-Կիպրոս հանդիպումն անցավ հավասար պայքարում, և դաշտի տերերը 1:0 հաշվով հաղթանակի հասան Կիպրոսի դարպասապահի կոպիտ սխալի արդյունքում: Վրաստանի հետ հանդիպումից առաջ էլ կիպրացիները աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում լարված մրցավեճում 1:2 հաշվով զիջել էին Հունաստանին: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում մեր առաջիկա մրցակիցը գտնվում է 86-րդ հորիզոնականում: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն այս պահին 90-րդն է աշխարհում, իսկ Բելառուսը՝ 91-րդը: Նշենք, որ տեղական բուքմեյքերական ընկերությունների ծրագրից բացակայում է Հայաստան-Կիպրոս հանդիպումը: Միջազգային բուքմեյքերական ընկերությունները Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատել են 2.3, ոչ-ոքին՝ 3.5, իսկ Կիպրոսի ազգային հավաքականի հաղթանակը՝ 3.1 գործակցով: Սա նշանակում է, որ բուքմեյքերները այս մրցավեճում նախապատվությունը տալիս են Հայաստանին:

1in.am
11-11-2017 17:00