Մենք ո՛չ աղանդ ենք, ոչ էլ պատանդ. Կարո Փայլանը՝ Թուրքիայի վարչապետի օգնականին

13-11-2017 10:08

Ֆրանսիական «Նոր Յառաջ»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի հայ երեսփոխան Կարո Փայլանը 2018-ի ազգային բյուջեի քննարկումների ժամանակ բանավեճ է ունեցել Թուրքիայի վարչապետի օգնական Հաքան Չավուշօղլուի հետ: Փայլանն առարկել է վարչապետի օգնականի՝ երկրի քրիստոնյա փոքրամասնությունների հասցեին օգտագործած «նրանք մեր կողմից երաշխավորված ավանդներ են» արտահայտության դեմ: Վարչապետի օգնական Չավուշօղլուն Վաքըֆների ընդհանուր տնօրինության և իրեն ենթակա այլ կազմերի տարեկան բյուջեն ներկայացնելիս պատասխանել է նաև երեսփոխանների հարցերին: Այդ շրջագծով բանավեճ է տեղի ունեցել Փայլանի ու նախարարի միջև: «Իմ ապրած պայմանները ինձ մղում են փոխադարձ ընկալման: Երկրի մեջ մնացած փոքրամասնությունները մեզ ավանդ են: Պոլսում բնակվող փոքրամասնությունները ավանդ են մեր պետությանը, ինչպես որ արևմտյան Թրակիայի իսլամ փոքրամասնություններն էլ ավանդ են Հունաստանին»: Նախարար Չավուշօղլուն այս խոսքերից հետո իր ելույթը շարունակել է՝ ասելով. «Սա ո՛չ միայն իմ անձնական համոզումն է, այլև մեր կառավարությունն էլ է փափագում, որ երկրի քաղաքացիները տիրանան բոլոր իրավունքներին: 2013-ին արդեն այս մասին շրջաբերական ենք հրատարակել: Թուրքիայի Պատժական օրենքում բանտարկության պատիժ է սահմանված խտրականության համար: Մեր համոզմամբ՝ երկրի փոքրամասնությունները պետք է լիակատար քաղաքացիներ համարվեն»: Նա թվել է այն բոլոր հաստատությունները, որոնք անցյալում առգրավված էին, իսկ հետո վերադարձվեցին իրենց նախկին տերերին: «2003-2014-ի ընթացքում 1029 կալվածքներ վերադարձվեցին իրենց նախկին տերերին: Իսկ 21 կալվածքների համար պետությունը հատուցում կատարեց»,- նշել է Չավուշօղլուն՝ անդրադառնալով նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Այս բացատրություններից հետո Չավուշօղլուն, ակնարկելով ՀՏՓ-ի Պոլսո երեսփոխան Կարո Փայլանին, հարցրել է՝ արդյոք ինքը լուր ունի՞ Երևանում գտնվող Սարդարի պալատից: «Ո՞ւր է այդ պալատը հիմա: Մնացորդներն իսկ կա՞ն այսօր: Գիտեք, թե ո՛վ է կառուցել այն. Ռևանի Խան Հյուսեին Ալին: Խնդրեմ, հիմա մամլո ժողով գումարեք և այս բոլորի հայտնաբերման համար կոչ ուղղեք Հայաստանի կառավարությանը: Եթե իրենք չեն կարող, թող ԹԻՔԱ-ի (Համագործակցության և համակարգման թրքական գործակալություն-ՆՅ) հետ կապ հաստատեն, մենք պատրաստ ենք պետք եղած աջակցությունը ցուցաբերել»: Կարո Փայլանը նիստի ընթացքում հակազդել է նախարարի այս խոսքերին: Փայլանն ավելի հետո իր ընդվզումը արտահայտել է հետևյալ խոսքերով. «Դժբախտաբար, կառավարությունը և իրենց հետ միասին ամբողջ պետական համակարգը, ինչպես երևում է, վերջին երկու տարիներին որդեգրել են պետության նախկին մտածելակերպը: Այժմ լսում ենք այնպիսի խոսքեր, որոնց արդեն սովոր էինք մեր մանկության տարիներից: Ես այդ օրը նախարարին հայտնեցի, որ մենք ո՛չ աղանդ և ոչ էլ պատանդ ենք: Մենք քաղաքացիներ ենք, քաղաքացիներ, որոնք հազարավոր տարիներ ի վեր բնակվում են այս հողի վրա: Պետությունը ստիպված է մեզ հետ հարաբերություններում որդեգրել համաշխարհային սկզբունքների թելադրած կանոնները: Ինքը ծնվել է Գյումյուլջիում: Հետևաբար պետք է քաջ իմանա փոքրամասնությունների խնդիրները: Սխալ գործած կլինի, եթե Գյումյուլջիում իր դեմ գործադրված անարդարությունները այստեղ ցանկանա մեր դեմ գործադրել: Փոխանակում ասվածը քաղաքացիների դեմ գործադրելը անընդունելի է: Եթե Հունաստանն իր երկրի փոքրամասնությունների դեմ ավելի անարդար գտնվի, ինքն է՞լ այստեղ մեր դեմ անարդարություն պիտի անի: Թուրքիան Լոզանի դաշնագրով պահանջներից առաջին շեղվողը եղավ: Ունևորության տուրքի գործադրությունը, փոքրամասնությունների դպրոցների իրավունքների հափշտակումը, Պատրիարքարանի իրավիճակի մերժվելը հետզհետե Հունաստանին էլ ստիպեցին փոխադարձ միջոցներ ձեռնարկել: Ես Թուրքիայի Հանրապետության երեսփոխան եմ: Ինձնից չեք կարող Հունաստանի կամ Հայաստանի որևէ մերժողական քաղաքականության հաշիվը պահանջել: Թուրքիան պետք է արդար քաղաքականություն վարի, որպեսզի ես էլ ձեզ հետ միասին Հունաստանի կամ Հայաստանի բացասական գործունեությունների դեմ պայքարեմ»: Կարո Փայլանն անդրադարձել է նաև պատրիարքական և համայնքային հաստատությունների ընտրության խնդրին: «Հայ համայնքը խնդիրներ ունի, որոնք շտապ լուծումների կարիք ունին: Պետք է շուտով կատարվի պատրիարքի ընտրությունը, և պատրաստված նոր կանոնագրի հիման վրա էլ ձեռնարկվեն համայնքային հաստատությունների ընտրություններ»,- ասել է Փայլանը:

1in.am
13-11-2017 10:08