Թուրքիայում հիմնվել է ազգայնական նոր՝ «Լավ» կուսակցությունը… երկու հայերով

13-11-2017 10:58

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) նախկին անդամ, քաղաքական գործիչ Մերալ Աքշեները, որը նախկինում եղել է ներքին գործերի նախարար և խորհրդարանի փոխնախագահ, 2016-ին MHP-ի ներքին ընդդիմադիրների ճակատը գլխավորելուց հետո՝ հատկապես կուսակցության պարագլուխ Դևլեթ Բահչելիի դեմ, նույն տարվա սեպտեմբերին վտարվել էր այնտեղից: 2017 հոկտեմբերի 25-ին նա հիմնել է նոր կուսակցություն՝ «Լավ» («İyi»), որ հավակնում է Էրդողանի հետ գործակցող MHP-ից հուսախաբված թուրք ազգայնականներին հավաքել իր շուրջը: Ըստ երևույթին, շատ նախկին MHP-ականներ հատկապես վրդովվել են, երբ Բահչելին, ընդառաջելով Էրդողանի առաջարկին, զորակցել էր նրա հորինած նոր Սահմանադրությանը: Հայ հիմնադիրներ Թուրք մամուլը անդրադառնալով նշյալ կուսակցության մեծ շուքով քաղաքական դաշտ մուտքին՝ խոսում է նաև դրա հայ հիմնադիրների մասին: Ասվում է, թե նորաստեղծ կուսակցությունը ունի 60 հոգանոց հիմնադիր խորհուրդ, որին մաս են կազմում նաև երկու հայեր՝ Էլմաս Կիրակոսը և Թայլան Եըլդըզը: Թուրքական թերթերը խոսում են այդ երկու հայերից հատկապես Էլմաս Կիրակոսի մասին՝ երբեմն ուշագրավ պնդումներով: Օրինակ՝ Çukurova Barış gazetesi առցանց թերթի լրագրող Էոմեր Ալփդողանը այդ մասին գրում է. «Էլմաս Կիրակոսը անհանգստացնում է շատ թուրք ազգայնականների: Այսինքն՝ նրանք զարմանում են, թե ինչպե՞ս կարող է հայը թուրք ազգայնական լինել, և հարձակվում են նրա վրա: Որոշ ազգայնականներ էլ ենթադրում են, թե Էլմաս Կիրակոսը Հայաստանի կողմից ուղարկված լրտես է: Սակայն ես կարծում եմ, որ մեր այդ պիտակավորումները սխալ են, և տիկին Էլմասն իրոք նվիրված է Թուրքիային և թուրք ազգայնականությանը: Նման օրինակ նախկինում արդեն եղել է, երբ «Ազգայնական շարժում» կուսակցության կազմում էր հայտնի հայ գործիչ Լևոն Փանոս Դաբաղյանը»,- գրում է թուրք լրագրողը: Թուրքական «haber7.com» առցանց թերթն էլ հիշեցնում է, որ 2014-ին «Ակոս»-ին տված հարցազրույցում Էլմաս Կիրակոսը արդեն իսկ հայտարարել էր, թե լավ հարաբերություններ ունի Մերալ Աքշեների հետ: «Տիկին Մերալը մեր տոներին այցելում է մեր եկեղեցիները, նստում-զրուցում ենք: Սիրում եմ իրեն: Մեր վերջին հանդիպմանը ինձ «աղջիկս» ասաց»,- նշյալ հարցազրույցից նրա խոսքերն է մեջբերում թերթը՝ հավելելով, թե Էլմաս Կիրակոսը նախկինում նաև հայտարարել է. «Եկեղեցի եմ հաճախում: Իմ հավատքը ունեմ: Հայ եմ և երբեք չեմ ուրանա ծագումս: Թուրք քաղաքացի եմ, բայց ծագումով հայ եմ: Սիրում եմ հայրենիքս, դրոշս (իմա՝ Թուրքիան և թրքական դրոշը -ՆՅ) և պատիվ եմ զգում Թուրքիայում ապրելով, Աթաթյուրքի զավակը լինելով»: haber7.com-ը հիշեցնում է նաև, որ երբ նախկինում Էլմասին հարց էր տրվել, թե ի՞նչ է մտածում Մերալ Աքշեների՝ «Աբդուլլահ Օջալանը հայի սերմ է» (ազգայնական թուրքերի բերնի ծամոց, կրկնակի նախատինք՝ թե՛ հայկականության վերագրումով, թե՛ դրա գռեհիկ ձևով բնութագրմամբ-ՆՅ) պնդումին, նա պատասխանել էր. «Գուցե այդպես է խոսել ահաբեկչության պատճառով. չպետք է մոռանալ, որ ներքին գործերի նախկին նախարար է: Գուցե, իր եղբայրը նահատակված լինելով, զգացականությամբ նման բան ասած լինի: Կանայք ավելի զգայուն են»: Ինչ վերաբերում է Թայլան Եըլդըզին, միայն ասվում է, թե «Գուգլի» պաշտոնից հրաժարվել է՝ միանալու համար Աքշեների կուսակցությանը: Սոցիալական հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ «Լավ» կուսակցությունը վայելում է բավական մեծ ժողովրդականություն, և ակնկալվում է, որ առանց մեծ դժվարության կկարողանա մուտք գործել խորհրդարան:

1in.am
13-11-2017 10:58