Վանի պատմական հայկական եկեղեցին որպես ախոռ են օգտագործում

13-11-2017 11:16

Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ Վանի Կևաշ (պատմական՝ Ոստան) շրջանի Ալթընսաչ գյուղում գտնվող հայկական Ս. Թովմաս կիսավեր եկեղեցին այժմ օգտագործվում է որպես ախոռ՝ հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը: Վանա լճի ափից ոչ հեռու՝ 400 մետր բարձունքի վրա 10 կամ 11-րդ դարում կառուցված եկեղեցում ամփոփված էին Թովմաս առաքյալի մասունքները: Եկեղեցին 1671 թվականի վերանորոգումից հետո վերածվել է վանական համալիրի: Պատերին գանձ որոնողների բացած անցքերի ու շինության հասցված վնասների հետևանքով լքված եկեղեցին այժմ կանգնած է փլուզման վտանգի առջև: Ս. Թովմաս այցելած թրքական Gazetekarınca.com առցանց թերթի հետազոտող-լրագրող Իքրամ Իշլերը, հայտնելով իր տպավորությունները, գրում է. «Ժամանակին այստեղ հավատք կար: Քրիստոսի առաքյալները կային: Հնչում էր հոգևոր երաժշտություն, ու պատարագներ էին մատուցվում: Սակայն հասել է այն օրը, երբ եկեղեցին որպես ախոռ են օգտագործում»: Մի քանի տարի առաջ Վանի զբոսաշրջության վարչությունը եկեղեցին հայտարարել էր զբոսաշրջային գոտի: Հակազդելով պատկան մարմինների անհետևողականությանը` լրագրողը գրում է, որ երբ զբոսաշրջիկը եկեղեցի այցելի՝ ախոռ պիտի գտնի ու պիտի զարմանա: Գրում է նաև, որ Վանի մշակույթի վարչությունը դեպի եկեղեցի բարձրացող ճամփա է կառուցել, սակայն այն իր նպատակին չի ծառայում, որովհետև կուպրի բացակայության պատճառով ցեխ է առաջանում և անանցանելի դառնում:

1in.am
13-11-2017 11:16