Ո՞ւմ տեղը դրեց Հայաստանի հավաքականը, և ում վրա ենք հույսներս դրել

13-11-2017 13:30

Լյուքսեմբուրգում ընթացող մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի՝ 3:3 խաղաց Շոտլանդիայի հետ: Հիշեցնենք, որ առաջին խաղում մեր հավաքականը 5:0 հաշվով պարտվել էր Չեխիային: Շոտլանդիայի նկատմամբ դրական արդյունքը իրական ցնծություն առաջացրեց ֆուտբոլասերների շարքում: Ավելին, ոգևորությունն այնքան մեծ էր, որ տեղական մարզական կայքերից մեկը այս ոչ-ոքին վերնագրեց. «Բիչախչյանն ու ընկերները «տեղը դրեցին» քննադատներին»: Հիշեցնենք, որ այս խաղում դուբլի հեղինակ դարձավ Սլովակիայի «Ժիլինայի» 18-ամյա հարձակվող Վահան Բիչախչյանը: Վերջինիս հեղինակած գոլերը մեկը մեկից տպավորիչ են: Ինչ խոսք, բոլորի համար պարզ է, որ տեղական մարզական կայքերի զգալի մասը սպասարկում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, բայց ինչպե՞ս հասկանալ «տեղը դրեց» արտահայտությունը: Այսինքն՝ երբ հավաքականը պարտվում է 5:0 հաշվով, չի՞ կարելի քննադատել ֆուտբոլիստներին, մարզիչներին, ֆուտբոլի ֆեդերացիային, որը խայտառակության գլխավոր պատասխանատուն է: 5:0 հաշվով կրած պարտությունից հետո այլևս հնարավոր չէ որևէ մեկին տեղը դնել, քանզի տեղը դնողը չի պարտվում նման հաշվով: Հասկանալի է, որ մեր երկրում, ու ոչ միայն սպորտում, հաղթանակի քաղցը օր օրի ավելի է ուժեղանում: Բայց հասկանալ է պետք, որ Շոտլանդիայի հետ 3:3 խաղալը հաղթանակ չէ, առավել ևս՝ տեղը դնել չէ: Ոչ-ոքի խաղը նույնիսկ բարոյական հաղթանակ չէ: Ավելին, մրցաշարային տեսանկյունից այս արդյունքը զգալի բարդացրել է մեր հավաքականի դրությունը Եվրոպայի առաջնության Էլիտ ռաունդի ուղեգրի համար պայքարում: Մասնավորապես, երկրորդ տուրում Չեխիայի հավաքականը, 5:0 հաշվով հաղթելով նաև Լյուքսեմբուրգին, վերջին տուրից առաջ նվաճեց Էլիտ ռաունդի ուղեգիրը: Ենթախմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար վերջին տուրում շոտլանդացիների հետ խաղում չեխերին կբավարարի նույնիսկ ոչ-ոքին: Այս արդյունքը ձեռնտու է Շոտլանդիային, որը կունենա 5 միավոր և, զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, դուրս կգա հաջորդ փուլ: Հայաստանի հավաքականը վերջին տուրում մրցելու է Լյուքսեմբուրգի հետ, որը կրելով երկու պարտություն՝ վերջին տուրից առաջ կորցրել է բոլոր հնարավորությունները Եվրոպայի առաջնության Էլիտ ռաունդում հայտնվելու: Հաջորդ փուլ դուրս գալու համար մեր հավաքականին անհրաժեշտ է վերջին խաղում հաղթել հնարավորինս խոշոր հաշվով և հուսալ, որ զուգահեռաբար ընթացող Չեխիա-Շոտլանդիա խաղում շոտլանդացիները պարտություն կկրեն: Հայաստանի և Շոտլանդիայի 4-ական միավոր ունենալու դեպքում հաշվի կառնվի խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը: Այս պահին Հայաստանի հավաքականի խփած և բաց թողած գնդակների տարբերությունը -5 է, իսկ Շոտլանդիայի ցուցանիշը +2 է: Սա նշանակում է, որ մեր հավաքականը միայն տեսական հնարավորություն ունի հաղթահարելու ընտրական փուլի արգելքը: Չի կարելի բացառել, որ չեխերն ու շոտլանդացիները, մի կողմ դնելով Fair Play-ի կանոնները, ուղղակի ոչ-ոքի խաղան: Նման օրինակները ֆուտբոլում շատ են: Փաստորեն, Էլիտ ռաունդում հայտնվելը կախված չէ միայն մեր ֆուտբոլիստներից: Պետք է հույսներս դնենք մի հավաքականի վրա, որին վերջին խաղում հաղթելն այնքան էլ պետք չէ: Ու այսքանից հետո հայտարարվում է, որ Հայաստանի հավաքականը տեղը դրեց քննադատներին: Շոտլանդիայի հետ հանդիպումից հետո ոչ ոք չմեղադրեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանին, որը հանդիպման ընթացքում տակտիկական վրիպումներ թույլ տվեց: Երբ թիմը երկու անգամ առաջ է անցնում հաշվի մեջ և չի հաղթում՝ գլխավոր մեղավորը մարզիչն է: Նշենք, որ 55-րդ րոպեին Բիչախչյանը, խփելով երկրորդ գոլը, երկրորդ անգամ էր առաջ մղել Հայաստանի հավաքականին: Ընդամենը 10 րոպե հետո՝ 69-րդ րոպեին, մեր հավաքականն արդեն հետապնդողի դերում էր, և միայն 78-րդ րոպեին Մելքոնյանի խփած գոլի շնորհիվ խուսափեցինք պարտությունից: Հայաստանի մինչև 19 տարեկան հավաքականում հայտավորված 13 ֆուտբոլիստներ «Ավան Ակադեմիա» թիմից են, որը Արտակ Օսեյանի գլխավորությամբ մասնակցում է Հայաստանի առաջին խմբի առաջնությունը: Շոտլանդիայի հետ հանդիպումը ցույց տվեց, որ մեր հավաքականը դրական արդյունքի հասավ մասնավորապես Վահան Բիչախչյանի անհատական վարպետության, ինչպես նաև Կարեն Մելքոնյանի շնորհիվ: Նշենք, որ Մելքոնյանը հանդես է գալիս «Բանանցում»:

1in.am
13-11-2017 13:30