Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան. ՀԺ

14-11-2017 08:38

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն էր՝ 71-ամյակը: Արդեն 18 տարի է, ինչ նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Առ այսօր ակտիվորեն ծավալվում են Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին խոսակցությունները: Այս տարիներին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ Վանո Սիրադեղյանի նկատմամբ չի կարող կիրառվել «վաղեմության ժամկետ» հասկացությունը, քանի որ այն հետախուզման պահից կասեցվում է: Այնինչ, եթե քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը քննությունից թաքնվելու պահից կասեցվում է, ապա սահմանված է ժամկետ, որն անցնելուց հետո անձն ազատվում է պատասխանատվությունից անգամ թաքնվելու ու հետախուզման մեջ գտնվելու պարագայում: Եթե նախկին քրեական օրենսգրքով այդ ժամկետը 15 տարի էր, ապա գործող օրենսգիրքը սահմանում է 20 տարի: Մեր զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը մանրամասնել է, թե ինչ իրավական ընթացակարգեր կլինեն, եթե, այնուամենայնիվ, Վանո Սիրադեղյանը որոշի վերադառնալ: – Պարոն Վարոսյան, ասում են, որ ցանկացած պարագայում Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ: Իրավական առումով կարո՞ղ է վերադառնալ, թե՝ ոչ: – Ինձ թվում է, որ կարող է վերադառնալ՝ հաշվի առնելով այն ժամանակահատվածը, որ ինքը թաքնվում է քննությունից: Այսինքն՝ վաղեմության ժամկետները անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են հետախուզման մեջ, թաքնվում են քննությունից, նախկինում գործող քրեական օրենսգրքով սահմանված է եղել 15 տարի, ներկայումս գործող քրեական օրենսգրքով սահմանված է 20 տարին: – Այսինքն՝ իր պարագայում պետք է կիրառել 15 տարվա՞ վաղության ժամկետ, քանի որ 20 տարվա ծանրացնող դրույթը հետադարձ ուժ չի կարող ունենալ:  – Այո, կարծում եմ, որ պետք է կիրառվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով պատասխանատվությունից ազատելու դրույթը: Այստեղ խնդիրն այն է, թե երբվանից պետք է հաշվել վաղեմության ժամկետը: Վաղեմության ժամկետը, ըստ քրեական օրենսգրքի, պետք է հաշվվի մեղսագրվող վերջին արարքի կատարումից սկսած, բացի դրանից անձը պետք է թաքնվելու ընթացքում այլ հանցագործություններ կատարած չլինի: Եթե անձին վերագրվում է այնպիսի արարքների կատարում, որոնց համար նախկին քրեական օրենսգրքի կիրառմամբ կարող էր նշանակվել մահապատիժ, ապա նախկին քրեական օրենսգրքրի համաձայն՝ այդ պարագայում վաղեմություն կիրառել-չկիրառելու հարցը պետք է լուծի դատարանը: Մենք գիտենք, որ Հայաստանում մահապատիժը որպես պատժատեսակ վերացված է, ուստի, անկախ դատարանի հայեցողությունից՝ վաղեմության ժամկետները ենթակա են կիրառման: Այսինքն՝ այն մեղադրանքերով, որոնք իրեն առաջադրվել են, նախկին քրեական օրենսգրքով սահմանվում էր մահապատիժ: – Եթե Վանո Սիրադեղյանը վերադառնա, ի՞նչ իրավական ընթացակարգեր է նախատեսվում: – Ես կարծում եմ, որ վերադառնալը պետք է ձևակերպվի քրեական գործով, համապատասխան կերպ, դա ինչպես պետք է լինի՝ չգիտեմ՝ հայտնաբերում, ներկայացում, կամովին ներկայացում: Որից հետո դատարանը պետք է համապատասխան որոշում կայացնի, այն դատարանը, որի վարույթում է գտնվում քրեական գործը: Ինքը կարող է ներակայանալ ցանկացած իրավապահ մարմնի, որովհետև հետախուզումը իրականացվում է Հայաստանի Հանարպետության իրավապահ մարմինների կողմից և ոչ միայն Հայաստանի Հանրապետության: Թե ինչ որոշում կլինի, չգիտեմ, սակայն ենթադրում եմ, որ պետք է լինի քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում. պատաճառաբանությունները պետք է դատարանը ներկայացնի: – Իսկ հնարավո՞ր է որ դատարանը որոշում կայացնի ոչ թե քրեական հետապնդումը դադարեցնելու, այլ նրան կալանավորելու վերաբերյալ: – Ես ասացի այն, ինչ նախատեսված է օրենքով: Գիտեմ նաև, որ Հայաստանի Հանրապետությունում, այնուամենայնիվ, այդ հարցը լինելու է քաղաքական որոշման մակարդակով, ուստի ինչ կկիրառվի, ինչ չի կիրառվի, ինչ ավարտ, հանգուցալուծում կունենա ՀՀ-ում, կանխատեսելի չէ: – Ենթադրենք իրավիճակ, որ Վանո Սիրադեղյանը վերադառնում է և չի ներկայանում իրավապահ մարմիններին, այդ դեպքում ի՞նչ է լինում: -Կարծում եմ՝ նման ցանկության դեպքում, անձը կբացահայտի իր գտնվելու վայրն ու նախապես կդիմի Հայաստանի համապատասխան մարմիններին: Նամակ կգրի կամ հյուպատոսարան կգնա, որ այսինչ օրը գալիս եմ: Վանո Սիրադեղյանը որպես մեղադրյալ ներգրավվել է դեռևս 1999 թվականի փետրվարի 19-ին և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հայտնաբերվել և ձերբակալվել է 1999 թվականի մայիսի 3-ին: 2000 թվականին Վանո Սիրադեղյանը հեռացել է Հայաստանից, նրա վերաբերյալ մասն անջատվել էր Վահան Հարությունյանի և մյուսների գործից: Վ. Սիրադեղյանի վերաբերյալ մասով գործի քննությունը դատարանում կասեցվել էր՝ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով: Եթե հիմք ընդունենք Երվանդ Վարոսյանի ասածը, Սիրադեղյանի գործով վաղեմության ժամկետը լրացել է 2015 թվականին: Տվյալ դեպքում, սակայն, կիրառել, թե չկիրառել նրա նկատմամբ վաղեմության ժամկետը, պետք է որոշի դատարանը: Սա փաստացի նշանակում է, որ պետք է լինի քաղաքական որոշում»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am
14-11-2017 08:38