Արգամիչի դինաստիոն տիրապետությունը ավարտվել է. Նշավանում էլ է «ասողը» փոխվել. «Հրապարակ»

14-11-2017 09:28

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները վերջակետել են Արգամիչի դինաստիոն տիրապետությունը ոչ միայն Արտաշատում, այլև «հարակից»` Նշավան գյուղում, ուր «ասողը» մշտապես եղել է Արգամիչի փեսան` հարկայինի բարձրաստիճան չինովնիկ Վահան Մամիկոնյանը: Նա սատարել է իր հորաքրոջ տղային՝ էլ ավելի պատմական անուն ունեցող Պապին՝ Պապ Հակոբյանին, որը Նշավանի գործող գյուղապետն էր` «պապական» հետաքրքիր անցյալով: Խորհրդարանական ընտրությունների շեմին, նույն Վահանի հորդորով, նա դուրս է եկել ՀՀԿ-ից, որպեսզի սատարի ԲՀԿ-ին, նոյեմբերի 5-ի ընտրությունների նախաշեմին էլ կրկին դեմքով դարձել է դեպի ՀՀԿ-ն, որպեսզի կարողանա պահպանել գյուղապետի իր գահը, սակայն 3 ձայնով պարտվել է Արտաշատի նորօրյա «ասող»` Արայիկ Գրիգորյանի կողմից սատարվող, դարձյալ ՀՀԿ-ական Մյասնիկ Հովհաննիսյանին: Գյուղի 1 593 ընտրողից քվեարկել է 903-ը, 441 կողմ ստացել է Մյասնիկ Հովհաննիսյանը, 438՝ Պապ Հակոբյանը, 24 անվավեր: Պապ Հակոբյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ԱԺ ընտրություններից առաջ դուրս է եկել ՀՀԿ-ից և վերջերս կրկին անդամագրվել: Իսկ ՀՀԿ-ից դուրս էր եկել, որ «ժողովրդին թողնի՝ ինքնահոս գնան ընտրության»: Վերադարձաք, որ 6-րդ անգամ ընտրվեք, քանի որ միայն ՀՀԿ-ական լինելո՞վ է հնարավոր հաղթել: «Չէ: Ես 18 հատ անվավեր եմ ունեցել, սխալ նշումներ են արել»: «Գյուղապետ չընտրվեցիք, գուցե կրկի՞ն լքեք ՀՀԿ-ն»: «Չէ, խորհրդարանական ընտրություններից առաջ լքել եմ, հիմա՝ չէ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am
14-11-2017 09:28