ՀՖՖ մամուլի քարտուղարն ազատվել է պաշտոնից

14-11-2017 11:37

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայ Կարապետյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Ֆեյսբուքյան իր էջում Կարապետյանը գրել է. «Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ ձեզ, որ, նոյեմբերի 13-ի առավոտից սկսած, սեփական դիմումիս համաձայն, դադարեցրել եմ աշխատանքս ՀՖՖ Մամուլի քարտուղարի պաշտոնում և, առհասարակ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում: Այդ պահից սկսած և այսուհետ՝ պատասխանատու չեմ ՀՖՖ պաշտոնական կայքում և սոցցանցերում հրապարակվող նյութերի( հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր և այլն) բովանդակության, ուղղվածության և որակի համար: Ուզում եմ խորին երախտագիտություն հայտնել ՀՖՖ ղեկավարությանն այս 5 տարիների ընթացքում իմ նկատմամբ ցուցաբերած վստահության և ինձ ընձեռած հնարավորությունների համար: Սա ինձ համար մասնագիտական առումով և կյանքի մեծ փորձ էր: Մի խոսքով՝ “это была славная охота”. Շնորհակալություն նաև ՀՖՖ բոլոր գործընկերներիս համատեղ արդյունավետ աշխատանքի և մարդկային հարաբերությունների համար: Շնորհակալություն բոլոր լրագրողներին, որոնց գոնե մի մասը վստահաբար կտխրի՝ լսելով այս լուրը: Նրանց, ովքեր կուրախանան՝ նույնպես շնորհակալություն: Հատուկ շնորհակալություն բոլոր ֆուտբոլիստներին ու մարզիչներին՝ տեղացի և արտասահմանցի, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու այս տարիների ընթացքում: Ձեր հետ շփումներն աշխատանքիս ամենահաճելի մասն էր, մանկական երազանքի իրականացման նման մի բան և մեծ պատիվ: Դրանք ավելի են հարստացրել ֆուտբոլային գիտելիքներս և ջերմացրել հոգիս: Եվս մեկ անգամ Շնորհակալություն բոլորին: Առջևում նոր մարտահրավերներ են:

1in.am
14-11-2017 11:37