Հրաշագործ Ռուբեն Հայրապետյանը. Ի՞նչ է փոխվել Հայաստանի ազգային հավաքականում

14-11-2017 00:30

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 4 օրվա ընթացքում երկու հաղթանակ տարավ: Գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն իսկ խոսում է Ազգերի լիգայում դրված նպատակների մասին: Երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ եկած ֆան ակումբի ներկայացուցիչները, այնուամենայնիվ, երկրորդ խաղակեսում սկսեցին ակտիվ կերպով երկրպագել Հայաստանի հավաքականին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստան-Բելառուս հանդիպման ժամանակ նույն երկրպագուները ի նշան բողոքի լռեցին, ինչպես նաև պարզեցին գործող համակարգը քննադատող պաստառներ: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին սպասարկող սպորտային կայքերն ուղղակի ցնծում են Հայաստանի հավաքականի և Արթուր Պետրոսյանի հաջողություններով: Ու եթե հավատանք առկա մեկնաբանություններին, կստացվի, որ Ռուբեն Հայրապետայնը հրաշագործ է, որը չորս օրում ոտքի կանգնեցրեց Հայաստանի ազգային թիմը: Իրականում թե ինչպես և ինչպիսի խաղով Հայաստանը հաղթեց Բելառուսին և Կիպրոսին՝ թողնում են առանց մեկնաբանության: Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի տապալումից հետո ֆուտբոլասերները անհամբեր սպասում էին ձախողման գլխավոր պատասխանատու Ռուբեն Հայրապետյանի հրաժարականին: Հրաժարականի փոխարեն՝ ՀՖՖ-ն հայտարարեց ազգային թիմի ընկերական հանդիպումներ անցկացնելու մասին, ասել է թե՝ «արջն էր պակասում, նա էլ «պառախոդով» եկավ»: Ռուբեն Հայրապետյանն այս կերպ հասկացնել տվեց, որ ամենևին չի պատրաստվում իր վրա վերցնել տապալման պատասխանատվությունը: Այս տարվա հոկտեմբերի 12-ին «Առաջին լրատվական»-ի «Ռուբեն Հայրապետյանի մեսիջը, կամ՝ ինչու են Բելառուսի հավաքականին հրավիրել Երևան» հոդվածում մասնավորապես հիշատակվել էր. «Բելառուսի հետ ընկերական հանդիպման մասին հայտարարությունից հետո որոշ ֆուտբոլասերներ շտապել են կարծիք հայտնել, որ այդ հանդիպումը պայմանավորված է լինելու: Ավելի ստույգ՝ ՀՖՖ նախագահը, ֆուտբոլային լեզվով, «առել» է այս խաղը: Ըստ սցենարի՝ Հայաստանի հավաքականը կհաղթի, որից հետո կհայտարարվի, որ վերջապես Հայաստանի հավաքականը ոտքի կանգնեց, և լուրջ քայլեր են ձեռնարկվելու առաջիկայում Եվրոպայի առաջնության ընտրական փուլում և Ազգերի Լիգայի խաղարկությունում հաջողության հասնելու համար: Բացի Բելառուսից, հավանական է, որ մեր հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնի և տպավորիչ հաղթանակ տանի: Բացի այն, որ Ռուբեն Հայրապետյանը մտադիր չէ հեռանալ, նա չի ցանկանում աշխատանքից ազատել ազգային թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին»: Հոդվածի հրապարակման օրը դեռևս հայտնի չէր, որ Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնելու նաև Կիպրոսի ընտրանու հետ: Առկա իրավիճակում նման զարգացումները ոչ միայն զավեշտալի են, այլև ծիծաղ են առաջացնում: Ցավալին այն է, որ թե՛ ֆուտբոլասերները, թե՛ ֆուտբոլին մոտ կանգնած մարդիկ չեն համարձակվում պահանջել Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: Ֆուտբոլասերները թերևս բոյկոտեցին Հայաստանի ազգային հավաքականի վերջին ներկայացումները, ասել է թե՝ հասարակությունը շատ լավ հասկանում է, թե իրականում ինչ է կատարվում, բայց… Անտարբերության ու անպատժելիության պայմաններում ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է իր «գործը» և շարունակելու է այնքան ժամանակ՝ մինչև ֆուտբոլը ուղղակի փոշիանա: Կրկին անգամ հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ 2018 թվականի աշխարհի առաջնությունում մեր հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա: Իսկ ձախողում նշանակում է չտիրանալ եզրափակիչ փուլի ուղեգրին: Մեր հավաքականի վերջին ձախողումներից հետո շատերն են հիշատակում Ռուբեն Հայրապետյանի խոսքերը: «Եթե չստացվի, ես հեռանալու եմ: Ես գնում եմ: Երբ եմ ասել, թե այս շրջափուլը չեղավ՝ ես կգնամ: Ես ստախոս չեմ: Ես իմ խոսքը պահում եմ. եթե չկարողացա կարգավորել, գնալու եմ: Հայկական առաջնությունում տոտալիզատոր է մտել, եթե չկարողանամ վերացնել, գնալու եմ: Եթե անկարգապահությունը չկարողանամ վերացնել, գնալու եմ: Հաճույքով կգնամ, ուղղակի հիմա թասիբի են գցել, դրա համար չեմ գնում»,- ասել էր Հայրապետյանը: Այսքանից հետո հավաքականի վերակենդանանալու ու փայլուն խաղի մասին բարձրաձայնելը նշանակում է ևս մեկ ընտրական փուլ խայտառակվել և ձախողվել: Իսկ թե մի քանի օրում ի՞նչ է փոխվել Հայաստանի ազգային հավաքականում՝ գիտեն միայն փայլուն ելույթներից ոգևորվածները:

1in.am
14-11-2017 00:30