Շարունակվող դասադուլը մտահոգել է իշխանություններին. ԿԳ նախարարը խորհրդակցություն է հրավիրել. «Ժողովուրդ»

15-11-2017 08:32

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ զինծառայությունից ուսումնառության նպատակով տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ ուսանողների՝ արդեն երկրորդ շաբաթը շարունակվող դասադուլը ՀՀ իշխանությունների վերնախավին լուրջ մտահոգել է: Նախօրեին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը բուհերի ռեկտորների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել: Նախարարը ռեկտորներից փորձել է պարզել, թե նրանցից յուրաքանչյուրը որքանով է տիրապետում իր ղեկավարած բուհում տիրող իրավիճակին և ինչ միջոցներ է ձեռնարկում դասադուլների մասսայականացումը կանխելու ուղղությամբ: Մեր տեղեկություններով՝ ԿԳ դաշնակցական նախարարը ռեկտորներին հանձնարարել է, որ նրանք իրենց դասախոսներին հրահանգեն՝ ուսանողների բոլոր բացականերն արձանագրվեն, սակայն միևնույն ժամանակ դասադուլավոր ուսանողների հեռացման հարց ոչ մի դեպքում չպետք է բարձրացնեն: Վերը բերված լուրերի առնչությամբ ՀՀ ԿԳՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ասաց, որ նախարար Լևոն Մկրտչյանը պարբերաբար աշխատանքային հանդիպումներ է ունենում ռեկտորների հետ: «Ինչպես գիտեք` գործում է ռեկտորների խորհուրդը, որտեղ հաճախակի կրթության և հատկապես բարձրագույն կրթության բարեփոխումների շուրջ քննարկումներ են տեղի ունենում: Վերջին շրջանում նախարարը երեք անգամ ռեկտորների հետ խորհրդակցություն է անցկացրել բարձրագույն կրթության օրենքի նախագծի շուրջ` անդրադառնալով բարձրագույն կրթության տարբեր դրույթների»,- ասաց խոսնակը: Իսկ ինչ վերաբերում է դասադուլների հետ կապված ռեկտորներին հանձնարարականներ տալու խնդրին, ապա, ըստ Լուսինե Մարգարյանի, դա չի մտնում ՀՀ ԿԳ նախարարի գործառույթի մեջ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am
15-11-2017 08:32