Եթե չլիներ Վահան Բիչախչյանը… Հերթական ապտակը հայկական ֆուտբոլին

15-11-2017 13:30

Մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին՝ երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Լյուքսեմբուրգում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց այս երկրի հավաքականի հետ: Այս խաղից առաջ Արտակ Օսեյանի գլխավորած հավաքականը տեսական հնարավորություն էր պահպանում ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու: Հիշեցնենք, որ առաջին տուրում մեր հավաքականը 5:0 հաշվով զիջել էր Չեխիայի, իսկ երկրորդ տուրում ոչ-ոքի՝ 3:3 խաղացել Շոտլանդիայի հետ: Եվրոպայի առաջնության Էլիտ ռաունդ դուրս գալու համար մերոնց անհրաժեշտ էր հնարավորինս խոշոր հաշվով հաղթել Լյուքսեմբուրգին և հուսալ, որ խմբի մյուս մրցավեճում Չեխիան կհաղթի Շոտլանդիային: Վերջինս 2-րդ տուրից հետո ուներ 4 միավոր: Վերջին տուրից հետո Հայաստանի հավաքականի՝ Շոտլանդիայի հետ 4-ական միավոր ունենալու դեպքում հաշվի կառնվեր խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը: Երկրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականի խփած և բաց թողած գնդակների տարբերությունը -5 էր, իսկ Շոտլանդիայի ցուցանիշը +2 է: Վճռորոշ հանդիպումներից առաջ շատերը չէին բացառում, որ չեխերն ու շոտլանդացիները, մի կողմ դնելով Fair Play-ի կանոնները, ուղղակի ոչ-ոքի կխաղային: Ենթախմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար վերջին տուրում շոտլանդացիների հետ խաղում չեխերին կբավարարի նույնիսկ ոչ-ոքին: Այս արդյունքը ձեռնտու է Շոտլանդիային, որը կունենա 5 միավոր և, զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, դուրս կգա հաջորդ փուլ: Փաստորեն, Էլիտ ռաունդում հայտնվելը կախված չէր միայն մեր ֆուտբոլիստներից: Հույսներս դրել էինք մի հավաքականի վրա, որին վերջին խաղում հաղթելն այնքան էլ պետք չէր: Չեխ ֆուտբոլիստները, մի կողմ դնելով մրցաշարային դրությունը, մեծ նվիրումով խաղացին նաև Շոտլանդիայի դեմ և հաղթեցին 1:0 հաշվով, իսկ մենք… Ու թեև մրցավայր մեկնելուց առաջ Արտակ Օսեյանը հայտարարել էր, որ մեր ֆուտբոլիստները պատրաստ են և կարող են հաղթահարել ընտրական փուլի արգելքը, կարծում ենք՝ բոլորի համար էր պարզ, որ այս մասնագետի գլխավորությամբ Հայաստանը ուղղակի չի կարող դրական արդյունքի հասնել: Այս տարվա մարտին Արտակ Օսեյանը նշանակվել էր Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի գլխավոր մարզիչ, որը նախապատրաստվում էր Անթալիայում կայանալիք Եվրոպայի առաջնության Էլիտ ռաունդին: Այն ժամանակ Հայաստանը Թուրքիային զիջել էր 6:0, Ֆինլանդիային՝ 5:0, և Գերմանիային՝ 10:1 հաշվով: Անթալիայում Հայաստանի ազգային հավաքականը խաղադաշտում անցկացրել էր 4 ժամ: Այդ չորս ժամվա ընթացքում մեր հավաքականն ընդունել էր 21 գնդակ: Օսեյանը որպես գլխավոր մարզիչ աշխատել է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականում: Նրա գլխավորությամբ մեր ընտրանին 2015 թվականին 6 հանդիպում է անցկացրել և կրել է 5 պարտություն: Ի դեպ, Օսեյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականը միակ դրական արդյունքը ցույց էր տվել Լյուքսեմբուրգի գաճաճ հավաքականի հետ մրցավեճում: Մասնավորապես, մեր ֆուտբոլիստներին հաջողվել է ոչ-ոքի՝ 1:1 խաղալ: Այս անգամ, բացի Լյուքսեմբուրգից, Օսեյանին հաջողվեց դրական արդյունքի հասնել նաև Շոտլանդիայի հավաքականի հետ, որի համար շնորհավորում ենք նրան: Նշենք, սակայն, որ շոտլանդացիների հետ դրական արդյունքը գրանցել է Գյումրիի «Շիրակի» սան՝ 18-ամյա Վահան Բիչախչյանի շնորհիվ, որը աչքի ընկավ նաև Լյուքսեմբուրգի հետ խաղում: Եթե 19 տարեկան հավաքականում Բիչախչյանը չլիներ, կարծում ենք՝ Օսեյանին չէր հաջողվի նույնիսկ Լյուքսեմբուրգից «միավոր պոկել»: Սպասվում էր, որ Բիչախչյանը պետք է խաղար Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, որը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Երևանում երկու հանդիպում անցկացրեց Ռուսաստանի և Սերբիայի հավաքականների հետ: Հայկական ֆուտբոլի փառապանծ մասնագետները որոշել էին, սակայն, որ Բիչախչյանը ավելի շատ կարող է օգնել 19 տարեկանների հավաքականին, որն իբր հնարավորություններ ուներ հաղթահարելու խմբային փուլի արգելքը: Վահան Բիչախչյանը ոտնատակ արված հայկական ֆուտբոլի թերևս միակ լուսավոր կողմն է, սակայն նրան այս կամ այն հավաքական տեղափոխելով՝ ոչինչ չի փոխվի, ասել է թե՝ մեկ ծաղկով գարուն չի գա: Հայկական ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ, որն արդեն սովորական երևույթ է մեզ համար: Ավելին, խոշոր խայտառակություններից հետո ֆուտբոլի ֆեդերացիան բարձրացնում է ձախողման գլխավոր հեղինակների պաշտոնը: Օրինակը Օսեյանին 19 տարեկանների մարզիչ նշանակելն էր Անթալիայում տեղի ունեցած նվաստացնող պարտություններից հետո: Հայաստանը 2 միավորով ենթախմբում զբաղեցրեց նախավերջին՝ 3-րդ հորիզոնականը: Շոտլանդիան և Չեխիան պայքարը կշարունակեն Էլիտ ռաունդում:

1in.am
15-11-2017 13:30